Տարրական ճշմարտություն

Տարրական ճշմարտություն

Մենք՝ բոլորս, կարող ենք մի օր անտրամադիր լինել ու նյարդային, մի օր ադեկվատ վերաբերմունք ունենալ աշխարհի նկատմամբ, մյուս օրը` գարշել այդ աշխարհից: Մի օր գլոբալիստ լինել, մյուս օրը` ազգայնական, մի օր` հումանիստ լինել, մյուս օրը` մարդատյաց: Վերջապես, կարող ենք հիմար-հիմար խոսել, սխալ վերլուծություններ անել, ընկնել ինչ-որ մարդկանց կամ երեւույթների ազդեցության տակ, փոխել մեր տեսակետը, տարվել տարբեր գաղափարներով ու հարել ինչ-որ հոսանքների, շեղվել ուղիղ ճանապարհից, հետո` դարձի գալ: Բայց մեր այս բոլոր տարուբերումներից դժվար թե մեր պետությունը եւ հասարակությունը տուժեն: Կարող են, իհարկե, մեզ մտերիմ մարդիկ տուժել, մեզնից հեռանալ ու նեղանալ, կարող ենք ինքներս կորուստներ ունենալ, բայց աշխարհը դրանից չի շրջվի:

Իսկ երբ պետության առաջին դեմքն է տարուբերվում, մե՛կ սրան հարում, մե՛կ` նրան, մե՛կ` հումանիստ, մե՛կ` մարդատյաց, մե՛կ` գլոբալիստ, մե՛կ` ազգայնական, մե՛կ` ճշմարտախոս, մե՛կ` ստախոս, մե՛կ` ժողովրդավար, մե՛կ` բռնակալ, մե՛կ` սորոսական, մե՛կ` ռուսամետ... մի ամբողջ երկիր ընկնում է ցնցումների մեջ: Մենք՝ բոլորս, կարող ենք ընկերական նեղ շրջապատում բողոքել Ռուսաստանից ու Պուտինից, կարող ենք հայհոյել սորոսականներին ու Բայդենին, կարող ենք կասկածել, որ գերիներից ոմանք հանձնվել են, եւ նրանց հերոսացնել չի կարելի: Կարող ենք մտածել, որ մեզ դավաճանել են եւ մեր խոհանոցներում բամբասանքներ փոխանակել, թե «ռազմի դաշտում որոշ զինվորականներ համոզել են զինվորներին, որ չկռվեն»:

Բայց պետության առաջին դեմքը նման իրավունք չունի: Նա պետք է գիտակցի իր պատասխանատվությունն ու խոսքի արժեքը: Պետք է հասկանա, որ անգամ հանրային դեմք հանդիսացող ցանկացած մեկի սխալն այդքան աղետ չի կարող առաջացնել, որքան պետության ղեկավարինը: