ՌԴ դեսպանի հանդիպումները՝ պատերազմից առաջ եւ այս օրերին

ՌԴ դեսպանի հանդիպումները՝ պատերազմից առաջ եւ այս օրերին

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո հայ հանրությունը հայացքը կտրուկ հառեց դեպի Ռուսաստանը՝ ակնկալելով, որ մեր ռազմավարական դաշնակիցը կրկին կմիջամտի եւ օր առաջ կկանգնեցնի պատերազմը։ Կարելի է ասել՝ Ռուսաստանի դերն այս օրերին առավել, քան երբեւէ, սկսեց արժեւորվել։ Նույնիսկ Հայաստանում հայտնի պրոարեւմտյան եւ, բնականաբար՝ հակառուսական գործիչներն ու լրատվամիջոցները սկսեցին Վլադիմիր Պուտինի խոսքերը ցիտել եւ աղերսագին հայացքով Ռուսաստանի կողմը նայել, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում եւ անգամ այս օրերին բավականին տարօրինակ կեցվածք է դրսեւորել Ռուսաստանի ու անձամբ Վլադիմիր Պուտինի հանդեպ։ Օրերս նա իր հարցազրույցներից մեկում, լրիվ անհասկանալի պատճառներով ու մոտիվացիայով, թափանցիկ ակնարկներ արեց այս կոնֆլիկտում Ռուսաստանի դերակատարման նվազեցման, ՌԴ նախագահին երկրորդ պլան մղելու, փոխարենը մեր մյուս բարեկամ երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հատուկ արժեւորելու ուղղությամբ։ Իհարկե, չենք ուզում հիշեցնել Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ արած հակառուսական հայտարարությունների մասին, այդ թվում՝ ռազմաքաղաքական կոնտեքստում, քանի որ, ինչպես տեսնում ենք, վերջին օրերին նա 5 անգամ արդեն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Ասել է թե՝ հույս կա, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը բավարար խոհեմություն կցուցաբերի՝ ստանալու մեր ռազմավարական դաշնակցի աջակցությունը՝ այս պատերազմը գոնե այսքան կորստով եւ առավելագույնս արագ ավարտին հասցնելու հարցում։ Թեպետ Պուտին-Փաշինյան հարաբերությունների ու նրանց զրույցների մասին այս օրերին տարատեսակ ինֆորմացիաներ ենք ստանում, բայց չենք հրապարակում, որ մենք էլ մեր կողմից սեպ չխրենք հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների շտկման գործում։

Փոխարենը՝ փորձեցինք հասկանալ, թե վերջին մեկ ամսվա ընթացքում՝ պատերազմից առաջ եւ այս օրերին, Հայաստանում Ռուսաստանի խոսափողը հանդիսացող դեսպան Սերգեյ Կոպիրկինն ում հետ է հանդիպել եւ ինչ է քննարկել։ Մամուլի մոնիտորինգը ցույց տվեց, որ Կոպիրկինն այս ընթացքում ավելի շատ հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախկին ղեկավարների հետ։ Մասնավորապես, սեպտեմբերի 9-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ՝ նրա առանձնատանը: Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: Ապա մամուլում հրապարակումներ եղան, որ Տեր-Պետրոսյանն այդ հանդիպման ժամանակ հասկացրել է դեսպանին, որ Փաշինյանի քայլերն ու որոշումներն իրեն չվերագրեն, այսինքն՝ փորձել է տարանջատվել գործող իշխանությունից։

Հոկտեմբերի 1-ին՝ արդեն պատերազմի մեկնարկից մի քանի օր անց, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Աշոտյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ ՀՀ նախկին նախագահն ու ՌԴ դեսպանը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան: Եվ Սերժ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի գնալու մասին:

Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, եւ Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ ընթացող, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով: «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երկարաժամկետ ու արդարացի խաղաղության հասնելու անքակտելի եւ անկյունաքարային բաղադրիչն է հանդիսանում»,- ասել է նա: Իր հերթին՝ դեսպան Կոպիրկինը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը եւ իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ իր կողմից գործադրվող ջանքերն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակներում:

Երկու օր առաջ էլ՝ հոկտեմբերի 6-ին, Երեւանում տեղի է ունեցել Արցախից նոր վերադարձած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հետ։ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունը շատ աղքատիկ էր՝ ՌԴ դեսպանն ու երկրորդ նախագահը քննարկել են իրավիճակը հակամարտության գոտում: Այսքանը։
Օրեր առաջ էլ Կոպիրկինը, մեր տեղեկություններով, հանդիպել է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ, որի մասին հաղորդագրություն չտարածվեց։ Կուսակցությունից մեր հարցին ի պատասխան ասացին՝ այո, հանդիպել են, քննարկել են, բնականաբար, արցախյան կարգավորմանն ուղղված հարցեր, հայ-ռուսական հարաբերությունները։

Ինչ վերաբերում է իշխանական շրջանակների հետ հանդիպումներին, ապա նշենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմում ՌԴ դեսպանի հետ մտերիմ հարաբերություններ ունի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որի հետ նա հաճախակի է հանդիպումներ ունենում։ Իսկ գործադիրից ՌԴ դեսպանի վերջին ամենաթարմ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը՝ հաշվի առնելով Երեւանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները: