«Հրապարակ». ԱՆԻՖ-ի եւ նրա «հայրենանվեր» ներդրումների շուրջ վաղուց պետք է քրեական վարույթ սկսեին

«Հրապարակ». ԱՆԻՖ-ի եւ նրա «հայրենանվեր» ներդրումների շուրջ վաղուց պետք է քրեական վարույթ սկսեին

Լուրերն այն մասին, որ Fly Arna ընկերությունը, որը ՀՀ ազգային ավիափոխադրող է ճանաչվել 2021-ին, պատրաստվում է կասեցնել թռիչքները, մամուլում տարածվում էին դեռ երկու ամիս առաջ։ Բայց ընկերությունից հերքում էին դրանք եւ վստահեցնում, որ «ավիաընկերությունը շարունակում է բնականոն թռիչքների իրականացումը՝ հավատարիմ մնալով իր ուղեւորներին հարմարավետ եւ վստահելի թռիչքային փորձառությամբ ապահովելու իր խոստմանը»։

Հերքումը հրապարակվեց դեկտեմբերի 24-ին, եւ ընդամենը 5 օր չանցած, նոր հայտարարություն եղավ՝ ավիաընկերության թռիչքները դադարեցված են` «իրականացվող օպերացիոն փոփոխություններով պայմանավորված»։ Իսկ օրերս հայտնի դարձավ, որ ազգային ավիափոխադրողը սնանկ է ճանաչվել:

Հիշեցնենք, որ 2021թ․ հոկտեմբերի 14-ի նիստում ՀՀ կառավարության որոշմամբ ԱՆԻՖ-ին տրամադրվեց 4 մլրդ 733 մլն դրամ` ազգային ավիափոխադրողի ծրագիրն իրականացնելու համար։ Օրեր անց հայկական ազգային ավիաընկերություն ստեղծվեց ԱՆԻՖ-ի եւ Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ավիափոխադրող «Էյր Արաբիայի» միջեւ կնքված համաձայնագրով, որը սկսեց թռիչքներ իրականացնել 2022-ի վերջից։ 2022-ի հունիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա գտնվեց Fly Arna ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը, որտեղ ելույթ ունեցավ. «Մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ մեր իշխանության տարիներին ավիացիայի ոլորտում պիտի տեղի ունենան էական փոփոխություններ, պետք է ավելի ու ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն մեր պետական դրոշի երանգները: Ուրախ եմ, որ այսօր ունենք այս առիթը, շնորհավորում եմ բոլորիս, որովհետեւ, ահա՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի եւ Արաբական Միացյալ Էմիրություններից «Էյր Արաբիա»-ի մեր գործընկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի ավիաընկերություն... մեր երկիրը նաեւ այս իմաստով կդառնա մի խաչմերուկ, որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության եւ որտեղ վերադառնում են... »: Ապա կառավարության ղեկավարն «Էյր Արաբիայի» գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի ուղեկցությամբ շրջել էր Fly Arna-ի առաջին օդանավով՝ ծանոթացել ուղեւորների համար ստեղծված պայմաններին: 

Իսկ 2023-ի հուլիսի 18-ին ԱՆԻՖ-ի տխրահռչակ տնօրեն Դավիթ Փափազյանը` ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանի որդին, ասել էր. «Մինչեւ օրս եւ հատկապես անցած տարվա ընթացում Fly Arna-ի արդյունքները ֆինանսական տեսանկյունից գերազանցել են բոլոր սպասելիքները»: 

Այժմ վերադառնանք մեր օրերը. դեկտեմբերին տարածված լուրերից հետո իշխանության ներկայացուցիչները ստիպված էին կամաց բացել փակագծերը: Նախ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ Fly Arna-ի համահիմնադիր ԱՆԻՖ ընկերությունը պետությունից ստացած փողերը, որոնք 2019-2023 թվականներին կազմել են ոչ ավել, ոչ պակաս՝ 5 միլիարդ դրամ, արդյունավետ չի ծախսել։ Ըստ Ռոմանոս Պետրոսյանի, ԱՆԻՖ-ում անցյալ տարի 2-2,5 մլն դոլարի աշխատավարձ են բաժանել։ Մի այդքան էլ նախատեսված է բաժանել 2024 թվականին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ, մեր տեղեկություններով, Պետական հետաքրքրությունների ֆոնդն ընդամենը 15-20 աշխատող ունի։

