Դպրոցները սպասում են նախարարի հրամանին եւ պարետի որոշմանը 

Դպրոցները սպասում են նախարարի հրամանին եւ պարետի որոշմանը 

Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, Պարետատունը` օգոստոսի 5-ին անցկացված նիստում, անդրադարձել է նաեւ հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներին: «Համաճարակային իրավիճակից կախված՝ արդեն իսկ ունենք հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ»,- ասել է փոխվարչապետ Տ. Ավինյանը՝ հավելելով, որ վերջնական ծրագիրը հանրությանը կներկայացվի օգոստոսի 10-ից հետո:

Տեղեկացնենք նաև, որ Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար.

-ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,
-խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,
-տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։

Մուշեղ Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոցի տնօրեն Էլլադա Հովհաննիսյանն ասում է, որ իրենց դպրոցը 208 աշակերտ ունի. «Քանի որ այդ կարգի մեջ գրված է, որ դասարանները պետք է կիսվեն, այսինքն լինի 2 հերթով, դրա հանարավորությունը մեր դպրոցն ունի, ինչպես որ ունենք դասասենյակների անհրաժեշտ քանակ, որտեղ ոչ թե 2, այլ 3 խմբով կարող ենք դասարանները կիսել: Բայց եթե գլոբալ վերցնենք, ապա շատ դպրոցներ չեն կարողանա այդպես անել, իսկ 1-2 դպրոցով ոչինչ չի լինի, որովհետեւ դպրոցներ կան մեծ քանակով աշակերտներ ունեն` հատկապես ծայրամասային դպրոցները: Դրանից բացի խնդիր է նաեւ այն, որ ունենք 2-րդ հերթ, արդյունքում, փաստացի դուրս է գալիս մեծ քանակ եւ 2-րդ հերթ, այս տարբերակով բնականաբար դպրոցները խնդրի առաջ կկանգնեն»,-ասում է նա ու նշում, որ իրենց մոտ էլ հիմա անորոշ եւ սպասողական վիճակ է: Սպասում են, թե ամսի 10-ին նախարարը ինչ հրաման կտա, իսկ պարետը ինչ որոշում կկայացնի: 

Տնօրենն ընդգծում է` ծնողները միանաշանակ կողմ են, որ ուսումնական պրոցեսը հեռավար չլինի: Ինչ վերաբերում է հեռավար ուսուցմանը, ապա Է. Հովհաննիսյանն ընդգծում է, որ խնդիր չեն ունեցել. «Մեր ուսուցիչները, ըստ իրենց առարկայական թեմատիկ պլանավորման գնացել են առաջ, հետ չեն մնացել, ուղղակի ունեցել ենք աշակերտներ, որոնք սոցիալապես անապահով են եղել, թեպետ դպրոցի համակարգիչներով մենք իրենց ապահովել ենք, բայց աշակերտը խնդիր է ունեցել ինտերնետի գումարի վճարման հետ կապված, այդպիսի աշակերտները դպրոցում եղել են 6-ը, որոնց հետ այս ամառային դպրոցի ընթացքում ուսուցիչները աշխատում են անհատական, կանչում են դպրոց եւ հետ մնացածը լրացնում են այս ընթացքում»:

Թե ինչքանով հնարավոր կլինի դասերը վերսկվելու ընթացքում պահպանել հակահամաճարակային կանոնները, դպրոցի տնօրենը նկատում է. «Այստեղ նաեւ ֆինանսի հարց կա եւ փոքր դպրոցները ֆինանսի հետ կապված խնդիրներ ունեն: Մեզ եկած գրության մեջ գրված է, որ այդ բոլոր ծախսերը նախարարությունը պետք է հոգա, եթե հոգա այդ ախտահանիչ նյութերի, դիմակների եւ մնացած պարագաների հարցը, ապա կարծում եմ որեւէ խնդիր չի լինի, քանի որ այս ամիսների ընթացքում թե երեխանները, թե ծնողները այս վիճակին սովորեցին եւ պատշաճ ձեւով օգտագործեցին ամեն ինչ»:         

Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոցի տնօրեն Մելսիդա Ռուբենյանը ներկայացված սցենարներից ամենանախընտրելին համարում է առկա ուսուցումը. «Դպրոցի, աշակերտի, ուսուցչի տեսնակյուննից եւ նրանց շահերից ելնելով ավելի հարմար կլիներ, որ վերաբացվեին դպրոցները սեպտեմբերի 1-ից, բայց 3-րդ տարբերակին ավելի եմ հարում, ճիշտ կլինի սպասել եւ տեսնել ինչպիսի արդյունքներ կլինեն մինչեւ այդ եւ ըստ այդմ դպրոցների վերաբացումն անել: Ես շատ կուզեի, որ նահանջեր այս հիվանդությունը եւ առկա դասընթացներ լինեին, որովհետեւ երեխան դպրոցում լրիվ ուրիշ է, հեռավար ուսուցման ժամանակ ամեն ինչը փոխվում է: Կոնկրետ մեր դպրոցի ուսուցիչները ջանք չխնայեցին եւ ամեն ինչ արեցին, որպեսզի բոլոր ծրագրերն օնլայն կատարվեն, բայց ես համարում եմ, որ առկա մարդկային շփումը եւ ուսուցումը ավելի ճիշտ է: Իհարկե վերջին խոսքը մնում է պարետատանը եւ ինչպես կորոշեն` այնպես կանենք»:

Մ. Ռուբենյանն ասում է` իրենց դպրոցի հնարավորությունները ներում են, որպեսզի ուսուցումը կազմակերպեն 2 հերթափոխով, բայց` առկա. «Ճիշտ է, այդպես ուսուցիչը ավելի շատ կչարչարվի, երկհերթ կաշխատի, բայց գոնե արդյունքը լավ կլինի, իսկ մեր հնարավորություններն իրոք բավարարում են, որ մենք կարողանանք երկհերթ աշխատել»:

Հակահամաճարակային կանոնների պահպանումը, ըստ նրա, ֆինանսական բավականին մեծ գերբեռնվածություն կստեղծի դպրոցների համար. «բայց, եթե խոսքը վերաբերում է երեխայի, ուսուցչի, ազգի առողջությաննը, երեւի պետք է մի բանից խնայել եւ ավելի կարեւորի վրա ծախսել, գուցե նաեւ պետությունը օգնի, ես չգիտեմ ինչպես կորոշվի, բայց կարելի է նման իրավիճակներից միահամուռ դուրս գալ»:

Տնօրենն ասում է, որ ազնիվ չի լինի, եթե ասի, որ այս իրավիճակում եւ հեռավար ուսուցման պայմաններում կրթության որակը չի տուժել. «Այն ուսուցումը որ լինում է առկա ուսուցման ժամանակ, բնականաբար հեռավարի ժամանակ ապահովել հնարավոր չէ, որովհետեւ այն հարցադրումներն ու պատասխանները, որ լինում են դասապրոցեսի ժամանակ` դասարանում, նույն հնարավորությունները մեզ չի տալիս հեռավար ուսուցումը: Դրա համար լավ կլինի, որ առկա դասընթաց լինի, եթե իհարկե այն չի վտանգում մեր երեխաների առողջությունը»: