Դժգոհություններ կան ռուս խաղաղապահներից և դրանք իսկապես տեղին են

Դժգոհություններ կան ռուս խաղաղապահներից և դրանք իսկապես տեղին են

«Հրապարակի» զրուցակիցը Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն է:

-Դատելով վերջին իրադարձություններից, ռուս խաղաղապահներն ադրբեջանցիների հետ սկսել են սերտորեն համագործակցել: Նախորդ օրվա միջադեպը` երբ արցախցիներին թույլ չեն տվել մտնել Արցախ, հետ են ուղարկել Գորիս, դա ակնհայտորեն տեղավորվում է Արցախը զավթելու եւ ինտեգրելու Ադրբեջանի ծրագրերի մեջ։ Առհասարակ ռուս խաղաղապահների հանդեպ դժգոհություններն ու հակառուսական ալիքը մեզանում օր օրի մեծանում են: Ինչո՞ւ են այսպես վարվում ռուս խաղաղապահները:

- Որոշ դրվագներում իսկապես դժգոհություններ կան ռուս խաղաղապահներից և այդ դժգոհություններն իսկապես տեղին են: Անկախ նրանից, որ ռուս խաղաղապահներն արցախահայության միակ երաշխավորն են այսօր, ամեն դեպքում, այո, մենք տեսնում ենք խնդիրներ, որոնք ամենևին մեր օգտին չեն լուծվում: Այդ ամենը ես դիտարկում եմ երկկողմանի` մենք կարող են նեղանալ ռուսներից, սակայն արդյո՞ք մենք ամեն ինչ ճիշտ ենք անում մեր քաղաքականության մեջ: Անո՞ւմ ենք քայլեր, որ Ռուսաստանն էլ մեզանից չնեղանա: Հավանաբար Վլադիմիր Պուտինին ձերբակալելու իշխանական հայտարարությունները բոլորդ եք հիշում: Վստահ եմ, որ այս ամենը Ռուսաստանի ղեկավարությանը ևս դուր չի եկել և նրանք հետևողականորեն մեզ գնահատականներ են տալիս, գուցե ոչ բացահայտ: Այստեղ արդեն իրարից բացահայտ նեղանալու ինչ-որ պրոցես է գնում, որը բոլորովին Հայաստանի ազգային և պետական շահերից չի բխում: Պետք է այնպես անել, որ նման խնդիրները լուծվեն և մեր դաշնակիցները մեզանից չնեղանան: Պետք է պահանաջատեր լինենք, որ Ռուսաստանն այնպիսի քայլեր ձեռնարկի, որը մեզ համար ևս ընդունելի կլինի, սակայն սա բարդ մի իրավիճակ է, երբ մի մեծ դետալ, որը մեր օգտին է չենք նկատում, սակայն մանր-մունր խնդիրները դարձնում ենք առաջնային: Գուցե, այո, մենք նեղանալու պատճառներ ունենք, սակայն փոքր դժգոհության դետալները պետք չէ վերածել մեծ ալիքի:

- Ի՞նչ կլինի, եթե Արցախից հեռանան ռուս խաղաղապահները: Ո՞վ կարող է նրանց փոխարինել:

- Վստահ եմ, որ Ռուս խաղաղապահների հեռանալուց հետո Արցախը վերածվելու է Աֆղանստանի: Հավանաբար հիշում եք, թե ինչ տեղի ունեցավ Աֆղանստանի հետ, երբ ամերիկյան զորքերը հեռացան այնտեղից: Թե ով կփոխարինի ռուս խաղաղապահներին, կլինե՞ն առհասարակ այդպիսիք, այդ հարցերի պատասխանները չունեմ: Խորապես կասկածում եմ, որ ինչ-որ երկիր այսօր զորախումբ կուղարկի Արցախ: Մենք տեսնում ենք, որ ԵՄ դիտորդները թուղթ ու գրիչով են եկել տարածաշրջան, իսկ թուղթ ու գրիչով Արցախ ու արցախահայություն պաշտպանել չեն կարող: Հաագայի դատարանի որոշումը ևս ոչ մի դեր չխաղաց: Դա կարելի է համար առոչինչ:

- Ձեր խոսքից կարո՞ղ ենք ենթադրել, որ Ռուսաստանի անբարյացակամ վերաբերմունքը կապում եք Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի դիրքորոշման հետ:

- Իշխող կուսակցության պատգամավորը հայտարարում է, որ եթե Վլադիմիր Պուտինը Հայաստան գա, վերջինիս ձերբակալելու են:

- Բայց դրանից հետո նույն իշխանավորներից ոմանք էլ հակառակը պնդեցին:

- Արդեն անգամ ծիծաղելի է այդ մասին խոսել: Վլադիմիր Պուտինին ձերբակալել, այն էլ Հայաստանում…. կոմեդիայի ժանրից եմ այս խոսակցություններին նայում: Մեդվեդևը հայտարարեց, որ այն պետությունը, որը Պուտինին կարող է ձերբակալել, պատերազմ է հայտարարում է Ռուսաստանին: Եթե փողոցում մեկը խոսի Պուտինին ձերբակալելու մասին, դա այլ հարց է, սակայն երբ իշխող կուսակցությունից են նման հայտարարություններ անում, սա կարող է լինել վտանգավոր: Դաշնակիցները կարող են նեղանալ մեզանից, նման հայտարարություններ անելուց առաջ դա պետք է հաշվի առնել: Այո, մենք ևս դժգոհելու և պահանջելու տեղ ունենք: Այնպես չէ, որ ես աչքերս փակում եմ ու ասում` ամեն ինչ լավ է, բայց մենք պետք է այնպես անենք, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը չլարվի մեր դեմ: Մենք դա կարող ենք անել: Առանց նեղացնելու կարող ենք պահանջել, որ մեր հանդեպ Ռուսաստանն առավել բարյացակամ լինի: Սա կարծում եմ ղեկավարների շփման հարց է, որը ցավոք այս իշխանությունները չեն կարող կյանքի կոչել: