Հանրային խորհուրդը 8 ամիս է՝ չի գործում․ Կառավարությունը քայլեր չի ձեռնարկում

Հանրային խորհուրդը 8 ամիս է՝ չի գործում․ Կառավարությունը քայլեր չի ձեռնարկում

Ութ ամիս է՝ Հանրային խորհուրդը չի գործում։ Անցած տարվա ամռանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ազատման դիմում ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին․ պատճառն այն էր, որ նա պատրաստվում էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքով» մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Դեռ այն ժամանակ Սաֆարյանի գործունեության մասին բացասական գնահատականներ կային, մասնավորապես այն, որ նա թե՛ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց առաջ եւ թե՛ հետո աչքի է ընկել խիստ կողմնակալությամբ եւ հակահասարակական վարքագծով։ Նաեւ գրեթե պարալիզացրել է խորհուրդը՝ նիստեր չի հրավիրում, հարցեր չի քննարկում, որոշումներ չի կայացնում։ Ասում էին՝ դրա իրական պատճառն այն է, որ ՀԽ կազմը հիմնականում նախկինների կողմից է ձեւավորվել եւ նորերի հանդեպ նեգատիվ վերաբերմունք ունի։

Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով կլուծարեր այդ խորհուրդը, եթե այն սահմանադրական մարմին չլիներ, այսինքն՝ ՀՀ Սահմանադրությունը պարտադիր է համարում Հանրային խորհրդի ձեւավորումն ու գործունեությունը։ ՀԽ անդամ Արծրուն Պեպանյանն այն ժամանակ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը վաղուց չի մասնակցում խորհրդի նիստերին, չգիտի էլ՝ այդ խորհուրդը կա՞, թե՞ ոչ․ «Ստյոպա Սաֆարյանն ինչ նշանակվել է, ես նիստերի չեմ մասնակցել, մի անգամ եղել է, որ քվորում չկար, դրանից հետո էլ ոչ մի անգամ չեմ մասնակցում։ Պարբերաբար ինձ զանգել են․ մի մասի դեպքում քաղաքում չեմ եղել, հետո էլ ես չեմ ցանկացել»։

ՀԽ անդամի խոսքով՝ ԱԺ ընտրություններից հետո պետք է նոր խորհուրդ ձեւավորվի՝ կառավարությունը պարտավոր է նախագահ նշանակել․ «Դա կառավարության պարտավորությունն է, ինքը պետք է նշանակի, դա ընտրովի պաշտոն չէ։ Կառավարությունը կարիք չունի խորհրդատվական կարծիքի, որը կարող է լուրջ հարցեր քննարկել, եթե զգար կարիքը, վաղուց նշանակած կլիներ»։ Պեպանյանը ՀԽ-ում աշխատել է նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ինչպես ինքն է նշում՝ նման բախտավորություն է ունեցել․ «Մեծ հույսեր էի կապում, որ կկարողանանք մեծ գործեր անել՝ մեր պետության մեջ բացը լրացնելու համար, բայց, ցավոք սրտի, Մանուկյանը հեռացավ։ Ես՝ ինքս, մի քանի անգամ փորձում էի առողջ կորիզ ստեղծել, որպեսզի այդ կառույցն աշխատեր, բայց մի քանիսը դուրս եկան Վազգեն Մանուկյանից հետո։ Վազգեն Մանուկյանի ժամանակ լուրջ աշխատել ենք, լուրջ ծրագրեր կային, ես էլ առաջարկներ ունեի»։

Հանրային խորհրդի մեկ այլ անդամ՝ Դանիել Իոաննիսյանն էլ նշում է, որ չկա նույնիսկ ՀԽ նախագահի պաշտոնակատար, եւ, ըստ էության, Հանրային խորհուրդը չի գործում․ «Սահմանադրության 161-րդ հոդվածը ենթադրում է, որ Հանրային խորհուրդը պետք է լինի, այն չի կարող չլինել, քանի Սահմանադրության մեջ գրված է։ Հանրային խորհուրդը շատ կարեւոր մարմին է, եթե աշխատի եւ ճիշտ աշխատի։ Ըստ էության, չի գործում արդեն 8 ամիս է, դեռ պարզ չէ՝ կգործի՞, թե՞ չէ։ Դրա հետ կապված՝ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ զրույց եմ ունեցել, բայց ինձ թվում է՝ օգուտ չկա»։ Ըստ Իոաննիսյանի՝ կան գործառույթներ, որոնք, օրենքի համաձայն, հենց ՀԽ նախագահի վրա են․ «Այո, նիստը կարող է նախաձեռնել նաեւ անդամների մեկ երրորդը, բայց միեւնույն է՝ նախագահ է պետք, մեկը, ի վերջո, պետք է նախագահի, չէ՞»։

Նշենք, որ Սահմանադրության 161 հոդվածով սահմանվում է՝ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է: Հանրային խորհրդի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Նշենք նաեւ, որ 2019 թվականի դեկտեմբերին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին փոխարինեց Ստյոպա Սաֆարյանը, որը խորհրդի նախագահ նշանակվեց կառավարության նիստում՝ միաձայն քվեարկությամբ։

Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, այս մարմնի խնդիրն է՝ «Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի եւ դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, ինչպես նաեւ սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, կառավարության) միջեւ սոցիալական երկխոսությանն աջակցելը»։