Ընդդիմությունը մերժել է պաշտոնական հրավերներն ու շարժվել սեփական օրակարգով

Ընդդիմությունը մերժել է պաշտոնական հրավերներն ու շարժվել սեփական օրակարգով

Արցախի Հանրապետության 30-ամյակին Արցախ այցելած ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները գրեթե ամբողջությամբ մերժել են Արցախի իշխանությունների հրավերներն ու իրենց սեփական օրակարգով շարժվել։

Արցախի ԱԺ նախագահի հրավիրած հանդիսավոր նիստին են միայն մասնակցել, որտեղ ելույթներ են ունեցել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները։ Մենք գրել էինք, որ Արմեն Ռուստամյանի եւ Արթուր Վանեցյանի ելույթներից հետո դահլիճից ծափեր են հնչել, մինչդեռ ԱԺ ՔՊ-ական փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ելույթից հետո ոչ ոք չի ծափահարել, անգամ Արցախի խորհրդարանի իշխանական թեւը, եւ դա ՔՊ-ականները ծանր են տարել։

Նիստից հետո Գանձասարում Արթուր Թովմասյանը բոլոր պատգամավորներին ճաշի է հրավիրել, որը, սակայն, նախորդ օրվա հրավերի նման, մերժվել է ընդդիմադիրների կողմից։ Միայն «Հայաստան» դաշինքի մի մասը՝ ՀՅԴ-ականներն ու Արթուր Ղազինյանն են մասնակցել պաշտոնական ճաշին, իսկ «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ից Վահե Հակոբյանի թեւը՝ կին պատգամավորների հետ, ինչպես նաեւ Աղվան Վարդանյանը, մերժել են իշխանությունների հետ սեղան նստելու հրավերը։ Թեեւ, իհարկե, դեռ շատ առիթներ են ունենալու նույն սեղանի շուրջ հայտնվելու, եւ դրանից հնարավոր չի լինելու խուսափել։

Գանձասարում ճաշի ժամանակ, ի դեպ, երկու երկրների իշխանությունների՝ Արցախի նախագահի կամ Նիկոլ Փաշինյանի կենացները չեն խմել՝ հավանաբար հաշվի առնելով, որ ընդդիմադիրները դրան կարող են վատ արձագանքել։ Մեզ ասացին, թե Արցախի ԱԺ նախագահը ծանր է տարել, որ իր հրավերը շատերը մերժել են, եւ հաջորդ օրը նորից է փորձ արել նրանց եւս մեկ հանդիպման հրավիրելու, սակայն դարձյալ մերժվել է։ Բնական է, որ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հրահրած ծեծուջարդից հետո իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների համար շատ բարդ կլիներ միմյանց հետ հարաբերվելը։ Կառավարության ծրագրի քննարկման օրերին ՀՀ վարչապետն անհաղթահարելի սեպ խրեց խորհրդարանական խմբակցությունների միջեւ, եւ հասկանալի չէ, թե երբ է այդ թշնամանքը հաղթահարվելու։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Արցախ էին մեկնել խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը, «Հայրենիք» կուսակցության մի խումբ անդամներ։ Նրանք Երեւան են վերադարձել սեպտեմբերի 2-ի երեկոյան, իսկ Վահե Հակոբյանը՝ իր կուսակիցների հետ, որոնց թվում էին Աննա Գրիգորյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, մեկ օր ավել են մնացել, քանզի Հակոբյանը լրացուցիչ հանդիպումներ ուներ Արցախում։ Մասնավորապես, սեպտեմբերի 2-ի երեկոյան նա առանձին հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովին, որի հետ նաեւ այցելել է Ստեփանակերտի ռուսական եկեղեցի, որի կառուցման աշխատանքներին ինքն աջակցել է։ Նախորդ օրն էլ Հակոբյանն առանձին հանդիպում էր ունեցել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Հայաստան» խմբակցությունն էլ հանդիպել էր Արցախի Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Սրանից զատ՝ նաեւ խմբակցության առանձին ներկայացուցիչներ իրենց սեփական օրակարգով էին հանդիպումներ ունեցել։ Օրինակ՝ տեղեկացանք, որ Աղվան Վարդանյանն առանձին հանդիպել է Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ինչպես նաեւ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, Արցախի ԱԽ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի, Արցախի հերոս Ժաննա Գալստյանի հետ։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը եւս հանդիպումներ է ունեցել Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հետ, անձամբ Արթուր Վանեցյանն էլ առանձին հանդիպել է Բակո Սահակյանի, Վիտալի Բալասանյանի եւ նախկին ու ներկա պաշտոնատար այլ անձանց հետ։

Իսկ ՔՊ-ականներն այդ ընթացքում թիկնազորով շրջում էին Ստեփանակերտի փողոցներով, հանդիպումներ ունենում արցախցիների հետ, ծաղիկներ դնում Եղբայրական գերեզմանատանը։ Արցախի տոնի օրն էլ նրանց հետ կապված տհաճ միջադեպ էր գրանցվել, որը կանխել էր Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Բանն այն է, որ զոհված արցախցի երիտասարդների մի խումբ ծնողներ, քարեր վերցրած, մտել են այն  հյուրանոցը, որտեղ հանգրվանել էին ՔՊ-ականները, եւ փորձել հաշվեհարդար տեսնել նրանց հետ՝ Արցախը հանձնելու եւ իրենց զավակներին խլելու համար։

Ոստիկանությունը, բարեբախտաբար, կանխել է դա։ Եվ չնայած մեր հրապարակումից հետո ՔՊ-ականները փորձեցին հերքել, թե նման բան չի եղել, սակայն Արցախում բոլորը գիտեն դրա մասին եւ անգամ նրանց հերքումների տակ գրում էին՝ մի ստեք։