Չոբանը պիտի ոչխար պահի, թե չէ`լեռնադահուկային, ճոպանուղի, հայ-հարա՜յ, Քուրշեւել

Չոբանը պիտի ոչխար պահի, թե չէ`լեռնադահուկային, ճոպանուղի, հայ-հարա՜յ, Քուրշեւել

Ամիսներ առաջ Արագածի լանջերին կոմերցիոն ծրագրեր իրականացնելու մի քանի առաջարկ է եղել ՀՀ կառավարությանը՝ լեռնադահուկային մեծ եւ ժամանակակից համալիրի կառուցման («Արագեյթ ինվեսթմենթս» ընկերություն), որը ենթադրում էր մոտ 300 մլն դոլարի ներդրում եւ ֆերմերային տնտեսություններ ու էկոտուրիզմ պետք է զարգացներ: Մյուսը «Ռիդ» ՍՊԸ-ի նախագիծն է՝ մոտ 200 մլն ներդրումային կապիտալով, որը հաղթող է ճանաչվել: «Արագեյթ»-ին, որը ֆրանսիական ընկերությունների հետ է համագործակցում, նաեւ հայտնի հանգստավայրի՝ ֆրանսիական Կուրշեւիլի կառավարիչն է, կառավարությունը մերժել է: 

«Արագեյթի» սեփականատերը խոշոր գործարար Նիկոլայ Սարկիսովն է, իսկ «Ռիդ» ՍՊԸ-ի բաժնետերը՝ «Ռուցոգ-ինվեստ»-ի սեփականատեր, մոսկվաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանը: Դեռ հոկտեմբերին կառավարությունը հայտարարել էր, որ ընտրում է «Ռիդ» ՍՊԸ-ի՝ ֆերմաներ ու էկոտուրիզմ զարգացնելու ծրագիրը, որը համարվել է սոցիալական կոմպոնենտ պարունակող եւ նվազ ռիսկային: Օրերս էլ արդեն, համապատասխան որոշմամբ, գործադիրը հաստատել է իր ընտրությունը: Իսկ «Արագեյթին» առաջարկել են այլ տարածք ընտրել: 

Ինտրիգն այն է, որ 2020 թվականի հունվարին «Արագեյթ»-ի ու ՀՀ քաղշինկոմիտեի միջեւ Կուրշեւիլում ստորագրվել էր հուշագիր, իսկ մարտին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների այն ժամանակվա նախարար Սուրեն Պապիկյանի ու էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի հետ էր փաստաթուղթ ստորագրվել, որի համաձայն՝ ընկերությունը 200 մլն դոլար էր ներդնելու լեռնադահուկային համալիր կառուցելու համար: Շատերն էին ոգեւորված սպասում այս ծրագրի գործարկմանը, մեծ թվով աշխատատեղեր էին ստեղծվելու: Ապարանի ավագանին էլ էր կողմ արտահայտվել ծրագրին։ Ու հանկարծ՝ մերժում: 

Արդյո՞ք ավագանու դիրքորոշումը փոխվել է: Ապարանի փոխքաղաքապետ Հրայր Մկրտչյանը «Հրապարակին» հայտնեց, որ այսօր համայնքը նախապատվությունը տալիս է «Ռիդ» ընկերության ծրագրերին, քանի որ վերջինս Ապարանի շրջակա 5 բնակավայրերի համար ջրամբար է կառուցում, որից դրանք կօգտվեն, իսկ ջրամբարի շուրջ 300 առանձնատուն կլինի: «Այդտեղ հյուրատուն է լինելու, նաեւ զարգացնելու են օրգանիկ գյուղատնտեսությունը: Այսինքն՝ գյուղի բնակիչների հետ պայմանագիր են կնքելու, նրանց աշխատավարձ են տալու, որ մարդիկ գյուղմթերքի արտադրությամբ զբաղվեն: Այս ծրագիրը սոցիալապես ավելի նախընտրելի է: Մենք հանրային լսումների ժամանակ «Ռիդ» ընկերության հետ եկանք համաձայնության, որ նրանք պարտավորվում են նաեւ ոռոգման ցանց կառուցել ու 4-5 գյուղերին ինքնահոս ոռոգման ջրով ապահովել: Գումարած դրան՝ մոտ 40 կմ լեռնադահուկային ուղիներ պետք է կառուցեն: Եվ մենք ծրագրին հավանություն ենք տվել ավագանու որոշմամբ ու ուղարկել ենք կառավարություն»,- ասում է Հրայր Մկրտչյանը, որը պոտենցիալ ներդրողների հետ կապերն է համակարգում։  

Ինչո՞ւ ընտրեցին «Ռիդ» ՍՊԸ-ն եւ ոչ թե հայտնի Կուրշեւիլը՝ հարցին փոխքաղաքապետը պատասխանեց, որ նրանց մասին իրենք ավելի շատ հեռուստատեսությամբ են լսել: «Արագեյթ»-ի ներկայացուցիչների հետ մի անգամ են հանդիպել: 

