Պատգամավորները միաձայն քվեարկությամբ զրկել են անձեռնմխելիությունից 

Պատգամավորները միաձայն քվեարկությամբ զրկել են անձեռնմխելիությունից 

Ավստրիայի պառլամենտի ստորին պալատը՝ Ազգային խորհուրդը, միաձայն քվեարկությամբ նախկին կանցլեր Սեբաստյան Կուրցին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ավստրիայի կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դատախազությունը, հիշեցնենք, որ Կուրցի դեմ հակակոռուպցիոն հետաքննություն է սկսել։ Նրան կասկածում են այն բանում, որ հարկատուների գումարներով սոցհարցումներ է անցկացնել տվել, որոնց արդյունքներն արհեստականորեն սրբագրվել են իր օգտին, ինչը նրան թույլ է տվել դառնալ Ավստրիայի Ժողովրդական կուսակցության նախագահ եւ Ավստրիայի կանցլեր։ Կուրցը հերքում է մեղադրանքը, եւ հայտարարում, որ ինքն էլ է հետաքրքրված, որ իրավիճակը հնարավորինս շուտ պարզվի։

Հոկտեմբերի վեցին դաշնային կանցլերի գրասենյակում եւ Կուրցի կուսակցության կենտրոնակայանում, ինչպես նաեւ Ավստրիայի Ֆիննախարարությունում խուզարկություններ են անցկացվել։ Անվստահություն հայտնելու վտանգից ելնելով, Կուրցը նոյեմբերի իննին հրաժարականի դիմում էր ներկայացրել, սակայն շարունակում էր մնալ կուսակցության ղեկավար եւ իշխող կուսակցության պառլամենտական ֆրակցիայի ղեկավար։ Մինչեւ նոյեմբերի տասնութը նա պաշտպանված էր պատգամավորական անձեռնմխելիությամբ։