Այս իշխանությունը արյուն է ուզում

Այս իշխանությունը արյուն է ուզում

Հարցազրույց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանի հետ։

- Ն. Փաշինյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքն այս առաջարկին, հնարավոր համարու՞մ եք նրա վարչապետությամբ ազատ, արդար ընտրությունները։

- Աբստրակտ իրավիճակում այդ հարցն ունի միայն մեկ պատասխան՝ այո՛։ Քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր եւ իշխող քաղաքական ուժերը երկխոսելու մշտական կարիք ունեն՝ հանուն երկրի, տվյալ դեպքում՝ հանուն կայունության հանրության առջեւ ծառացած խնդիրների լուծման ջանքերի համատեղման։ Իսկ այս դեպքում գոյություն ունի կոնտեքստ, կոնկրետ իրավիճակ։ Եւ այդ իրավիճակը այն է, որ մի կողմից՝ մենք որպես ընդդիմություն բացարձակ մերժում ենք նրա հետագա պաշտոնավարումը, քանի որ նրա ղեկավարությամբ Հայաստանի իշխանությունը պարտվել է այս պատերազմում։ Անկախ նախորդ 30-ամյակում թերացումների մասին զանազան վկայակոչումների փաստ է՝ այս իշխանությունը չկարողացավ չեզոքացնել առկա սպառնալիքները։ Հաջորդը։ Այդ մարդն ունի ոչ միայն քաղաքական մտածողության տարաբնույթ խնդիրներ, աղավաղված պատկերացումներ (oրինակ՝ գործադիր իշխանության վերաբերմունքը դատականի կամ օրենսդիրի նկատմամբ)։ Այդ ամենից բացի նա բարեվարքության խնդիրներ ունի ... 

- Վերջին հարցազրույցում էլ առաջարկ հնչեցրեց,  թե կուզե՞ք դատարանների հարցը լուծենք, նոր գնանք ընտրությունների։

- Ճիշտ եք, տանտիրոջ իրավունքով մարդկանց հրավիրում է իր մոտ եւ նախապես վիրավորում։ Ինչպե՞ս կարելի է կուսակցություններին հրավիրել քաղաքական խորհրդակցությունների ու անհարկի գնահատականներ տալ նրանց գործողություններին կամ դրանց արդյունքներին։ Դա ոչ թե երկխոսության կոչ է, այլ յուրատեսակ պարտադրանք։ Դա կոչվում է անպարկեշտ առաջարկ։ Իրեն հարգող ոչ մի կուսակցություն այդպիսի առաջարկի չպետք է արձագանքի։ Առաջարկը պետք է կրկին արվի եւ ոչ իր անունից, այլ օրինակ՝ ՔՊ կուսակցության կամ ԻՔ խմբակցության ղեկավարների։ Առաջարկը պետք է արվի հարգալից, առանց նեյնիմների, մեկնաբանությունների։ Հնարավոր քննարկմանը ինքը կդնի իր, մենք՝ մեր օրակարգը։ Սա իմ անձնական կարծիքն է,  ոչ թե «Հայրենիք» կուսակցության կամ «Հայրենիքի փրկության շարժման»։Քաղաքական երկխոսությունը կարեւոր է։ Չէ՞ որ մենք էլ ենք ասում՝ այս ճգնաժամը պետք է լուծվի քաղաքական համակարգի ներսում, դիցուք՝ վարչապետի հրաժարման միջոցով։ Իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխհարաբերությունները շատ ավելի շահեկան է ոչ թե փողոցում լուծել, այլ քաղաքական համակարգերի ներսում՝ երկխոսության ճանապարհով։ Բայց  միջավայրը պետք է լինի անկեղծ, անբիծ։ Չի կարելի կուսակցություններին նման անպատիվ ձեւով առաջարկ անել՝ գնահատական տալով նրա գործունեությանը, ըստ էության ծաղրելով նրանց։ Դա  նշանակում է, որ նա դա ասաց ասելու համար, որ հետո անընդհատ ասի՝ ես երկխոսության առաջարկ եմ արել։

-Ենթադրենք, հիմա առաջարկն արվում է, Ձեր ասած, ուրիշի կողմից, առանց պիտակավորումների , ավելին՝ ասվում է անգամ, որ ընդդիմությունը էլիտար չէ, պուպուշ է, դրա համար էլ ես նահանջել եմ, դրանից խնդիրը  կփոխվի՞։

- Բանակցություններն ունենում են կողմեր եւ օրակարգ։ Իր կամ ՔՊ-ի անունից պետք է արվի հետեւյալ առաջարկը՝ մենք խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին այս, այս, այս խնդիրների հրավիրում ենք քաղաքական խորհրդակցությունների։ Եւ վերջ։  Ինչպես բոլոր խաղաղ բանակցություններից առաջ եւ այդ ընթացքում  պետք է դադարեցվեն բոլոր հարձակումները։ Յուրատեսակ «հրադադար» պետք է հայտարարվի։

-Փաստորեն, Դուք չեք ընդունում կտրուկ մոտեցումները, թե ոչ մի դեպքում չի կարելի գնալ կոնսուլտացիաների, ովքեր կբանակցեն Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկի շուրջ նույնքան դավաճան են եւ այլն, քանի որ մասնակցելու են իշխանության վերարտադրությանը եւ այլն։

-Ես ասում եմ, որ իշխանությունը մերժում է ընդդիմությանը, ընդդիմությունը մերժում  է իշխանությանը։ Եթե երկուստեք կա ցանկություն հանգուցալուծում գտնելու ոչ թե փողոցում, այլ քաղաքական համակարգի ներսում, ուրեմն պետք է կայանա երկխոսություն ու այն պետք է հենց սկզբից լինի անբիծ, այսինքն՝ առաջարկը պետք է լինի զուտ քաղաքական, գործնական՝ առանց վերագրումների ու ճոռոմոբանության։