Ի դեպ, ԱՆԻՖ-ը 3 դատական հայց է ներկայացրել «Հրապարակի» դեմ, մեկը` բարձր աշխատավարձերի հետ կապված մեր հրապարակման առնչությամբ, իբրեւ թե մենք զրպարտել ենք իրենց եւ սխալ տեղեկություններ հրապարակել, իսկ իրենք շատ համեստ աշխատավարձեր են ստանում: ՊՎԾ պետը մեր հրապարակումից մեկ տարի անց հայտարարեց. «Տնտեսական էֆեկտն այնքան չէր, որքանով որ կարելի կլիներ նման բարձր աշխատավարձեր, պարգեւավճարներ տրամադրել, մասնավորապես՝ ղեկավար կազմին»։
Այն, ինչի մասին «Հրապարակը» գրել ու զգուշացրել էր դեռ 2021 թվականի հուլիսին: Մենք գրել էինք նաեւ, որ պետության փողերով ձեւավորված այս հիմնադրամը վատնում է պետական միջոցները` առանց բավարար արդյունք տալու. 2019 թվականից գոյություն ունեցող ֆոնդն ընդամենը երկու ծրագիր է իրականացրել, այն էլ՝ անավարտ, իսկ «Էյր Արաբիա» ընկերությունն առանց մրցույթի ազգային ավիափոխադրողի կարգավիճակ է ստացել, ինչը կոռուպցիոն ռիսկ է պարունակում։  

Ռոմանոս Պետրոսյանը նաեւ մանրամասնել է, որ անարդյունավետ ծախսերը վերաբերել են «ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, այդ թվում՝ նաեւ ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգեւավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը, ինչպես նաեւ այդ գործընթացների փաստաթղթավորմանը» եւ այլն։  

ՊՎԾ հաշվետվությունը չի հրապարակվել, հավանաբար, այն դեռ ներքին օգտագործման է, եւ, հավանաբար, դեռ չեն որոշել՝ քրեական ընթացք տա՞լ գործին, թե՞ կոծկել, որ խայտառակությունից խուսափեն։ Տեղեկությունը, որ ԱՆԻՖ-ում մութ գործարքներ ու վատնումներ են եղել, մարմիններն ունեցել են դեռ մեկ ամիս առաջ, երբ հանկարծ որոշվեց ամբողջությամբ փոխել այդ հիմնադրամի ողջ ղեկավար կազմը։ Իհարկե, հանրությանը ոչ մի բացատրություն չտվեցին։ 
Չնայած, եթե ճիշտ է այն, ինչ բացահայտել է ՊՎԾ-ն, դատախազությունն արդեն պետք է վարույթ հարուցեր եւ մեղադրանք առաջադրեր ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանին։ Նա, մեզ հասած տվյալներով, ներկայում Մեծ Բրիտանիայում է, հանգիստ ապրում եւ նույնիսկ սովորում է ինչ-որ անգլիական բուհում։ Իսկ դա նշանակում է, որ նման վարույթ չկա, իսկ ԱՆԻՖ-ն այս տարի եւս պետությունից ահռելի՝ մոտ 4,5 մլն դոլար է ստանալու։ 

Որքանո՞վ է ԱՆԻՖ-ի մասին ՊՎԾ հետազոտությունը կապված «Ֆլայ առնայի» ողբալի վիճակի հետ։ ԱՆԻՖ ընկերության նոր տնօրեն Տիգրան Ղազարյանը, ով ընդամենը մեկ ամիս է, ինչ փոխարինել է Դավիթ Փափազյանին, ասաց, որ չի կարող պատասխանել, որ հարցն ուղղենք ՊՎԾ-ին։ Նա չգիտեր նաեւ, թե ինչ է լինելու ԱՆԻՖ-ի մյուս գործընկերների հետ, որտեղ ֆոնդը, ինչպեսեւ «Ֆլայ Առնայում», «հայրերանվեր» ներդրումներ է կատարել։ Օրինակ, «Գլոբալ Քոննեքթ» բեռնափոխադրող ընկերության հետ։ Տիգրան Ղազարյանն ընդամենը հայտնեց, որ՝ այո, ԱՆԻՖ-ի գործընկերների մեջ նման ընկերություն կա, եւ այդ ընկերությունում ԱՆԻՖ-ը ներդրում կատարել է։ Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։ 

Մեր հետաքրքրությունը պատահական չէր։ Բանն այն է, որ ԱՆԻՖ-ի նախկին աշխատակիցներից ունենք տեղեկություն, որ «Գլոբալ Քոննեքթ» բեռնափոխադրող ընկերությունը նույնպես ընտրվել է առանց մրցույթի, որպես ԱՆԻՖ-ի գործընկեր, եւ այս ընկերության ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի մտերիմ ընկերն է։ Այստեղ անձնական շահ կասկածելը միանգամայն օրինաչափ է։ Մենք կապվեցինք «Գլոբալ Քոննեքթ»-ի հետ, որտեղից խոստացան մեզ՝ կապ ապահովել տնօրեն Սերգեյ Գրիգորյանի հետ, սակայն դեռ չեն պատասխանել։ 
ՀԳ․ ԱՆԻՖ-ի աշխատակիցների շրջանում եղել են այնպիսիք, ովքեր չեն ընդունել այս հիմնադրամի գործելաոճը, փորձել են ընդդիմանալ ղեկավար կազմի որոշումներին։ Նրանց կա՛մ հեռացրել են աշխատանքից, ինչպես ժամանակին ներկայիս տնօրեն Տիգրան Ղազարյանին, կա՛մ բացի գործից ազատելը նաեւ քրեական վարույթներ են հարուցել, ուղղորդելով մյուս աշխատակիցներին՝ ցուցմունքներ տալ ազատվածի դեմ։