Արցախի մասի՞ն է ասում Ալիեւը, Արցախից էլ ստանալու է պատասխանը

Արցախի մասի՞ն է ասում Ալիեւը, Արցախից էլ ստանալու է պատասխանը

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը հրավիրված ԱԺ հատուկ նիստին Արցախի կառավարությունից մասնակցող միակ պաշտոնյան արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն էր։ Նրա հետ զրուցել ենք թե՛ իր՝ այդ պաշտոնում նշանակման եւ թե՛ Արցախի Հանրապետության օրն անշուք նշելու թեմայով։

- Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք ընդդիմանում էիք, քննադատում էիք Արցախի իշխանություններին, իսկ այսօր զբաղեցնում եք այդ նույն իշխանությունների կառավարությունում բարձր պաշտոն։

- Գիտե՞ք, ես ասեմ հետեւյալը․ մենք՝ Արցախի պահպանողական կուսակցությունը, իրեն չի հռչակել ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանական։ Մենք միշտ պահպանել ենք մեր դիրքն ու տեղը։ Այսինքն, ճիշտ քայլեր են անում՝ ողջունում ենք, սխալ քայլեր են անում, բնական է՝ քննադատում ենք։ Այսպես եղել է եւ այսպես կմնա՝ անկախ ամեն ինչից, որովհետեւ մեզ համար գերխնդիրը մեր երկրի պահպանությունը եւ հզորացումն է։ Դրա համար մենք չունենք թշնամիներ, բարեկամներ, մենք որեւէ մեկի կցորդը չենք եղել եւ չենք էլ լինելու եւ որեւէ մեկի թշնամին չենք։

- Դուք Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունը, մոտեցումները կիսո՞ւմ եք, ճի՞շտ եք համարում։

- Տեսեք՝ կան մոտեցումներ, կան քայլեր, որոնք ճիշտ են իրականացվում, կան խնդիրներ, որոնք վիճահարույց են։ Այդ հարցերի մասին մենք քննարկում ենք ազատ մթնոլորտում, առանց որեւէ բանի։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ընդունո՞ւմ եք։

- Ես չեմ ուզում միջամտել Հայաստանի ներքին կյանքին։ Ինչո՞ւ։ Ոչ թե չունեմ իմ կարծիքը, ոչ թե որեւէ մեկից վախենում եմ, բայց, ինչպես ես ասացի, արցախապահպանությունը եւ արցախակենտրոնությունը պետք է կարեւորվեն, արցախակենտրոն լինելը պետք է կարեւոր գաղափար լինի։ Այսինքն՝ Արցախը պիտի սրբություն լինի Հայաստանում եւ սփյուռքում։ Դա նշանակում է՝ մենք չպետք է միջամտենք ներքին քաղաքական կյանքին եւ մանրացնենք Արցախի արժեքը։ Այդ իսկ պատճառով մենք մեր տեսակետն ասում ենք, բաց արտահայտում ենք, գուցե որոշ մարդիկ այսպես մտածեն, որոշ մարդիկ այլ ձեւով մտածեն, բայց մենք ունենք մեր կարծիքը։

- Դուք չեք ուզում խառնվել Հայաստանի իշխանությունների ներքին կյանքին, բայց Հայաստանի իշխանությունները միջամտում են Արցախի ներքին կյանքին ու որոշում նրա ճակատագիրը։

- Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը եւ հայ ժողովուրդը։ Եթե մեր ժողովուրդն ունենա արժանապատվություն, ունենա մտավոր ներուժ, ունենա կազմակերպվածություն եւ հավատք, ամեն ինչ նորմալ է։ Եթե այդ արժեքները չլինեն, որեւէ մեկը չի կարողանալու փրկել, եթե ժողովուրդը չի ուզում փրկվել։

- Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Հայաստանի բարձրաստիճան պետական այրերից որեւէ մեկը չի այցելել Արցախ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության օրվա միջոցառումներին։

- Գիտե՞ք, ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք նրանց, ում նկատի ունեք։ Մեզ համար այս կարեւոր օրը մենք չենք ուզում քաղաքական տարբեր քննարկումներ իրականացնել։ Սա սուրբ օր է, եւ մենք ուզում ենք, որպեսզի այս ծանր պահին գոնե լինենք միասնական։

- Բայց պետք չէ՞ր, արդյոք, որ այդ սուրբ օրը միասնականության առումով Հայաստանի իշխանություններից բարձրաստիճան դեմքեր ներկա լինեին Արցախում, արցախցու կողքին։

- Կրկնում եմ՝ Արցախը սրբություն է, եւ ես չեմ ուզում ու կյանքում չեմ անելու մի քայլ, որ Արցախի արժեքը որեւէ մեկը խոցելի դարձնի։ Այդ հարցը տվեք նրանց, ում համարում եք, որ ճիշտ է այդ հարցն ուղղելը։

- Ինչ-որ կաշկանդվածությո՞ւն կա գնահատական հնչեցնելու հարցում։

- Ես որեւէ մեկից չեմ կաշկանդվում։ Կրկնում եմ՝ ինձ համար միայն մեկ արժեք կա, դա մեր միասնականության պահպանումն է եւ Արցախը՝ որպես սրբություն, դրա համար պետք է այնպես անենք, որպեսզի դա պահպանենք եւ որեւէ մեկին թույլ չտանք, որպեսզի անգամ փոքր հարված հասցնի Արցախին։ Ես իմ կողմից դա թույլ չեմ տա։

