Լեգիտիմությունը չի որոշվում 70-80 տոկոս վստահության քվեով, որոշվում է պետություն կառավարելու ունակությամբ․ Վարդան Այվազյան        

Լեգիտիմությունը չի որոշվում 70-80 տոկոս վստահության քվեով, որոշվում է պետություն կառավարելու ունակությամբ․ Վարդան Այվազյան        

Հայաստանում, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի հետ կապված Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 16-ին հանդես եկավ ուղերձով, որում նշել էր վարչապետի հրաժարականի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, երկրի կառավարումն ազգային համաձայնության կառավարությանը հանձնելու անհրաժեշտությունը։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» խոսել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ, իրավաբան Վարդան Այվազյանի հետ։   

-Պարո՛ն Այվազյան, նախագահը հանդես եկավ ուղերձով, խոսեց վարչապետի հրաժարականի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, երկրի կառավարումն ազգային համաձայնության կառավարությանը հանձնելու  անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս է սա հնարավոր, սահմանադրական ի՞նչ քայլերով։

-Երկրում ի՞նչն է սահմանադրական քայլերով, որ սահմանադրական քայլերն էլ լինեն։ Սահմանադրական քայլերը եթե լինեն, երկու տարբերակ կա՝ կա՛մ պետք է վարչապետը կամովին հրաժարական տա, կա՛մ էլ պետք է «Իմ քայլը» մեծամասնությամբ անվստահություն հայտնի։ Սահմանադրական եղանակը սա է։ Եթե սա չլինի, ուրեմն այդ պրոցեսը սահմանադրական ընթացակարգով չի կարող ընթանալ։

-Իսկ հնարավո՞ր է, որ նախագահը որպես Սահմանադրության երաշխավոր, կառավարություն ձևավորի, նույնիսկ եթե վարչապետը հրաժարական չտա։ Իսկ կառավարությունն էլ արդեն ընկալվի որպես լեգիտիմ։ Այլ ի՞նչ քայլեր են հնարավոր։

-Սահմանադրությունն այնպես խութերով է գրված, որ, ըստ էության, նման լիազորություն չունի նախագահը։ Ուղղակի ինքը պետք է կարողանա քաղաքական ուժերին կոնսոլիդացնել, երևի թե, միանա նրանց, որպեսզի կարողանան էլ ավելի համատեղ ուժերով հասնեն վարչապետի հրաժարականին։ Այսինքն՝ ինքը պետք է նրանց հետ կոնսոլիդացված գործի, ոչ թե միայն իր անունից։ Այդպես որ մնա, իրեն ավելի շուտ պաշտոնանկ կանեն, քան ինքը փորձի ինչ-որ քայլեր ձեռնարկել։  

-Ենթադրենք, Ազգային ժողովի երկու խմբակցությունները մանդատները վայր դնեն և իրենց փոխարեն իրենց քաղաքական դաշինքներից ոչ ոք չգա, այս իրավիճակում ի՞նչ կլինի Ազգային ժողովի հետ։

-Դրա մասին շատ է խոսվել։ Խորհրդարանական ճգնաժամ կլինի, բայց դա խորհրդարանի ազատ արձակման համար հիմք չի լինի։ Խմբակցությունների կողմից մանդատներից հրաժարվելը սահմանադրորեն որևէ խնդիր չի լուծում։ Խնդրի լուծման համար, երևի թե, գործողությունները պետք է դուրս գան սահմանադրական կարգավորումներից, որովհետև ասեցիք «լեգիտիմ իշխանություն»։ Այս իշխանությունը երբեք լեգիտիմ չի եղել։ Լեգիտիմությունը չի որոշվում 70-80 տոկոս վստահության քվեով, լեգիտիմությունը որոշվում է պետականության հասկացության հստակ գիտակցմամբ և պետություն ղեկավարելու, կառավարելու փաստացի ունակությամբ, որն այն գլխից չի եղել։ Նաև իրենց իշխանության գալը լեգիտիմ չի եղել․ Ռադիոտունը ջարդելով, փողոցները փակելով և այլն, դա լրիվ հակասահմանադրական է եղել։ Եվ բնականաբար եթե իրենք կարողացել են հակասահմանադրական ճանապարհով գալ և լրիվ իրենց սրտով տեղավորվել գործող Սահմանադրության մեջ, անխափան գործել, հիմա, մանավանդ մեր լինել-չլինելու օրվա հրամայականից ելնելով՝ կարծում եմ՝ իշխանություններին պետք է հեռացնել նույնիսկ հակասահմանադրական ճանապարհով, այն ճանապարհով, որ նրանք եկել են։ Որովհետև, ըստ էության, իրենց  2․5 տարվա գործունեությունը ցույց տվեց, որ իրենք կոպտորեն «բռնաբարել են» Սահմանադրությունը, Սահմանադրության դրույթները խախտել են և բնականաբար իրենց հանդեպ սահմանադրականություն ցուցաբերելն էլ կլինի միամտություն։   

-Ենթադրենք, նախագահը հրամագիր է ստորագրում, կառավարություն է ձևավորում, այսիքն՝ նախագահի և մյուս քաղաքական ուժերի կոնսոլիդացումը կարո՞ղ է լեգիտիմություն տալ։ 

-Նորից եմ ասում, նախագահի լիազորությունները Սահմանադրությամբ սպառիչ են։ Լավ կլիներ, որ նախագահը գար Ազատության հրապարակ, միանար քաղաքական 17 կուսակցությունների ներկայացուցիչներին, իրենց հետ կոնսոլիդացիան հայտներ, որից հետո նստեին և համատեղ որոշեին՝ ինչ ձևերով են հարցին լուծում տալու, ինչ մեթոդներով։ Հիմա կուսակցությունները կարող են առանձին տեսլական ունենալ, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն՝ առանձին տեսլական, նախագահը՝ առանձին։ Դա պետք է բերել, միավորել մի դաշտի մեջ, սրա մասին է խոսքը, որ բոլորը միասնական լինեն։ Ըստ էության՝ բոլորի նպատակն իշխանություններին հեռացնելն է։ Հիմա իրենց այդ տեսլականը պետք է բերել-միավորել մեկ ամբողջի մեջ։ Եվ դա բավականին, Ձեր ասածով, լեգիտիմություն կստանա, որովհետև Սահմանադրության պահպանմանը հետևողը նախագահն է, և պետության գլուխն է։ Եվ թող մի քիչ էլ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակից դուրս գա՝ խնդրին լուծում տալու համար, անի քայլեր, որոնք անգամ Սահմանադրությամբ նախատեսված չեն։ Ինչի՞ համար եմ ասում․ որովհետև եթե Սահմանադրությունն ասում է՝ «Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը», բնականաբար ինքը չի կոնկրետացնում, թե ինչ գործիքակազմով է հետևում, և դրա պահպանման համար ինչ միջոցառումներ են ձեռնարկվում։ Այսինքն՝ սահմանադրական անորոշությունը, որ կա, նախագահի ցանկացած գործություն, այդ, որ ասում եք՝ «կառավարության անդամների և այլն հեռացման առումով», կարելի է հենց մեկնաբանել Սահմանադրությամբ իր լիազորություններով։ Ինքը՝ որպես ֆունկցիոներ, որպես գործառույթ իրականացնող, վերկուսակցական մարմին է և շարժվում է համազգային և համապետական շահերով։ Հիմա համազգային և համապետական շահերից ելնելով՝ նախագահը կարող է իր ցանկացած գործողություն հիմնավորել հենց այս դրույթից ելնելով և նաև Սահմանադրության պահպանմամբ։ 

-Այսինքն՝ դուք համաձա՞յն եք նախագահի այս դիրքորոշման հետ։

-Բայց որպեսզի նախագահի դիրքերն ամուր լինեն, թող, կոնսոլիդացվեն բոլոր և՛ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, և՛ մնացած քաղաքական կուսակցությունների հետ, որովհետև բոլորի խնդիրը մեկն է, և ուժերը պետք է համատեղել, որ լուծումն ավելի արդյունավետ լինի։