Ովքեր են լինելու «ռուսական նոր էլիտայում»

Ովքեր են լինելու «ռուսական նոր էլիտայում»

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ Դաշնային ժողովին ուղղված ուղերձով։ Այն բավականին ծավալուն էր, տեւեց երկու ժամ կամ մի փոքր ավելի։ Ըստ էության, Ռուսաստանի նախագահը նախանշեց այն ուղղությունները եւ տվեց այն ուրվագիծը, որով ապրելու է Ռուսաստանն առաջիկայում՝ մինչեւ 2030 թվականը, եւ որոնք լինելու են առաջնահերթություն Ռուսաստանի համար։ Ուղերձի մասին դեռ խոսելու առիթներ կլինեն, սակայն խոսենք այն մասին, թե ինչով էր այն նշանային, որովհետեւ, մեծ հաշվով, ամբողջականացնում էր Ռուսաստանի, այսպես ասած, վերաֆորմատավորման գործընթացը, որի վերջնաժամկետ է նշանակվում, ըստ էության, 2030 թվականը։

Այս համատեքստում հատկապես կարեւոր էր Պուտինի խոսքում նոր էլիտային վերաբերող հատվածը։
Ռուսաստանի նախագահը, ընդ որում՝ արդեն քանիերորդ անգամ, հայտարարում է, որ ձեւավորում է նոր վերնախավ։ Պայմանականորեն դա անվանենք «պուտինյան ժամանակների արիստոկրատիա»։ Սրանք, ըստ ՌԴ նախագահի, հասարակության պահպանողական եւ ուժային-հայրենասիրական շերտերն են ներկայացնում, որոնք, իր կարծիքով, ծառայում են Ռուսաստանին` անմնացորդ, մասնակցում ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությանը կամ թիկունքում աշխատում օրնիբուն՝ ապահովելով ռուսական տնտեսության անխափան աշխատանքը։

«Պուտինյան ժամանակների արիստոկրատիան», ըստ էության, լինելու է այն կորիզը, որը հետագայում իր վրա է վերցնելու Ռուսաստան պետության ապագան՝ շեշտել է Պուտինը, նկատելով, որ նրանց կարելի է երկրի ապագան վստահել։ Այդ նոր էլիտան Պուտինի կողմից կտրուկ հակադրության մեջ դրվեց «տարերային 90-ականներին» «գրպանները լցնելու» միջոցով ձեւավորված այն «էլիտայի» հետ, որը մինչ այսօր ռուսաստանյան հասարակությունում ընկալվում է բացասական երանգով ու տոնայնությամբ, համարվելով, որ հենց նրանք, որպես ելցինյան ժամանակների վերնախավ, հիմնական մեղավորներն են, որ Ռուսաստանը թուլացել էր այդ շրջանում։ Այստեղ ուշագրավ է նաեւ այն, որ Պուտինը Ռուսաստանի ապագան իրենց վրա կրողներ է համարում ոչ թե տնտեսական բլոկում նոր սերունդը ներկայացնողներին, ոչ թե «օրինավոր հարկատուներին», այլ պահպանողական, ուժային հայրենասիրական բլոկը ներկայացնողներին, ինչը կարելի է համարել բնական՝ հաշվի առնելով, որ Պուտինն ինքը ուժային բլոկի ներկայացուցիչ է եւ առավել վստահում է հենց ուժայիններին։

Ի դեպ, եթե գնանք պատմության խորքը, ապա Պուտինը, ըստ էության, որպես օրինակ ունի Հայրենական մեծ պատերազմը եւ այդ շրջանի իրադարձությունները։ Մասնավորապես այն, որ պատերազմի մասնակիցները մեծ հաղթանակից հետո գնահատվեցին եւ ներգրավվեցին երկրի խաղաղ շինարարական եւ ստեղծագործ կյանքի կառուցմանը՝ համարվելով ամենից վստահելիները, եւ դա իր արդյունքը տվեց նրանով, որ արդեն 50-60-ականներին խորհրդային երկիրը գիտատեխնիկական, տեխնոլոգիական եւ տնտեսական լուրջ առաջընթաց գրանցեց եւ նույնիսկ առաջինը նվաճեց տիեզերքը։

Մեծ հաշվով Պուտինը, ով ռուսական իրականության մեջ ամենաշատը համադրելի է Ստալինի կերպարի հետ, հայտարարում է, որ կարող է վստահել նրանց, ովքեր երկրի համար արյուն են թափել ու պատրաստ են նույնիսկ սեփական կյանքը դնել զոհասեղանին` հանուն երկրի եւ նրա նախագահի, նույնիսկ եթե, ի վերջո, դա բերելու է Ռուսաստանի կայսրապետականացման վերջնական ամրագրմանը։