Կիևի մարզն այսօր հայտարարված է ազատագրված․ Դավիթ Մկրտչյան 

Կիևի մարզն այսօր հայտարարված է ազատագրված․ Դավիթ Մկրտչյան 

«Իրավիճակն այսօր ուրախացնում է այն փաստով, որ Կիևի մարզն արդեն հայտարարված է ազատագրված։ Ինչպես գիտեք, հյուսիս-արևմուտք, հյուսիս-արևելք հատվածը գտնվում էր ռուսական զինվորական ուժերի վերահսկողութան տակ։ Այս պահին ազատագրվում են Չեռնիգովի և Սումիի մարզերը։ Դա փաստ է, և շատ է մեզ ուրախացնում։ Սակայն իշխանությունները հայտարարել են Կիևի և Չեռնիգովի բնակիչներին, որ մոտակա 10 օրերին դեռ չվերադառնան իրենց քաղաքները, քանի որ դեռ վտանգ կա խաղաղ բնակչության համար»,- մեզ հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։

Դավիթ Մկրտչյանի խոսքով, հայերը շարունակում են դուրս գալ Մարիուպոլից, սակայն այն հոսքը, որն ակնկալվում էր, դեռ չկա։ 

«Շաբաթ օրը՝ պետության կողմից հայտարարված կանաչ միջանցքով Մարիուպոից 45 ավտոբուս՝ մոտավորապես 2000 խաղաղ բնակիչ է դուրս եկել դեպի  Զապորոժիե։ Այս պահին մեր տղաները աշխատում են հասկանալ՝ այդ ցուցակներում կա՞ն արդյոք հայեր և որտեղ են հասել նրանք։ Ուկրաինայի հայերի միությունը տարբեր մարզերում աշխատում է իր ամենօրյա ծրագրով։ Մեր այսօրվա աշխատանքներն ուղղված են Ուկրաինայի խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելուն։ Օգնում ենք այն մարդկանց, ովքեր դուրս են գալիս վտանգավոր գոտիներից ավելի անվտանգ վայրեր։ Շարունակում ենք օկուպացված  քաղաքներին հասցնել հումանիտար օգնություն։ Հումանիտար օգնություն ենք ուղարկում  նաև Զապորոժիե և Կրոպեվնիցկի քաղաքներ, որտեղ առաջին օգնություն են ստանում փախստականները։