Հայելային առաջարկով հայկական 5 դիրք դուրս է բերվել Փառուխից, ադրբեջանցիները եկել-ամրացել են

Հայելային առաջարկով հայկական 5 դիրք դուրս է բերվել Փառուխից, ադրբեջանցիները եկել-ամրացել են

Ի՞նչ է կատարվում Արցախում, հատկապես` Քարագլխի հատվածում։ Մենք զրուցել ենք «Արար» հիմնադրամի տնօրեն, սոցիոլոգ, անվտանգային փորձագետ Արմեն Խաչիկյանի հետ, ով մեկ շաբաթ Արցախում էր։

- Խնդրում եմ ներկայացնել իրավիճակն Արցախում` ի՞նչ է կատարվում Քարագլխում։

- Տեղի է ունենում հետեւյալը․ հայելային դուրս գալու պայմանավորվածությամբ՝ հայկական հինգ դիրքերը դուրս են բերվել, մինչդեռ Ադրբեջանի հինգ դիրքերը դուրս չեն բերվել, որին հաջորդել է ռուսական խաղաղապահ ստորաբաժանումների տեղաբաշխումը Փառուխում: Մինչդեռ այդ դիրքերում էլ ռուսական ստորաբաժանումները չեն տեղաբաշխվել, որովհետեւ առհասարակ ռուսական խաղաղապահների առաքելությունը չէ դիրք զբաղեցնելը եւ դիրք պահելը։ Նրանց առաքելությունն է՝ բնակիչների եւ ընդհանուր միջավայրի անվտանգությունն ապահովելը։ Դրան ի պատասխան, երբ որ մենք հայելային դիրքերը դուրս ենք բերել  եւ նույնիսկ դուրս ենք բերել նաեւ այդ դիրքերին աջակցող ստորաբաժանումները, դրան ի պատասխան՝ ադրբեջանցիները Փառուխի կողքով կամ որոշ դեպքերում` միջով, կածաններով բարձրացել են սարը եւ վերցրել Քարագլուխ բարձունքի Փառուխի հատվածը ու այնտեղ սկսել են ամրանալ։ Դրան ի պատասխան՝ արդեն հայկական ստորաբաժանումները Խնապատի եւ Խրամորթի ուղղությամբ առաջ են շարժվել, հանդիպել են հակազդեցության ադրբեջանական կողմից, եւ այստեղ ունեցել ենք մեքենաների խոցում եւ զոհեր։ Ի վերջո, մենք լուրջ ռեսուրսներ ենք դրել հիմա, որպեսզի կանխենք նշածս Խրամորթ եւ Խնապատ ուղղություններով հակառակորդի հավելյալ առաջխաղացումը։ Այս պարագայում, իմ նշած փոքր ստորաբաժանումները կարելի էր պահել եւ աջակցող ստորաբաժանումները եւս հայելային դուրսբերման ժամանակ չհանել, եւ այս իրավիճակը չէինք ունենա։ Իսկ հիմա մենք տասնապատիկ ավելի մեծ ռեսուրս ենք դնում, որպեսզի կարողանանք ապահովենք հավելյալ առաջխաղացումը։ Հիմա՝ այս պահին հակառակորդը գտնվում է Քարագլուխ բարձունքի Փառուխ ուղղությամբ բավականին զգալի հատվածում` մոտ 1000 հա եւ ավելի, եւ այնտեղ օրեցօր  ամրանում է, իսկ մատակարարումը եւ տեղաշարժն  իրականացվում են Փառուխի կողքից` կածաններով։ Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն ապահովում է Փառուխ գյուղի անվտանգությունը, բայց ամբողջապես չի կարող ապահովել բոլոր կածանները եւ Քարագլխի հատվածն ամբողջությամբ։ Այս պարագայում արդեն ադրբեջանցիները շատ հանգիստ ձեւով տեղակայվել են, արդեն մեծաքանակ ստորաբաժանումներ ունեն, վրաններ են խփել, այլ անվտանգային միջոցառումներ են արել, որի արդյունքում շատ լավ ձեւով ամրացել են բարձունքում եւ վերահսկում են բարձունքի զգալի հատվածը։

- Ինչպե՞ս եք գնահատում Արցախի իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները։

- Շատ կարեւոր գործոն կա հաղորդակցային եւ հասարակայնության հետ կապերի մեջ՝ կոնկրետ բովանդակություն կիսելու հարցում, իրենք չեն հերքում ո՛չ ռազմավարական նշանակության հարցը, ո՛չ հերքում են, թե արդյոք շատ փո՞քր է մնացել, որպեսզի լիարժեք հասանելիություն ունենա նշված գյուղերին, թե՞ ոչ։ Ուղղակի չեն ասում, որ նման ռիսկ կա։ Ես ասում եմ, որ ռիսկ կա՝ ուղիղ խոցելիության  տակ է։ Շատ մոտեցել են Խրամորթ գյուղին ու նաեւ մեծ հնարավորություն ունեն տեսանելիություն ապահովելու նաեւ Խնապատ գյուղի ուղղությամբ, միեւնույն ժամանակ շատ ավելի մոտ է, եւ ռիսկ կա, որ Խաչենի կամրջին հասանելիություն ունենան եւ դրանով Արցախը կիսեն երկու մասի։ Այսինքն՝ ադրբեջանցիները կարող են այդ կամուրջը վերահսկել կամ խոցել պարբերաբար՝ դրանով վտանգ ստեղծելով, ու արդյունքում Մարտակերտ գնացող ճանապարհն ուղղակի կաթվածահար է լինելու։ Այս ռիսկերն են, որ այս պահին ակնհայտորեն, անզեն աչքով տեսանելի են, իսկ այն, ինչ որ կա եւ ներկայացվում է, ըստ էության, պաշտոնական հաղորդագրությունը չի հերքում, ուղղակի չի մանրամասնում։ Չպետք է հուսալքվել ստեղծված իրավիճակից, այլ, անկախ ամեն ինչից, Արցախը մերն է, բոլորինս է, մեր հայրենիքն է, պետք է լինենք յուրաքանչյուր արցախցու կողքին։ Չեք պատկերացնի, թե այդ մարդիկ ինչքան են ուրախանում, որ տեսնում են՝ Երեւանից ինչ-որ մեկը գնացել է Արցախ։

- Ստատուս եք գրել, որտեղ ԶԼՄ-ներին եւ որոշ գործիչների մեղադրել եք, որ տեղեկատվությունը ներկայացնում են մանիպուլյատիվ կոնտեքստում։

- Բնականաբար, բոլոր լրատվամիջոցները պարտավորություն չունեն լինելու տեղում եւ ամբողջական ինֆորմացիա տան, ուղղակի այստեղ մասնակի ճշմարտության գործոն կա, որն էականորեն մանիպուլյացիայի է ենթարկվում։ Այսինքն, օրինակ, երբ խոսք է գնում, որ Փառուխը ռուսական խաղաղապահ ուժերի  վերահսկողության տակ է գտնվում, այդ ժամանակ մարդիկ ասում են՝ վերջ, Փառուխը մեր ազդեցության տակ է, բայց չեն ասում, որ Քարագլուխը դեռեւս գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այսինքն, այստեղ հարցն այն է, որ հանրային ընկալման մեջ ոչ ոք չգիտի ո՛չ Փառուխի տեղը, ո՛չ էլ Քարագլխի, նույնիսկ Խրամորթի եւ Խնապատի։ Եվ այդ պայմաններում, երբ ոչ թե ամբողջական ինֆորմացիան է ներկայացվում՝ իր բոլոր շեշտադրումներով, այլ՝ մասնակի, այն ավելորդ հանգստություն է ձեւավորում։ Դրա համար եմ ասում, որ ինֆորմացիան ստուգելու եւ ինֆորմացիան ամբողջական ու ոչ մասնակի ներկայացնելու հարց է։ Ես ոչ թե մեղադրում եմ լրատվամիջոցներին, այլ ասում եմ, որ պետք է լրատվամիջոցն ամբողջական ինֆորմացիան ներկայացնի, մանիպուլյացիաներով չզբաղվի՝ հատկապես որ, օրինակ, Քարագլուխը՝ ինքը մի կետ չէ, այլ մի մեծ հատված է։ Քարագլխի՝ Փառուխի հատվածն ադրբեջանական վերահսկողության տակ է, Քարագլխի՝ զուտ Խրամորթի եւ Խնապատի հատվածը՝ հենց անմիջապես իրենց գլխին՝ հայկական ստորաբաժանումների վերահսկողության տակ։