Փաստորեն նախկին էի․ Սարագյուղի նախկին ղեկավար․ գյուղում մի կաթիլ խմելու ջուր չկա

Փաստորեն նախկին էի․ Սարագյուղի նախկին ղեկավար․ գյուղում  մի կաթիլ խմելու ջուր չկա

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Սարագյուղ բնակավայրում մի կաթիլ ջուր չկա։ Արդեն տարիներ շարունակ բնակիչներին խմելու ջուր է մատակարարվում ջուր տեղափոխող հատուկ տրանսպորտային միջոցով (ավտոցիստերներով)։ Շուրջ 30 տնտեսություն եւ մոտ 150 բնակչություն ունեցող գյուղում 21-րդ դարում մարդիկ ջրի մեքենային են սպասում ամեն առավոտ, որպեսզի դույլերով ջուրը տուն տանեն, պահեստավորեն մինչև հաջորդ առավոտ։

«Էնպես չէ, որ էս ջուրն էլ կըռնանք խմենք, մե տեսակ հոտ ու համ ունի, բայց ճարներս ինչ, ցիստերը մե անգամ է օրական գալիս, թե չհասցրինք վերցնել, կմնանք լրիվ անջուր։Մեկ-մեկ քաղաքից խմելու համար առնում, բերում ենք, բայց ինչքա՞ն․․․․։ Գյուղում ընդհանրապես, եղավ 2 ամիս  ջրի կաթիլ չկա։ Մեր գյուղում էլ հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, առանց ջուր ինչըխ կեղնի, անասունին ծարավ թողնես, չմաքրվես, լվացվես․․․․»,- hraparak.am-ին դառնացած պատմում են գյուղացիները։

Սարագյուղցիների խոսքերով՝ մեկ ամիս առաջ ջրմուղն ինչ-որ աշխատանքներ արեց, հետո եղանակը ցրտեց, սառեց ու աշխատանքներն էլ հետը սառեցրին։«Ամառն էլի սովետից մնացած աղբյուրներից ջուր կաթկթում է, մի քիչ հեշտ է, հըմի անելանելի վիճակում ենք։ Հետո ասում եք՝ արտագաղթում են, էս վիճակում ո՞նց ապրես»,- hraparak.am-ին ասում է Սարագյուղի նախկին վարչական ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, ով արդեն պաշտոնաթող է շուրջ 3 տարի։

«Իմ ժամանակ էլ է եղել խնդիրը, բայց ես միշտ դիմել եմ մարզպետարան, էստեղ-էնտեղ, ժամանակին ջրմուղի հետ գնացել ենք , որոշ բաներ արել ենք, որ գյուղի ջուրը լրիվ չկանգնի։ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ իրեն էլ նախկի՞ն համարեցին, աշխատանքից ազատեցին, թե՞ այլ պատճառներ կային․․․ «Փաստորեն հա, կարելի է էդպես  ասել, ես Հանրապետական եմ, հիմա էլ ՀՀԿ անդամ եմ, երբեք էլ դուրս չեմ եկել» ։

Հավելենք, որ օրեր առաջ Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանի, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Վահան Մաճկալյանի, Հյուսիս շահագործման տնօրեն Արայիկ Եղիկյանի և այլ պատասխանատուների մասնակցությամբ մարզպետարանում անցկացվել է քննարկում՝ Աշոցք համայնքի Սարագյուղ բնակավայրի ջրամատակարարման խնդրի լուծման վերաբերյալ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ջրամատակարարման խնդիրը լուծելու մի քանի տարբերակներ: Մասնագիտական ուսումնասիրություններ են կատարվել նաև բնակավայրում: Արդյունքում որոշվել է, խնդրի լուծման արդյունավետ լուծման տարբերակներ գտնելու համար շարունակել քննարկումները՝ ժամանակային և ֆինանսական առումներով նախընտրելի տարբերակ ընդունելով նոր խորքային հորի կառուցումը։

Սարագյուղցիները թերահավատ են․ նմանատիպ խորհրդակցություններ բազմաթիվ անգամ են եղել, լսել են՝ ուր որ է հարցը կլուծեն, բայց․․․․