Էրդողանը կզրուցի 45 երկրի առաջնորդի հետ․ ո՞րն է պատճառը

Էրդողանը կզրուցի 45 երկրի առաջնորդի հետ․ ո՞րն է պատճառը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով հեռախոսազրույց կունենա 45 երկրների ղեկավարների հետ, որոնք ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մերձավոր Արևելքում հրադադարի մասին բանաձևի քվեարկությունում։

Նա նաև մտադիր է զրուցել այն երկրների գործընկերների հետ, որոնք ժամանակին Ռուսաստանի հետ հակամարտությունում բռնել են Ուկրաինայի կողմը, սակայն հավատարիմ են չեզոքությանը Գազայի ճգնաժամի կարգավորման հարցում, գրում է թուրքական Yeni Safak թերթը:

Նոյեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովից վերադառնալով՝ Էրդողանն լրագրողներին ասաց, որ մտադիր է ակտիվացնել հեռախոսային բանակցությունները օտարերկրյա գործընկերների հետ՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը լուծելու համար։ 

Թուրք առաջնորդը նշել է, որ ՄԱԿ-ում Գազայի մասին բանաձեւին աջակցել են 121 երկրների ներկայացուցիչներ, ինչը ցույց է տվել, որ Իսրայելն ու նրան աջակցող երկրները մնացել են փոքրամասնության մեջ։ Հիշեցնենք, որ Հայաստանը ևս կողմ է քվեարկել Հորդանանի առաջարկած բանաձևին։

Գալիք հեռախոսային դիվանագիտության շրջանակներում Էրդողանը մտադիր է կենտրոնանալ աֆրիկյան երկրների վրա, գրում է թերթը։ Բացի այդ, նա նախատեսում է զրուցել Ալբանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ։