Խաղաղության դարաշրջանում ի՞նչ ցեղասպանություն

Խաղաղության դարաշրջանում ի՞նչ ցեղասպանություն

Երևանում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդը հունիսի 27-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ: Անձամբ իր կամ իր ղեկավարած կառույցի անունից դրվել էր ծաղկեպսակ: Այնուհետև հյուրն այցելել էր Ցեղասպանության թանգարան–ինստիտուտ: Թանգարան–ինստիտուտի ղեկավարությունն էլ էկսկուրսիա էր կազմակերպել նրա համար՝ բնականաբար, անվճար: Այցից հետո պարոն Շահիդը համապատասխան գրառում էր կատարել Twitter-ի իր օգտահաշվում: Նաև շնորհակալություն էր հայտնել էկսկուրսիայի համար: Ինչ-որ ժամանակ անց պարոն Շահիդը հեռացրել էր Ծիծեռնակաբերդ կատարած այցի մասին գրառումը։ Առաջին պարբերությունը հայկական լրատվական կայքերից քաղված փաստերի հավաքածու է: Այժմ անցնենք մեկնաբանությանը: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախագահը, բնականաբար, չունի այն ազդեցությունը, որ ունի այդ կառույցի առաջին պաշտոնյան՝ Գլխավոր քարտուղարը: Բայց նա, այնուամենայնիվ, ներկայացնում է 193 պետություն ներառող կառույցի ղեկավարություն: Եվ այդ կարգի պաշտոնյայի կողմից կատարված նման արարքը չէր կարող լինել ինքնաբուխ. ինքնաբուխ այցելեց, այնուհետև արձանագրեց, իսկ վերջում էլ ինքնաբուխ ջնջեց: Եվ եթե այցելելը պաշտոնական արարողության մաս էր, ապա գրելը բխել էր հոգուց: Սակայն ջնջելը հաստատ պատվիրված էր լուրջ հասցեատիրոջ կողմից: Ավելի լուրջ, քան կարող էր լինել սուննի իսլամ դավանող բնակչությամբ Մալդիվների Հանրապետության նախագահը՝ եթե հաշվի առնենք, որ 2018-2021 թվականներին պարոն Աբդուլա Շահիդը ղեկավարել է այդ պետության արտաքին գործերի նախարարությունը: Այնքան լուրջ, որ հաշվի չի առնվել Աբդուլա Շահիդի զբաղեցրած պաշտոնի լրջությունը: Ենթադրում եմ, որ դա կարող էր լինել կա՛մ մահմեդական կրոնի հիմքով որևէ միջազգային կառույց և կա՛մ առանձին պետություն: Առաջին դեպքում կարող էր լինել կա՛մ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, կա՛մ Իսլամական համագործակցության կազմակերպությունը: Եթե միջամտել է առանձին պետություն, ապա կարող էր լինել կա՛մ Թուրքիան և կա՛մ, ասենք, Միացյալ Նահանգներ: Թուրքիայի առումով ամեն ինչ հստակ է, իսկ ԱՄՆ-ը կարող էր առաջնորդվել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների նիկոլական «բարելավման» աջակցության անհրաժեշտությամբ: Կամ դրան չխանգարելու ձգտումով, ինչը համապատասխանում է սեփական աշխարհաքաղաքական շահերին: Իսկ ԱՄՆ-ի բաժինը ՄԱԿ-ի բյուջեում ֆինանսական ներարկման առումով ամենածանրակշիռն է: Ես կարող եմ սխալվել, սակայն չեմ հիշում մեկ այլ դեպք, որ որևէ պաշտոնյա հեռացներ այցի վերաբերյալ գրառումը սոցիալական ցանցից՝ լինի Twitter, ֆեյսբուք կամ այլ հարթակ: Իսկ այս դեպքը հնարավոր եղավ, քանի որ Փաշինյան Նիկոլի ղեկավարած կառավարությունը կյանքի է կոչում Ցեղասպանությունը պետականորեն մոռացության մատնելու ազգադավ քաղաքականությունը: Ինչը, չմոռանանք, առաջ էր քաշվել և կյանքի կոչվել ՀՀ առաջին նախագահի օրոք: Եվ Թուրքիայի հետ ընթացող՝ առանց նախապայմանների բանակցություններն իրականում, նախ, Արցախի կարգավիճակը տապալելու, ապա մեր ժողովրդի անցյալը մոռացության մատնելու նախապայմաններով են պայմանավորված: