Ուկրաինայում բարդ վիճակ է․ ՆԱՏՕ-ում ևս խոստովանում են

Ուկրաինայում բարդ վիճակ է․ ՆԱՏՕ-ում ևս խոստովանում են

Ուկրաինայի հակամարտության գոտում իրավիճակը բարդ է, և այնտեղ շարունակվում են ինտենսիվ մարտերը։ 

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերին։

Աղբյուրի փոխանցմամբ, պաշտոնյան ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ոչ մի անգամ չի գործածել «հակահարձակում» բառը։

«Ինտենսիվ մարտերը շարունակվում են, մարտադաշտում իրավիճակը մնում է բարդ, և այդ պատճառով մենք պետք է շարունակենք մեր ինտենսիվ աջակցությունն Ուկրաինային», - ասել է Ստոլտենբերգը։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի անանուն աշխատակիցը հայտարարել էր, որ Ուկրաինան կկարողանա հաղթել միայն ամերիկյան կողմի լայնածավալ միջամտությամբ և աջակցությամբ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի համաձայնի գնալ նման քայլի։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսի կարծիքով էլ Ուկրաինայում հակամարտության ավարտը կարող է տեղի ունենալ կորեական սցենարով։ Սա կնշանակի Կիևի կողմից տարածքների կորստի ճանաչում, պարզաբանել է նա։

Հատկանշական է, որ ժամեր առաջ ռազմաճակատում տիրող ծանր իրավիճակի մասին հայտարարել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և երկրի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։ Չնայած նրանց միջև առկա տարաձայնություններին, որոնց մասին գրում է նաև արևմտյան մամուլը, երկուսն էլ, կարծես, համակարծիք են այս հարցում։ 

Ավելին, ռազմաճակատում տիրող փակուղու մասին հայտարարությունից հետո Զալուժնիին կշտամբող Զելենսկին ու նրա շրջապատը տրամագծորեն այլ կարծիք են հայտնում․ Ուկրաինայի առաջնորդը նույնիսկ թվարկել է 7 ուղղություն, որտեղ առավել թեժ են մարտեր են ու բարդ իրավիճակ է։