- Հայաստանի իշխանություններն արդեն հասցրել են հարված Արցախին՝ Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնելով։ Սա հարվա՞ծ չէր։

- Սա հարված էր, սարսափելի հարված էր մեր պետականությանը առհասարակ։ Բայց ես չեմ ուզում հիմա մտնենք ռաբորկաների մեջ։ Խնդիրն այն է, որ մենք՝ ինքներս, պիտի ինքնամաքրվենք։ Այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի հետ, ես կարծում եմ, որ ավելի խորը պետք է մենք վերլուծենք՝ ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ ես տեսնում եմ բոլոր մեր խնդիրները ներսից, բայց մեծ կոնտեքստում, հասարակության մեջ։ Որովհետեւ չկա իշխանություն առանց ժողովրդի, որը ժողովրդից չէ։ Եվ, ընդհանրապես, յուրաքանչյուր իշխանություն հասարակության հայելին է։

- Այսինքն՝ ժողովուրդն ընտրել է, ձայն է տվել տվյալ իշխանությանը, ուրեմն պետք է համակերպվե՞լ այս իրավիճակի հետ։

- Ժողովուրդն ունի բոլոր հնարավորությունները՝ կատարել իր ընտրությունը։ Եվ ես չեմ ուզում որեւէ մեկին գովաբանել, որեւէ մեկին փառաբանել, ամեն ինչ եղել է շատ թափանցիկ, բոլորը գիտեին՝ ով ով է, այդպես էլ պիտի լինի ցանկացած ընտրություն։

- Ստացվում է՝ բոլորը գիտեին, որ ընտրում են Արայիկ Հարությունյանին, որը կարող է համակերպվել Արցախի կորստի հետ կամ այս հարցում համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ։

- Եթե մենք շարունակում ենք այս ոճով, ուրեմն Ձեզ համար Արցախն արժեք չէ։

- Հակառակը, ես արցախցի չեմ, բայց ինձ համար Արցախը շատ մեծ արժեք է, պարոն Բաբայան։

- Եթե Ձեզ համար Արցախն արժեք է, մի՛ ներգրավեք Արցախը ներքաղաքական ռազբորկաների մեջ։ Կրկնում եմ՝ ես իմ կողմից երբեւիցե թույլ չեմ տալու, որպեսզի Արցախը դառնա ռազբորկաների մաս։ Դա չի նշանակում, որ Արցախը լինելու է համազգային հարցերի քննարկումից դուրս, այսինքն՝ էդպիսի բան չի լինելու։ Բայց մտնել այդպիսի խաղերի մեջ, երբ որ մեր առջեւ ծառացած են գոյության հարցեր, ես կարծում եմ՝ դա ճիշտ չէ։

- Ալիեւը պարբերաբար հոխորտում է, որ Արցախի այս մնացած 25 տոկոսն էլ է վերցնելու, եւ Հայաստանի ու Արցախի իշխանությունների կողմից հստակ գնահատականներ չեն հնչում Ալիեւի նկրտումներին ի պատասխան։ Մինչդեռ նախկինում անմիջապես փակում էին Ալիեւի բերանը, երբ նա փորձում էր տարածքային նկրտումներ ցուցաբերել։

- Ես չեմ կիսում Ձեր կարծիքը տակավին, որովհետեւ Դուք տեսեք իմ հայտարարությունները՝ ինչպես ենք մենք արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։

- Ձերը տեսնում ենք, բայց Հայաստանի կողմից չեն հնչում նման հայտարարություններ։

- Արցախի՞ մասին է ասում Ալիեւը, Արցախից էլ ստանալու է պատասխանը։

- Բայց Հայաստանն է բանակցում Արցախի հարցով։

- Հայաստանը բանակցում է, մենք ունենք մեր դիրքորոշումը, այն է՝ մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու երբեք։ Հիմա Ադրբեջանի նպատակն այն է, որ մենք՝ ինքներս համոզվենք եւ մտնենք այդ կազմի մեջ։ Այսինքն՝ դրանով լրիվ մեզ արժեզրկեն։ Այսինքն՝ նրանք ուզում են ազգը վերածել ժողովրդի, ժողովուրդը՝ ամբոխի, ամբոխն էլ՝ ցեղատեսակի։ Երբ որ մենք լինենք Ադրբեջանի կազմում, սա կնշանակի, որ մենք ո՛չ ազգ ենք, ո՛չ ժողովուրդ ենք, ո՛չ էլ ցեղատեսակ ենք։ Դա չի՛ լինելու։

- Ալիեւն արդեն պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ այս 25 տոկոսը եւս ճանաչի Ադրբեջանի մաս։

- Ես չեմ պատկերացնում էդպիսի բան, չեմ էլ ուզում մտածել, որովհետեւ դա անհնար է։ Այսինքն՝ Արցախը որեւէ մեկը չի կարող ճանաչել Ադրբեջանի կազմում։ Կրկնում եմ՝ Ադրբեջանի գերնպատակն է, որ մենք՝ ինքներս դա անենք, առաջին հերթին՝ Արցախը։ Բայց ես կարծում եմ, որ դա հնարավոր չէ։