Գյուղը լքե՞նք, ո՞ւր գնանք․ ի՞նչ է կատարվում Զարիշատում

Գյուղը լքե՞նք, ո՞ւր գնանք․  ի՞նչ է կատարվում Զարիշատում

Մոտ տաս օր է, ինչ Շիրակի մարզի Զարիշատ համայնքում բնակիչների անդորրը խաթարված է ։ Համայնքի անասունները ամենօրյա ռեժիմով գայլերի զոհ են դառնում։ Անասնապահները հանկարծ հայտնաբերում են ոչխարներն ու կովերը՝ հոշոտված կամ վիրավոր վիճակում։ Պատմում են, որ իրենք են շատ անգամ փորձել փրկել կենդանիներին, բայց միշտ չէ, որ հաջողվում է բազմաքանակ հոտը վերահսկել։

«Դուք պատկերացնում եք՝ մենակ կենդանիները չեն, որ վտանգի տակ են, բա մեր երեխե՞քը, մե՞նք, ոհմակով լցվել են գյուղ, դեմերն առնել չի լինում։ Կրակելն արգելված է, գայլ որսալու իրավունք մենակ որսորդներն ունեն, էն էլ գրանցված որսորդական հրացանով , թուղթ ու թամասով, իրենց դիմեցինք, ասում են՝ էս սեզոնին գայլ որսալ չի կարելի, չի թույլատրվում, հիմա մենք ի՞նչ պիտի անենք, գյուղը լքե՞նք, թշնամու դարդից լքենք, գելի դարդից լքենք, ո՞ւր գնանք»,- սրտնեղած ասացին hraparak.am-ին ահազանգած գյուղի բնակիչները՝ ավելացնելով , որ անգամ 911 են զանգահարել, խնդրել մի բան անել, բայց փրկարար ծառայությունից պատասխանել են, որ դա դուրս է իրենց գործառույթից, ավելին՝ կառավարությունը լրացուցիչ ծախսեր չի հատկացնում գայլերի հարցով զբաղվելու համար։

Նշենք, որ Զարիշատը սահմանամերձ համայնք է, գյուղի բնակիչների  հիմնական եկամտի աղբյուրը անասնապահությունն է։