Իհարկե, Հայաստանը շահագրգիռ կողմ է, բայց Ադրբեջանը նման ցանկություն չունի․ քաղաքագետը՝ Արցախի մասին

Իհարկե, Հայաստանը շահագրգիռ կողմ է, բայց Ադրբեջանը նման ցանկություն չունի․ քաղաքագետը՝ Արցախի մասին

2020 թվականի նոյեմբերի 9/10-ի հայտարարությունից հետո ադրբեջանա-թուրքական շրջանակները շարունակաբար առաջ են մղում տնտեսական ապաշրջափակման թեման՝ ամեն կերպ խաչ քաշելով Հայաստանից, Արցախից գերեվարված հայերի և պետական անվտանգության թեմայի վրա։

Երեկ Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահողներից Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի նախաձեռնած եռակողմ հանդիպման ժամանակ խոսվեց և այնուհետև թուղթ ստորագրվեց տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման մասին։ Իր ելույթում անդրադառնալով անցյալ տարվա նոյեմբերին համաձայնեցված եռակողմ հայտարարությանը՝ ՌԴ նախագահը նաև հիշատակում արեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ «Հատուկ կուզենայի նշել, որ իր բոլոր գործողություններում Ռուսաստանը ձգտում էր հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային զարգացումներին։ Մենք շարունակում ենք մեր գործընկերների հետ՝ Մինսկի խմբի համանախագահների հետ, պարբերաբար համակարգել մեր գործողությունները»,- նշեց Պուտինը։

Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը խոսել է «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ 

-Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, նաև խոսվել է խաղաղության հասնելու մասին։ Հաշվի առնելով Չինաստանի և ԵՄ-ի միջև կնքված ներդրումների համաձայնագիրը՝ Եվրոպան ու Չինաստանն ի՞նչ կնախաձեռնեն, կփորձե՞ն ճնշումներ գործադրել, որպեսզի տնտեսական ուղիների ապաշրջափակումը հնարավորինս արագ լինի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հնարավորինս արագ կարգավորվեն, Թուրքիայի և Ռուսաստանի գործողություններն ինչպիսի՞ն կլինեն այս իրավիճակում։

-Եվրոպայի և Չինաստանի միջև համաձայնագիրն այդքան էլ չէի կապի մեր հակամարտության հետ, չնայած, ով գիտի, գուցե Մեղրիի միջանցքով էլ անցնի հոսքը։ Եվ գուցե իսկապես դա էլ են հաշվի առնում, բայց չեմ կարծում, որ միայն դրա հույսով են։ Չինաստանի հետ կառուցվող նախագծերը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում են ավելի շատ կապն ապահովելու։ Այսինքն՝ ավելի շատ ենթադրում եմ Վրաստանով, ոչ թե Մեղրիի միջանցքով, բայց իսկապես, ով գիտի։ Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա այս պահի դրությամբ առարկայական խոսակցություն գնացել է հիմնականում Նախիջևանի ապաշրջափակման, այսինքն՝ Մեղրիի միջանցքի բացման մասին։ Իսկ միջանցք ասելով՝ մենք նկատի չունենք ապաշրջափակումը։ Միջանցքի մասին խոսելով՝ մենք նշում ենք հատուկ կարգավիճակ։ Եթե մենք խոսենք ապաշրջափակման մասին, ապա այդ դեպքում կխոսեինք, որ բոլոր ճանապարհները բացում են, այդ թվում, օրինակ՝ Ղազախով Հայաստանից դեպի Ռուսաստան և այլն։ Բայց հիմիկվա վիճակում ես դա չեմ տեսնում, դա ավելի շատ խոսակցության է նման, քան կոնկրետ գործերի։ 

- Վարչապետի մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց, որ հանդիպման պլանավորված օրակարգն ունի տնտեսական բնույթ, լոգիստիկ ուղղությունների բացմանն է վերաբերում, հետո փոփոխություն կատարեց իր ֆեյսբուքյան ստատուսի մեջ՝ նշելով, որ միջազգային բեռնափոխադրումների իրականացմանն է վերաբերում նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջեւանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ։ Նշեց, որ Մեղրիի միջանցքի մասին խոսում է ադրբեջանական կողմը, նաև Հայաստանի քաղաքական շրջանակները, ընդդիմադիր կողմը։ Ի՞նչ հասկանալ այս ամենից։

-Ես, որքան տեղյակ եմ, ինքը նույնպես իր գրառման մեջ Մեղրիի միջանցքի մասին խոսեց։ Այդ դեպքում ո՞րն է Հայաստանում իշխանությունների քննադատների և Ադրբեջանի նույնականացումը։ Սա նորից ռադիկալ տրամադրություններ սերմանելու փորձն է վարչապետի թիմի կողմից։ Ինչ վերաբերում է Մեղրիի միջանցքի մասին խոսակցությանը, ապա նա ասաց, որ այդ Մեղրիի միջանցքը գործելու է որպես երկաթգիծ։ Եվ ի սկզբանե պարզ էր, որ երկաթգծի մասին է խոսքը, որովհետև Ադրբեջանը հիմա կառուցում է երկաթգիծ, վերականգնում է Արցախի այն տարածքներում, որոնք օկուպացրել է։ Հարավում փորձում է Արաքսի ափով այդ երկաթգիծը հասցնել մինչև Մեղրիի շրջանը։ Եվ դրանից հետո կուզենան այդ երկաթգիծը կառուցել նաև Հայաստանի հարավով։ Այնպես որ, դրա մասին է խոսքը։ Վարչապետի կողմից խոսվում էր, որ Նախիջևանով հայկական կողմը նաև կկարողանա օգտվել երկաթգծից, այդտեղ կա երկաթգիծ։ Գուցե կկարողանա, բայց Ադրբեջանի կողմից դեռ նման հայտարարություն չեմ տեսել։ 

