Ինչ ստուգումներ են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» -ում, ինչու է բանը հասել ոստիկանությանը

Ինչ ստուգումներ են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» -ում, ինչու է բանը հասել ոստիկանությանը

Մի քանի օր է՝ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» -ում ստուգումներ են ընթանում: Տեղեկությունը hraparak.am-ին հաստատեց նաև հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը: Մեր հարցին, թե ինչ ստուգումներ են, ճիշտ է արդյոք, որ պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով տարբեր երեխաների են ձևական գրանցել, եւ ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, Ժորժիկ Սերոբյանը պատասխանեց․ «Հիվանդանոցում ստուգումներ ընթանում են, իսկ ավել ինֆորմացիա կարող եք ստանալ ոստիկանությունից, համապատասխան մարմիններից, որոնք զբաղվում են, ես ավելին չեմ կարող ասել» :Ոստիկանությունից էլ իրենց հերթին նշեցին, որ այս պահին հավելյալ ինֆորմացիա չեն կարող տրամադրել: 

Հիշեցնենք, որ Ժորժիկ Սերոբյանը Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն էր նշանակվել 2020թ-ի հունվարին: Նրա ընտրության hետ կապված մի շարք խոսակցություններ եղան։ Հիվանդանոցի տնօրենի թափուր տեղի համար պայքարում էր 2 թեկնածու՝ հիվանդանոցի 15 տարվա տնօրեն Աշոտ Կուրղինյանը և 14 տարվա բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը:

Աշոտ Կուրղինյանը ստացել էր 7 կողմ, 0 դեմ , իսկ Ժորժիկ Սերոբյանը՝ 6 կողմ, 1 դեմ ձայներ: Շիրակի արդեն իսկ նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը նախապատվությունը տվեց  Ժորժիկ Սերոբյանին ՝ տնօրեն  նշանակելով նրան: Շահարկումների առիթ դարձավ այն, որ նորանշանակ տնօրենը «Իմ քայլը» կուսակցության անդամ է, Շիրակի պետական համալսարանի ռեկտորի որդին և մարզպետի մտերիմը։