Քննարկել ենք բոլոր հնարավոր և անհնարին տարբերակները․ Զարեհ Սինանյան

Քննարկել ենք բոլոր հնարավոր և անհնարին տարբերակները․ Զարեհ Սինանյան

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող և «Խաղաղության աղբյուր» անունն ունեցող ռազմական ներխուժումը ոչ միայն նոր թափ է հաղորդում սիրիական ճգնաժամին, այլև լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային և գլոբալ  հիմնական ֆիգուրանտների համար՝ Թուրքիա, Իրան, Իսրայել, ի վերջո, նաև ՌԴ ու ԱՄՆ։

Սիրիական նոր ճգնաժամին կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով  միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։ Նշենք, որ Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր՝ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել:

Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա: Սփյուռքի նախկին նախարարը հավելել էր, որ ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ։

Կառավարությունը պատրաստվում էր  կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո դռնփակ ռեժիմում քննարկում կազմակերպել և մտքեր փոխանակել Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ։

«Հրապարակ»-ը սիրիական նոր հարցով զրույց ունեցավ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, ով ասաց, որ Սիրիայի հարցով կառավարությունից լիազորված չէ տեղեկություններ հայտնել, բայց մեկ-երկու հարցի պատասխանեց։

-Պարոն Սինանյան, գոնե կասե՞ք, հնարավոր է, որ Հայաստանն ընդունի փախստականներ այդ շրջաններից։

-Այսպես ասեմ՝ կառավարությունը բոլոր մեր հնարավոր ու անհնարին տարբերակները քննարկել է։ 

-Իսկ միանշանա՞կ էր հումանիտար առաքելությունը հետ չկանչելու մեր դիրքորոշումը։

-Չեմ կարող մեկնաբանել։

-Որոշումները այդ հարցով ի՞նչ  ժամանակահատվածում պետք է կայացվեն։
 

-Չեմ կարող մեկնաբանել։