Քննիչներ, դուք հաց չե՞ք ուտում, օղի չե՞ք խմում

Քննիչներ, դուք հաց չե՞ք ուտում, օղի չե՞ք խմում

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն` բազմակի շքանշանակիր Արգիշտի Քյարամյանի ղեկավարությամբ հայ հանրությանն ավետեց, որ «ՀՀ վարչապետի Սյունիքի մարզ այցելության ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով 21 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է»: Սա, եթե հիշում եք` «Սյունյաց ողջույնների» գործն է:

Գործը քննել են Քննչական կոմիտեի «հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում», որտեղ  իրականացված քննչական և դատավարական այլ «մեծածավալ գործողությունների արդյունքում» պարզվել են 2021թ. ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած «խուլիգանության դեպքի հանգամանքները»:
Անկեղծորեն կարելի է կարեկցել այս ՀԿԳ քննիչներին, որոնք ստիպված են եղել մի զավեշտալի, օրենքին ու իրավաբանությանը հակասող տեքստ գրել, որպեսզի կատարեն իրենց շեֆերի հրահանգը եւ ամենակարեւորը` բավարարեն վարչապետ Փաշինյանի վրեժխնդրության զգացումը: Միայն մի հատված ներկայացնենք ՔԿ հաղորդագրությունից.

«Նշված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարի կազմակերպմամբ, մի խումբ անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, որտեղ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի ցուցումներով եկել են նաև Գորիս համայնքի տարբեր բնակավայրերի մի շարք ներկայացուցիչներ: Հավաքված անձանց կերակրելու և հանցանքի կատարման վերաբերյալ ցուցումներ տալու նպատակով, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի կազմակերպմամբ, ժամը 14:50-ի սահմաններում տարածքում հավաքված անձինք սնվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող բլրակի վրա պատրաստված սեղանների շուրջ, որի ընթացքում, վերջիններիս վրա ներազդելու և խուլիգանական գործողություններն ավելի ակտիվ ու արդյունավետ կատարելու համար, նրանց ալկոհոլ են հյուրասիրել, ինչպես նաև նրանց մոտ վճռականություն առաջացնելու և ակտիվ գործողությունների դրդելու նպատակով՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարը վատաբանելու միջոցով հավաքվածներին տրամադրել են ՀՀ վարչապետի դեմ»։

Այժմ թարգմանենք մարդկային լեզվով, թե ինչ են գրել այս վայ-քննիչները. Մարդիկ ճանապարհի ինչ որ հատվածում, ոչ թե` թանկ ռեստորանում, մի կտոր հաց են կերել եւ երեւի մի քանի բաժակ օղի խմել, որը տարբեր հիմար բառերով համեմված` քննիչները փորձել են ներկայացնել, որպես հանցագործության նախապատրաստություն: Հատկապես ծիծաղելի է` «ներազդելու եւ  խուլիգանական գործողություններն ավելի ակտիվ ու արդյունավետ կատարելու համար, նրանց ալկոհոլ են հյուրասիրել» արտահայտությունը: Եւ սա գրում են մարդիկ, ովքեր երեւի բոլոր ընդմիջումներին ուտում-խմում են, տարբեր խոսակցություններ են վարում, եւ հաստատ մեկ մեկ էլ իշխանություններին են հայհոյում, որ իրենց դրել են այսպիսի անհեթեթ վիճակի մեջ:

Նկատենք նաեւ, որ բոլոր մյուս քրեական գործերի քննությունը մեզանում տարիներ են տեւում, իսկ հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ այս գործը քննելիս քննիչներին այնքան են շտապեցրել, որ նրանք ափալ-թափալ ավարտել են այս գործի քննությունը, որ ղեկավարությանը գոհացնեն, եւ դրա համար այս անհեթեթ գործից երկու գործ են ծնեցրել` մեկով «Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին և Շուռնուխ բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»: Իսկ «21 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ...և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին»:

Ավելացնենք նաեւ, որ երբ ուսապարկերն ամբողջ աշխարհի աչքի առաջ ընդդիմադիր պատգամավորներին ծեծեցին, այս նույն քննիչները եզրակացրին, որ խուլիգանության հանցակազմ չկա: Իսկ վարչապետի մեքենային հարվածելը եւ պատերազմում կրած պարտության հեղինակին մի քանի «քաղցր խոսք» ասելը, պարզվում է` լուրջ հանցանք է, մի քանի հոդվածով նախատեսված:

Սերոբ Մարության