200 հազար զբոսաշրջիկի հոսք, տարածաշրջանում միակ այգին՝ Գյումրիում․ լուսանկարներ

200 հազար զբոսաշրջիկի հոսք, տարածաշրջանում միակ այգին՝ Գյումրիում․ լուսանկարներ

Օրերս Գյումրու համայնքապետարանում փակ քննարկման ներկայացվեց Գյումրու Բարեկամության այգու դիզայն-կոնցեպտը, որին մասնակցում էին նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանը և այլք: Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, անդրադառնալով  ծրագրի շրջանակներում մինչ այս կատարված աշխատանքներին՝ նշեց,թե այգու վերակառուցումն իր լուրջ ազդեցությունը կունենա նաև զբոսաշրջության ոլորտի վրա: 

«Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանն էլ ներկայացրեց Բարեկամության այգու դիզայն-կոնցեպտը, որը թղթի վրա նկարված՝ ասես դրախտավայր լինի: 70 տոկոս կանաչապատ տարածք՝ 700-ից ավել ծառատեսակով, առանց պարիսպների, ժամանակակից ատրակցիոնների, տարածաշրջանում աննախադեպ այգի է ունենալու Գյումրին՝  Շարլ Ազնավուրի հրապարակի հարևանությամբ՝  նախկին Շիրակ հյուրանոցի  դիմաց :

Պատասխանատուները վստահեցնում են, որ այգու բարեկարգման աշխատանքները կմեկնարկեն մոտակա ժամանակներում, այգին տարվա բոլոր եղանակներին գործելու է նույն ակտիվությամբ: Մշակվել է միջազգային, տարածաշրջանային և լոկալ միջոցառումների ուղեցույց, որը հնարավորություն կընձեռի ապահովել արտաքին և ներքինի տուրիզմի աճը տարածաշրջանում: Ըստ ծրագրի՝ նախատեսվում է տարեկան ավելի քան 200 հազար զբոսաշրջիկի հոսք Գյումրի քաղաք։ 

Նախատեսվում է 2022 թվականի օգոստոսին ավարտին հասցնել այգու կառուցումը:
Նշենք, որ Գյումրիի «Բարեկամություն» այգու վերակառուցման ծրագիրն իրականացվելու  է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի՝ Գյումրիի զարգացման ծրագրի շրջանակում: Ծրագիրն արժե 10 մլն դոլար, որից միայն 1 մլն դոլարը կառավարությունը կհատկացնի:
Հիշեցնենք, որ դեռ 2019-ի հոկտեմբերին ՝ «Ավրորա» ֆորումի շրջանակներում,տեղի ունեցավ Գյումրու «Բարեկամություն» պուրակի հիմնարկեքի արարողությունը: «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը  մեզ  հետ զրույցում նշեց, որ սա իրենց առաջին ծրագիրն էր Գյումրիում, իսկ հետագա անելիքների մասին նախընտրում է խոսել աշխատանքների ավարտից հետո, ըստ գործարարի՝ պուրակի շինաշխատանքները նախատեսված էր ավարտին հասցնել մինչև 2021 թվականը, որից հետո  հնարավոր է՝ Գյումրիում հանդես գան այլ նախաձեռնություններով:

Տեղեկացանք, որ  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը կառավարության հետ համատեղ արդեն սկսել էր այգու նախագծման աշխատանքները, երբ համավարակի պայմաններում նախագծող հիմնական խումբը Հայաստան գալ չկարողացավ, սակայն աշխատանքները կանգ չեն առել: Պուրակը, որտեղ ժամանակին տեղակայված էր երկու տասնյակից ավել տնակ, այսօր ամբողջությամբ մաքրվել է: Թեև  գյումրեցիները թերահավատ են․ նմանատիպ խոստումներ ու նախաձեռնություններ շատ են լսել, սակայն ոչ մեկը դեռևս չի իրագործվել, այս մեկը, կարծես թե, կյանքի կոչվելու ճանապարհին է, բայց ինչպես ասում են՝ աչքս տեսնի։