-Այդ երկաթգծի դեպքում ի՞նչ հնարավորություններ կան։

-Եթե այդ երկաթգիծը գործի, ընդամենը մի հնարավորություն է բացվում՝ դեպի Իրան երկաթգծով ապրանքներ ուղարկելու։ Որովհետև Նախիջևանից կա մուտք դեպի Իրան, և, այսպիսով, երևի դրա մասին է խոսքը։

-Նաև խոսք գնաց 2 հազարից ավելի թուրքական ապրանքների փոխարեն իրանական ապրանքների ներմուծման մասին։ Սա քաղաքական ի՞նչ ազդեցություն կունենա հայ-իրանական հարաբերություններում, նաև Հայաստանի տնտեսության վրա ի՞նչ ազդեցություն կունենա։

-Այդ ուղղությամբ ես դեռ կսպասեմ գործնական քայլերի։ Երբ որ մենք կտեսնենք, որ դա իսկապես արվում է, մի բան կնշանակի։ Իսկ եթե մենք կտեսնենք, որ միայն խոսակցություն, ուրեմն մի ուրիշ բան է նշանակում։ Այս պահի դրությամբ ես ենթադրում եմ, որ սա միայն խոսակցություն է։ Այնպես որ, չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան տեղի կունենա, մանավանդ, որ Հայաստանի տնտեսության նախարարը, ով ասեց, որ «հայ-թուրքական ապրանքներ» և այլն, «Թուրքիայի հետ տնտեսական շփում»։ Սկզբում դրա մասին ասաց, իսկ հետո ասում են, որ «թուրքական ապրանքները փոխարինվելու են», բայց թուրքական ապրանքների վրա արգելքը ժամանակային բնույթ է կրում։ Այսպիսով, արգելքն անվերջ չի լինելու, ու այդ ժամանակ մենք իսկապես կխոսենք ապրանքների փոխարինման, ներդրողների հետ աշխատանքի մասին և այլն։ Կամ էլ դա տեղի չի ունենա, և այդ փոխարինումը միայն խոսքեր են լինելու։ Ես ավելի շատ ենթադրում եմ, որ հիմիկվա կառավարությունն այնքան էլ հակված չէ Իրանի հետ հարաբերություններ ընդլայնել։ Համենայնդեպս, մինչև հիմա որևէ քայլ չենք տեսել։ Օրինակ՝ արտաքին գործերի նախարարը՝ Արա Այվազյանը, որը նշանակվել է կապիտուլյացիայից հետո, չի շփվում Իրանի հետ՝ չի զանգում, չի շփվում։ Մենք նման տեղեկատվություն չենք տեսել, որ ինքը շփվում է և ինչ-որ քաղաքականություն ունի Իրանի նկատմամբ։ Այդ դեպքում ինչի՞ վրա է հիմնված ակնկալիքը, որ իրանական ապրանքները մուտք կգործեն ու կփոխարինեն թուրքականին։ Ես կարծում եմ, որ սա ուղղակի ինչ-որ քարոզչություն է։   

-Իսկ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հարցի վերջնական կարգավորման մասով ի՞նչ կանխատեսումներ ունեք, հնարավո՞ր է դա։ Ֆրանսիան կրկին փորձում է ակտիվություն ցուցաբերել, նաև Մակրոնը հայտարարեց, որ պատրաստ է աջակցել քաղաքական հարցերի լուծմանը, ինչպեսև Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպման ժամանակ հիշատակեց Մինսկի խմբի անունը։ Տեսնո՞ւմ եք հնարավորություններ մանր-մանր քայլերով Մինսկի խմբի «վերակենդանացման» համար։

-Դե, բանակցությունները որպեսզի ինչ-որ ֆորմատով ընթանան, երկու կողմի համաձայնությունն է պետք։ Տվյալ դեպքում, իհարկե, Հայաստանը շահագրգիռ կողմ է, բայց Ադրբեջանը նման ցանկություն չունի։ Իմ իմանալով՝ Ադրբեջանն ուզում է, որ Մինսկի խումբն ընդհանրապես դուրս գա բանակցային օրակարգից։ Եվ Ադրբեջանն ընդհանրապես պատրաստ չէ որևէ բանակցություն վարել, որով կարող է կարգավիճակը սահմանվել կամ ուրիշ բան։ Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է բանակցել միայն ad hoc (լատ․, հայ․՝ սրան ուղղված, այդ պահի համար - ՀՐԱՊԱՐԱԿ) հարցերի շուրջ, այսինքն՝ կոնկրետ հիմա դաշտում ձևավորվող հարցերի, որոնք մի դեպքում կապված են շրջափակման, ճանապարհների հետ, մյուս դեպքում՝ ինչ-որ ժամանակավոր հարցերի՝ գերիների հարց, կրակի դադարեցման։ Բայց Ադրբեջանը չի ուզում առարկայական որևէ բան քննարկել`  հակամարտության հետ կապված։ Եվ երբեք չի էլ ուզել։