Չաղ Ռուստամը ձերբակալվել է

Չաղ Ռուստամը ձերբակալվել է

Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ծեծկռտուք էր տեղի ունեցել քրեական աշխարհում հայտնի Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի, և ոմն Արթուրի միջև, ով առավել հայտնի է Ֆազ մականունով։ Ծեծկռտուքին միջամտել էին ոստիկանության աշխատակիցները, որից հետո Ֆազը դիմել էր փախուստի, իսկ Չաղ Ռուստամն ավելի ուշ ներկայացել էր ոստիկանություն։

Քիչ առաջ Քննչական կոմիտեյի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը «Հրապարակին» հայտնեց, որ դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել եւ երկու անձ ձերբակալվել է, քրեական գործը հարուցվել է 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ( մի խումբ անձանց կողմից խուլիգանություն), 452-րդ հոդվածի 3-րդ մաս (ավազակություն)։ Մեր տեղեկություններով ձերբակալվել են Ռուստամ Ստեփանյանը և Զորիկ Վարդանյանը։

Մեզ ասացին, որ սա 2021 թ. հունվարի 13-ին Թոխմախի գերեզմանոցում սկսված եւ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի ավտոկայանատեղիում շարունակված ընդհարման շարունակությունն է: Այն ժամանակ, հիշեցնենք, հյուրանոցի մուտքի մոտ հայտնաբերվել էին կրակոցի հետքեր ունեցող «Յաշիկ» և Mercedes AMG GL42 մակնիշի ավտոմեքենաներ՝ ռուսական պետհամարանիշներով, որոնք պատկանում էին Ռուստամ Ստեփանյանին։