-Դուք ասում եք՝ քաղաքական համակարգի ներսում հանգուցալուծում գտնել, դրանց վերջնարդյունքը արտահերթ ընտրություններն են, հիմա խնդիրն այն է՝ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ ուրիշի վարչապետությամբ գնալ այդ ընտրություններին։ Դուք հավատո՞ւմ  եք, որ Նիկոլ Փաշինյանը կարող է երաշխավորել ազատ, արդար ընտրությունների անցկացում։

- Ոչ։ Մենք տեղափոխում ենք այլ թեմա։ Եթե հարցնում եք՝ ո՞րն է մեր մնայուն կարծիքը, ապա այն չի փոխվել՝ վարչապետը ընտրություններ անցկացնելու բարոյական իրավունք չունի։ Այլոց տասնյակ փաստարկներին կավելացնեմ եւս մեկը․ այն մտասեւեռումը, այն հակաիրավական գործելակերպը, որ վարչապետը թույլ է տվել եւ շարունակում է թույլ տալ կոնկրետ քրեական գործերով, որեւէ հույս չի ներշնչում, որ նա կարող է օրինական ընտրությունների անցկացման երաշխավոր լինել։ Ապագա ընտրություններում նա հանդես է գալու որպես մրցակցող կողմ եւ ունենալով  իշխանություն՝ ամեն ինչ անելու է հանուն ինքնապահպանման։ Ինչպես անում է կոնկրետ քրեական գործերով՝ իր աշխատասենյակում որոշելով՝ սա պետք է պատժվի, այս գործի մեջ որպես մեղադրյալ պետք է ներգավել ա՛յս քաղաքական գործչին։ Սկզբում որոշվում է մեղադրանքը, ապա հանձնարարություն է տրվում քննչական եւ դատախազական մարմիններին գնալ եւ գտնել ապացուցող «փաստեր»։

-Դուք հիմա երկխոսությանը կողմ եք արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը քննարկելու՞, թե՞ այլ օրակարգով։

-Այս պահին գոյություն ունեցող սահմանադրական կարգավորումներով առաջին քայլը վարչապետի հրաժարականն է։ Եթե ինչ որ մի հրաշքով մեր կողմը գնա երկխոսության, ապա կգնանք մեր օրակարգով, որի առաջին կետը վարչապետի հրաժարականն է, ապա՝ նոր վարչապետի ընտրությունը, ժամանակավոր կառավարության ձեւավորումը, օրենսդրական այնպիսի ընթացակարգերի սահմանումը, որոնք կապահովեն ազատ, արդար, հասարակության համար ընդունելի  ընտրություններ։

-Ն. Փաշինյանը վերջին հարցազրույցում ասաց, որ ընդդիմության օրակարգը ժողովրդի հավանությանը չարժանացավ։ Հիմա եթե ինքը շարունակում է առաջ շարժվել իր օրակարգով եւ արտահերթ ընտրություններ է նշանակում, դուք կմասնակցե՞ք։

-Շատ հեռավոր իրադարձության մասին եք Դուք ասում։ Բայց կրկնում եմ՝ ըստ սահմանման կուսակցությունները պարտավոր են մասնակցել ընտրություններին։ Սա զուտ իմ  կարծիքն է։ Քաղաքական կուսակցությունները եթե չեն մասնակցում ընտրությունների, դառնում են խնդրահարույց, կանգնում անհետացման եզրին։ 

Ես այս վարչախմբի եւ իրենց առաջնորդի մոտ մի վտանգավոր մղում եմ տեսնում։ Նրանք արյուն են ուզում։ Այդ մասին ուղիղ չեն ասում, բայց տանում են դրան։ Օրինակ, շարունակ խոսում են այն մասին, թե՝ շատ չեք։ Հարց է առաջանում՝ ինչու՞ եք ուզում, որ մեր հանրահավաքներին գա հարյուր հազար մարդ։ Եթե մեր հանրահավաքին գա հարյուր հազար մարդ, բարեկամներս , ձեզ ոչ ոք չի հարցնելու, թե դուք ինչ եք անելու։ Հարյուր հազարը ձեզ կպարտադրի իր կամքը։ Նրանք ամեն ինչ կսրբեն երկրի երեսից։ Սա արդեն մազոխիզմ է։Կրկնում եմ՝ քաղաքական ճգնաժամը քաղաքական համակարգում լուծելու սահմանադրական ելք կա՝ վարչապետի կամավոր պաշտոնաթողություն։ Եթե ոչ՝ ուրեմն կգա հեղափոխության պահը ․․․Փաստորեն մենք գտնում ենք, որ հանգուցալուծման քաղաքական միջոցները չեն սպառվել, իսկ բարոյականը վաղուց արդեն սպառվել է։ Եթե քաղաքացի Ն․Փ-ն լիներ բարոյական մարդ, նա կհեռանար կամովին եւ չէր ենթարկի երկիրը նոր փորձության։

-Քաղաքականության մեջ չկա բարոյականություն։

-Կա։ Ոչ միայն կա, այլեւ պարտադիր պետք է լինի։  Ովքեր ասում են, թե քաղաքականության մեջ բարոյականություն չպիտի լինի, ճանապարհ են հարթել  նման մարդկանց համար։

-Դուք ակնարկում եք, որ կարող եք հեղափոխություն անել, բայց չե՞ք անում, եթե սպառվի քաղաքական երկխոսության հնարավորությունը, հեղափոխություն կանե՞ք։  

-Դա այլ հարցազրույցի նյութ է։