Այդ հանդիպումը, ցավոք, որևէ կոնկրետ արդյունք չի տվել․ Փաշինյան

 Այդ հանդիպումը, ցավոք, որևէ կոնկրետ արդյունք չի տվել․ Փաշինյան

«Բրյուսելի եռակողմ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չտվեց: Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը: Այո, այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման ու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր համոզմունքը եղել ու շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության ու մեխանիզմների՝ այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ ու սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է։ Հիմա, արդեն, դա ոչ թե տեսական պնդում է, այլ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումն էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է»,- հավելեց նա։