- Իրենք ասացին, որ հանրային լսումներ կկազմակերպեն, բայց էլ չեկան: Մեկ-երկու անգամ ես եմ փորձել կապվել, խնդրել, որ իրենց ծրագրի մասին մեզ գոնե ինֆորմացիա ուղարկեն կամ ասեն, թե երբ են գալու: Իրենք ասացին, որ կգան, ու այդպես էլ չեկան: Հանրային լսումներն էլ չեղան, իսկ բնակիչները նախընտրեցին գյուղատնտեսական ծրագրերը, մանավանդ, որ «լեռնադահուկային» բաղադրիչ այստեղ էլ կա: Ֆերմերային տնտեսությունները ենթադրվում է զարգացնել Վարդենուտ, Արագած, Շենավան, եւս երկու-երեք համայնքներում:

- Ինչո՞ւ չէր կարելի երկու ծրագիրն էլ իրականացնել, բայց տարբեր տարածքներում: 

-  Երկու նախագծերում էլ նույն տարածքի մասին էր խոսվում: Բայց թող անեն: Մենք դեմ չենք: Ուղղակի, որքան հասկանում եմ, լեռնադահուկային համալիրի համար հյուսիսային գյուղեր էին պետք, որտեղ ձյունը երկար է մնում: 

- Իսկ ֆերմերային տնտեսությունները չէ՞ր կարելի այլ տեղերում զարգացնել, դրա համար է՞լ է ձյուն պետք: 

- Հազիվ մեր կողմերը ներդրում ա եկել, ինչո՞ւ եք ուզում ուրիշ տեղ տանեն: Կատակ եմ անում, իրականում շատ ճիշտ տեղ է ընտրված ե՛ւ էկոլոգիայի, ե՛ւ գյուղատնտեսության հեռանկարի, ե՛ւ մայրաքաղաքից մոտ լինելու հատկանիշներով: 

Ապարանի մերձակայքում կառուցվելիք օբյեկտների մասին մարդիկ արդեն ունեն ձեւավորված կարծիք, որն արտահայտում են սոցցանցերում: 

«Հայաստանում 300-ից ավելի լեռներ, 40-ից ավելի լեռնաշղթաներ կան: Արագածի լանջերին կառուցելու սկզբունքայնությունն ինչո՞ւմ ա: Գեղարքունիքի մարզում լեռ չկա՞, թե՞ ձյուն չի գալիս: Աշխարհում Արագածն արդեն ճանաչում ունի: Հայաստանի մյուս մարզերն էլ ունեն մեծ պոտենցիալ ու կարան զարմացնեն շատերին»,- գրում է ՖԲ օգտատեր Ռաֆո Արյանը: 

Իսկ օգտատերերից Արսեն Վարանյանն արտահայտիչ մեկնաբանում է. «Չափից ավելի պարզ է, որ ծաղկաձորյան կլանը, որտեղ սպասարկման, կացության, ծառայությունների գները Կուրշեւիլի մակարդակի են, իսկ մատուցման որակը՝ 20 անգամ ցածր, թույլ չէր տա նման հայանպաստ ծրագրի իրականացումը: Թե չէ, ինչ է, Հայաստանում էլ տավար-մալ, էծ, ճագար ու «օչխար» պահելու տեղ չկա՞ր: Պիտի բերեին, կոխեին հենց Երեւանի քթի տա՞կ, ու դեռ հարց է, կիրագործվի՞ այդ ծրագիրը, ամառային տեղումներով ոչ այդքան հարուստ հատվածում: Իմ սուբյեկտիվ կարծիքով, այս ամենը միտված է ուղղակի ոչնչացնելու դեռ նոր-նոր ի հայտ եկող «կոնկուրենտին»: Չոբանը պիտի ոչխար պահի, թե չէ` լեռնադահուկային, ճոպանուղի, հայ-հարա՜յ, Քուրշեւել»:

ՀԳ. Հայաստանի չքնաղ բնության գրկում՝ անտառների, լեռների մեջ կորած հարյուրավոր լքված, քայքայված տնտեսությամբ ու բնակֆոնդով գյուղեր կան, որտեղ ե՛ւ էկոտուրիզմ կարելի էր զարգացնել, ե՛ւ ֆերմերային տնտեսություններ ու օրգանական գյուղատնտեսություն: Օրինակ, Երեւանից մոտ 20 կմ հեռու, Կոտայքի մարզում գտնվում է Սեւաբերդ գյուղը՝ օլիգարխների երբեմնի որսատեղիներից մեկը, որտեղ ո՛չ ճանապարհ կա, ո՛չ նույնիսկ հասարակ խանութ: Մարդիկ տարիներ շարունակ երազել են, որ մեկը գա, իրենց օգնի՝ անարատ կաթն ու միսը վաճառեն, կյանքը ցիվիլ ռելսերի վրա դնեն: Կամ՝ էկոլոգիական տուրիզմի ինչ պակաս վայր է Լոռու մարզի Արդվի գյուղը, որտեղ գտնվում են մի քանի հին, քանդվող եկեղեցիներ: Դրանց տիրություն անող չկա: Քայքայվում են ժամանակի հետ: Տեղացիները վաղուց ունեն էկոտուրիզմ ու ֆերմաներ զարգացնելու ծրագրեր, մտմտում են ազնվամորու արտադրություն հիմնել: Նույնիսկ որոշել էին դիտակետ կառուցել, որ զբոսաշրջիկները բարձրանան, նայեն ու գնահատեն այս տեղերի հմայքը: Բայց այս ամենի համար փող է պետք, որը չկա: Մի «Ռիդ» ՍՊԸ նրանց կարող էր փրկել: