Փրկե՛ք ԼՂ հայերին նոր ցեղասպանությունից․ Մասաչուսեթսի նահանգապետը՝ Բայդենին

Փրկե՛ք ԼՂ հայերին նոր ցեղասպանությունից․ Մասաչուսեթսի նահանգապետը՝ Բայդենին

Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կապված Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի հետ։

Նամակում նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ապրող 120.000 հայերի ծանր վիճակը՝ հիշեցնելով ցեղասպանության նոր ազդակները վստահելի լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների կողմից։
Հիլին կոչ է արել գտնել Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու բոլոր հնարավոր ուղիները և շարունակել խթանել դիվանագիտական ​​ջանքերը շրջափակումը վերացնելու համար:

Նա ընդգծել է, որ Մասաչուսեթսի համայնքը վաղուց է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
«Մասաչուսեթսում բնակվող ամերիկահայ համայնքի և նահանգի բոլոր քաղաքացիների անունից խնդրում եմ վարչակազմին օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Արցախի անվտանգությունն այժմ և ապագայում ապահովելու և Հայաստանում խաղաղությունը խթանելու համար»,- ասված է նամակում։