«Հրապարակ». Ինչ ակնկալել ՄԱԿ-ի ԱԽ նիստից

«Հրապարակ». Ինչ ակնկալել ՄԱԿ-ի ԱԽ նիստից

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ օգոստոսի 16-ին, արտակարգ նիստ կանցկացնի՝ Հայաստանի պահանջով։ Պաշտոնական Երեւանը դիմել է ՄԱԿ ԱԽ-ին՝ պնդելով, որ «Լեռնային Ղարաբաղը շրջափակված է, եւ 120 հազար մարդ կանգնած է սովի եւ լիարժեք հումանիտար աղետի» առաջ։

Հայաստանը, Արցախի հորդորով, օգոստոսի 11-ին դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին՝  խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։ Օգոստոսի 8-ին Արցախի նախագահը, իսկ դրանից առաջ՝ խորհրդարանը դիմել էին պաշտոնական Երեւանին՝ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու խնդրանքով։ Հիշեցնենք․ 2022-ի դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, իսկ ապրիլի կեսերին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաեւ Հայաստանից մատակարարվող գազից եւ էլեկտրաէներգիայից։ Հունիսի 15-ից չի թույլատրում անգամ հումանիտար բեռների փոխադրում Արցախ։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երեւանից ուղեւորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ, բայց մինչ օրս Սյունիքի Կոռնիձոր համայնքի մոտ կանգնած են։ ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը դիմել է Ամերիկայի դեսպանին, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում՝ պնդելով, որ հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակումը սննդամթերքի, դեղորայքի եւ վառելիքի խիստ պակաս է առաջացրել։

«Կանխամտածված կերպով բնակչության համար անտանելի կենսապայմանների ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային վայրագություն, որը թիրախավորում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին՝ ստիպելու նրանց լքել իրենց հայրենիքը», - գրել է Հայաստանի դեսպանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի հայերը կանգնած են գոյութենական վտանգի առաջ։ Ըստ այդմ, պաշտոնական Երեւանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման համար պատասխանատու Անվտանգության խորհուրդը «կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները եւ ցեղասպանությունը»։

Մարգարյանը նաեւ մեղադրել է Ադրբեջանին՝ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարը, միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվար եւ հուլիս ամիսների որոշումները խախտելու համար։ ՄԱԿ-ի բարձրագույն դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար», - ասել է Հայաստանի դեսպանը։ 

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու Անվտանգության խորհրդի հրատապ նիստին։ Ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի ԱԽ նիստից․ հարցի պատասխանը խիստ անորոշ է, մանավանդ՝ երբ հայտնի չէ, թե իր դիմումով ՀՀ ԱԳՆ-ն ինչ նպատակ է հետապնդում։ 2003-2009թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ իրավական տեսանկյունից ՄԱԿ-ի կանոնադրությունը նախատեսում է մի քանի տեսակի որոշում․ «Կարող է ընդունվել հայտարարություն, խորհրդատվական որոշում, որը պարտադիր չէ կատարման, երրորդը՝ պարտադիր կատարման որոշում եւ կարող է սահմանափակվել մտքերի փոխանակմամբ։ Որպես ՄԱԿ-ի նախկին դեսպան՝ կարող եմ հավաստիացնել, որ կազմակերպական տեսանկյունից ինչ խնդիր որ դրվել է, դրա հաջողությունը պայմանավորված է նրանով, թե նախնական ինչպիսի աշխատանք է տարվել ԱԽ անդամ երկրների հետ՝ 10 ոչ մշտական եւ 5 մշտական, վերջիններն ունեն վետոյի իրավունք, հուսանք, որ հանպատրաստից դիմում չէ, այլ նախապես տարբեր մայրաքաղաքներում մշակված հայտ է»։ Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների թվում է նաեւ Ռուսաստանը։

Արմեն Մարտիրոսյանն ընդգծում է, որ անչափ կարեւոր է, թե ինչ նպատակով է պաշտոնական Երեւանը դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, հակառակ դեպքում այն կարող է վտանգավոր թակարդ հանդիսանալ առաջին հերթին Արցախի ու Հայաստանի համար։ «ԱԽ-ն, ենթադրենք, կարող է իր որոշման մեջ որոշ փաստեր ֆիքսել, որն անդառնալի հետեւանք կունենա մեզ համար»,- ասաց Մարտիրոսյանը՝ չցանկանալով փակագծեր բացել, որպեսզի «չհուշի» մեր թշնամիներին․ «Հուսով եմ՝ մեր դիվանագետները, ԱԳՆ-ն բոլոր հարցերը խիստ հաշվարկել են եւ հետամուտ եղել այս գործին»։
Իշխանական քարոզչամեքենան քանի օր է՝ տարածում է այն հավանական սցենարը, որ Ռուսաստանը կարող է օգտվել վետո դնելու իր իրավունքից․ «Եթե ԱԽ մշտական անդամ բոլոր պետություններին ընդունվելիք որոշումը ձեռք տա, բնական է, որ որեւէ մեկը չի օգտվի վետոյի իրավունքից, բայց սա էլ կախված է նրանից, թե մենք ինչ ենք ուզում, որ բոլոր հինգ անդամ երկրների շահերը համընկնեն եւ թույլ տան որոշում ընդունվի։ Դրա համար եմ ասում, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ է արվել, եւ ինչ նպատակ է հետապնդվում»։