«Հրապարակ». Ես էլ Բուդյոննին չեմ, որ սուրը ձեռս առնեմ՝ ընկնեմ փողոց

«Հրապարակ». Ես էլ Բուդյոննին չեմ, որ սուրը ձեռս առնեմ՝ ընկնեմ փողոց

Արդեն քանի օր է՝ Տավուշը փոթորկված է, տավուշցիները բողոքի ակցիաներ են անում, փակում են Կիրանց գյուղի հատվածով անցնող միջպետական ճանապարհը: Երեկ փակել էին նաեւ Ալավերդի գնացող ճանապարհը, Բավրայի անցակետը: Մարդիկ ինքնակազմակերպվում են, Տավուշի հողի համար պայքարի շարժումն արդեն ունի իր հերոսներն ու հակահերոսները: Թիվ մեկ հերոսը, իհարկե, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանն է, ով աննկուն առաջ է տանում իր գործը` ուշադրություն չդարձնելով իշխանական ճամբարից կազմակերպվող արշավին, հերյուրանքներին, վիրավորանքներին: Այնպես, ինչպես վայել է իրական հերոսին: 
Նախօրեին պայմանավորվածություն կար, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով այս պրոցեսում ամենաբացասական գործառույթն է ստանձնել` իր ստորագրությամբ վավերացնելով հողերի հանձնումը, պետք է մեկներ Տավուշ` տեղի բնակչության հետ հանդիպելու, սակայն երեկ հայտարարվեց, որ ոչ թե ինքն է մեկնում, այլ Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը, համայնքապետերն են գալիս Երեւան: Հավանաբար, վախեցավ Տավուշ գնալ՝ իմանալով, որ ժողովուրդը խիստ վրդովված է, եւ իր այցելությունը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: 

Բայց որքան էլ ժողովուրդը վրդովված է, եւ դա երեւում է ամեն ինչից ու հատկապես` սոցիալական ցանցերում մարդկանց արձագանքներից, ակնհայտ է, որ պայքարը ցաքուցրիվ է, չկան առաջնորդներ եւ կազմակերպվածություն: Եթե այս պահին ընդդիմությունը գար առաջին պլան եւ ստանձներ պայքարն առաջնորդելու գործը, շատ բան կարող էր երկրում փոխվել: Բայց այս քաոսի մեջ առաջին պլան են եկել կասկածելի անձինք եւ ուժեր: Մե՛կ Դոգն է կոչ անում` հրապարակ կանչում մարդկանց, մե՛կ` «Սասնա ծռերն» են հանրահավաքի մասին հայտարարում, Երկրապահ կամավորականների միությունն էլ, փոխանակ երկիրը պահի` իր անվանը հավատարիմ մնալով, հող հանձնողներին է պաշտպանում, եւ անգամ ԵԿՄ մեքենան են քշում ժողովրդի վրա: Զուգահեռաբար այս պարտվողական իշխանությունն ականազերծում է իրականացնում, որ հանկարծ մեր հողերը զավթելուց հետո որեւէ ադրբեջանցու ոտը քարին չառնի, ականի վրա չպայթի, եթե պայթեն, ապա հայ ականազերծողները միայն պայթեն: Եվ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը, իր սովորույթի համաձայն, փորձում է նոր թեմա տալ, նոր շոու կազմակերպել, որ ժողովրդի ուշադրությունը շեղի բուն խնդրից` գնում է Լոռվա մարզ, դպրոցում գնդակ է խաղում, շինարարության որակն է ստուգում եւ այլն: 
Իսկ որտե՞ղ է երկրի ընդդիմությունը` խորհրդարանական եւ արտախորհրդարանական, որը 2021-ին իշխանափոխություն անելու խոստումներով քվե ստացավ եւ գնաց ԱԺ` «ՔՊ-ի կյանքը դժոխք դարձնելու» նպատակով: Միայն հատուկենտ պատգամավորներ են այս օրերին երեւում ասպարեզում: Ի՞նչ են մտածում այս պահին ընդդիմադիրները եւ մասնավորապես` 2020-22 թվականներին պայքարին ակտիվ մասնակցած անձինք. Իշխան Սաղաթելյան, Արթուր Վանեցյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Մանուկյան եւ ուրիշներ:
Վազգեն Մանուկյանը, ով 2020-ին Հայրենիքի փրկության շարժման լիդերն էր` վարչապետի թեկնածուն, մեզ հետ զրույցում նշեց. «Ամեն մեկն անում է այն, ինչ հարմար է գտնում: Կարծում եմ` Ոսկեպարում շատ ճիշտ է, որ երիտասարդները հավաքվում են, կառաջանան նոր խմբավորումներ ու նոր լիդերներ: Պայքարը գնում է, եւ պարտադիր չէ, որ բոլորը նույն բանն անեն»: Մենք հետաքրքրվեցինք` գուցե ինքը նեղացա՞ծ է ժողովրդից, որ իրեն չպաշտպանեցին, իր ետեւից չգնացին, նրա պատասխաններից այդ տպավորությունը ստացանք: Բայց պարոն Մանուկյանն այդ հարցին չպատասխանեց, մաղթելով հաջողություն՝ անջատեց հեռախոսը: 

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովից հարցրինք` ինչո՞ւ ընդդիմությունը որեւէ քայլ չի ձեռնարկում` պայքարի համար, նա նշեց. «Ընդդիմությունն ինչ կարողացել ու կարողանում է, անում է»։ Բավարա՞ր է։ «Ոչ»։ Ի՞նչ անել։ «Համախմբվել ու պայքարել»։ 

Ինչպե՞ս։ «Անկեղծ, չգիտեմ։ Բայց առնվազն մենք ոչինչ չենք խնայել սրանց դեմն առնելու համար։ Դեռ չի ստացվել։ Աստված տա՝ ստացվի։ Մեր պատգամավորները Տավուշում են, մենք հստակ հայտարարություն ենք արել։ Ով ականջ ունի, թող լսի, ով աչք ունի, թող տեսնի։ Ճամփա էլ ենք փակել, ամիսներով փողոցում էլ ենք մնացել, բայց անարդյունք առայժմ։ Ես էլ Բուդյոննին չեմ, որ սուրը ձեռս առնեմ՝ ընկնեմ փողոց։ Լուծումը պայքարն է Երեւանում։
Քանի տարի է՝ ասում ենք։ Պայքարը համազգային բնույթ պետք է ստանա։ Չի եղել մի պայքար, որտեղ մենք ներգրավված չլինենք։ Սա համազգային պայքար պետք է լինի ու ոչ թե կուսակցական։ Մեզ որ մնար, սրանք ո՛չ կգային ու ո՛չ էլ կվերընտրվեին։ Աստված առաջ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: