«Հրապարակ». Հայերն էլ Բաքվում են ապրել, բայց մենք չենք պնդել, որ Բաքուն հայկական քաղաք է

«Հրապարակ». Հայերն էլ Բաքվում են ապրել, բայց մենք չենք պնդել, որ Բաքուն հայկական քաղաք է

Տավուշը ոչ միայն Նոյեմբերյան է, այլ նաեւ Իջեւան, Դիլիջան, Բերդ եւ այլն: Մեր ազգն այնքան է պառակտվել, որ անգամ հարեւան գյուղերը միասնական չեն` ամեն մեկն իր հողի, իր արոտավայրի, իր ճանապարհի ու ապագայի համար է պայքարում: Փաշինյանական քաղաքականության արդյունքն է, որ մեզանում հատվածական պայքար է գնում հայրենիքի համար, եւ ամեն մեկին թվում է, թե հերթն իրեն, իր գյուղին, իր քաղաքին չի հասնելու: Այս անգամ տավուշցիներն են հարվածի տակ, վաղը մյուս մարզերն են հայտնվելու: Սակայն անգամ տավուշցիների մեջ կան մարդիկ, որոնք հող հանձնելու կողմնակից են, եւ դրանք հիմնականում իջեւանյան ծագում ունեցող պաշտոնյաներն են, որոնք, մի կողմից, Նիկոլ Փաշինյանի հետ համերաշխությունից, մյուս կողմից` կերակրատաշտից չզրկվելու համար, մեկ մարդու նման կրկնում են` Տավուշի չորս գյուղերը պետք է հանձնել Ադրբեջանին, քանի որ դրանք ադրբեջանական են: Հայ ժողովուրդն ինչպե՞ս կարող էր միամտաբար կարծել, որ իրենց փոքր հայրենիքը` սեփական ծննդավայրն ուրացող Նիկոլ Փաշինյանը, Վահե Ղազարյանը, Վահե եւ Հայկ Ղալումյանները, Վահագն Ալեքսանյանը կարող էին Արցախ պաշտպանել ու պահել: Եթե Տավուշի հանդեպ չունեն ցավի, ափսոսանքի զգացում, պատրաստ չեն ամեն գնով այն պաշտպանել, Արցախն ինչքան հեռու է իրենց ծննդավայրից ու օտար:

Արդեն քանի օր է՝ իրավիճակը լարված է Տավուշի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում: Տեղացիները մեկ մարդու նման պնդում են, որ մեկ սանտիմետր հող Տավուշից Ադրբեջանին չեն զիջելու, պահելու են իրենց հողը: Մանավանդ՝ խնդիրը միայն հողը չէ, այլ հատկապես մեր պաշտպանական դիրքերը, որոնք Տավուշում ամենաամուրն են: Խնդիրը ճանապարհն է, գազամուղը եւ այն, որ ադրբեջանցիների առաջ բացվում է Հայաստանը, եւ Լոռվա մարզը դառնում է սահմանամերձ ու թշնամու համար խիստ մատչելի: Եվ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը տեղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ոչինչ առանց նրանց հետ քննարկելու չի հանձնելու Ադրբեջանին, երեկ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում հայկական կողմը` իշխանության հրահանգով, ականազերծման աշխատանքներ էր սկսել իրականացնել: Թեմայի մասին զրուցել ենք Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի եւ Իջեւանի նախկին համայնքապետ Վարուժան Ներսիսյանի հետ: 

Հարություն Մանուչարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Իմ կարծիքը հենց հիմա Կիրանցում ու Ոսկեպարում կանգնած մարդկանց կարծիքից չի տարբերվում` գյուղերի հայկական լինելու մասով: Մեր մարզում` Տավուշում, ադրբեջանցիներ ապրել են, այնպես, ինչպես Երեւանում, հետո՞ ինչ: Հայերն էլ Բաքվում են ապրել, բայց այսքան ժամանակ մենք չենք պնդել, որ Բաքուն հայկական քաղաք է: Մոսկվայում, Լոս Անջելեսում էլ շատ հայեր են ապրում, ուրեմն Ամերիկան ու Ռուսաստանը մե՞րն են: Այն ժամանակ խաղաղ երկիր է եղել, մարդկանց համար կարեւոր չի եղել, թե հայը որտեղ կապրի, թուրքը` որտեղ: Մի պետություն ենք եղել, ցանկացած տեղ իրար հետ ապրել ենք, բայց դա չի նշանակում, որ եթե իրար հետ ենք ապրել, մեր հայրենի հողերը նրանցն են` ոչ: Հայաստանում հիմա տեսնում եք, չէ՞, ինչքան այլազգիներ, օրինակ, հնդիկներ կան, ու ի՞նչ, այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը պետք է տարիներ հետո Հնդկաստա՞ն դառնա: Այսօր հնդիկներն են Հայաստանում շատ, այն ժամանակ էլ ադրբեջանցիներն են մեր գյուղերում ապրել, բայց նորից եմ ասում` դա չի նշանակում, որ դրանք ադրբեջանական գյուղեր են: Այդ նույն գյուղերում հայերն ավելի շատ են եղել: Կիրովաբադում, Բաքվում հայկական թաղամասեր կան, բայց դրանից չենք կարող եզրակացնել, որ նշածս քաղաքները հայկական են: Հիմա Ադրբեջանը Տավուշից է դիրքեր ուզում, որովհետեւ ամենաուժեղը Տավուշի դիրքերն են: 90-ականներից սկսած՝ Տավուշի դիրքերը բարելավվել են: Պետական ծրագրերով ու այլ միջոցներով, ինչու չէ` տեղացիների շնորհիվ: Հիմա այսօր թշնամին ամենաուժեղ տեղից է սկսում, որ մեզ թուլացնի»: 

Իջեւանի նախկին համայնքապետեր Վարուժան Ներսիսյանն ու Վարդան Ղալումյանն էլ թեպետ նեղ շրջապատում այս իշխանություններին դաժան քննադատության են ենթարկում, սակայն մեզ հետ զրույցում բավականին զուսպ արտահայտվեցին:

Վարուժան Ներսիսյանն ասաց. «Իշխանությունները շատ սխալ են անում, չկա նման բան, որ այդ տարածքները լինեն ադրբեջանական, իրենք բացարձակապես իրավիճակին չեն տիրապետում: Դրանք հայկական գյուղեր են»:

Վարդան Ղալումյանն ասաց. «Այդ գյուղերն ադրբեջանական չեմ համարում` բացարձակապես»: