Թուրքիայի խուլիգանությունից հետո Եկատերինան երևի շուռ է գալիս դագաղում

Թուրքիայի խուլիգանությունից հետո Եկատերինան երևի շուռ է գալիս դագաղում

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող և «Խաղաղության աղբյուր» անունն ունեցող ռազմական ներխուժումը ոչ միայն նոր թափ է հաղորդում սիրիական ճգնաժամին, այլև լուրջ մարտահրավեր է տարածաշրջանային և գլոբալ հիմնական ֆիգուրանտների համար՝ Թուրքիա, Իրան, Իսրայել, ի վերջո` նաև ՌԴ ու ԱՄՆ։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքեց շատ արագ՝ նշելով, որ թուրքական նոր ներխուժումը հանգեցնելու է տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո` մարդասիրական նոր ճգնաժամի։

Սիրիական նոր ճգնաժամին կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Հայտարարեց նաև, որ Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։ 

Կառավարությունը պատրաստվում էր նիստի օրակարգի սպառումից հետո դռնփակ ռեժիմով քննարկում կազմակերպել և մտքեր փոխանակել Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և մեր դիրքորոշումների վերաբերյալ, որից հետո սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հրապարակ»-ի այն հարցի վերաբերյալ, թե քննարկվե՞լ է նոր փախստականների ընդունման հարցը, ասաց, որ բոլոր հնարավոր ու անհնարին տարբերակները քննարկվել են։ Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել։ Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն էլ հաղորդեց՝ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա: 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատում առաջարկ է հնչել՝ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, իսկ ՌԴ արտգործնախարար Լավրովը, մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները՝ համ նալին, համ մեխին հայտարարություն արեց՝ ասելով,  որ Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունները, սակայն դրանք պետք է կարգավորվեն՝ Դամասկոսի շահերը հաշվի առնելով: «Մենք մշտապես՝ սիրիական ճգնաժամի հենց սկզբից, ուշադրություն ենք հրավիրել այն փաստի վրա, որ հասկանում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունն իր սահմանների անվտանգության համար»:

«Հրապարակը» սիրիական թնջուկի նոր հանգույցների վերաբերյալ խոսել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։ Արման Նավասարդյանն ասում է, որ սա Սիրիայի հետ կապված մեծ թուրքական քաղաքականության շարունակությունն է, որն այս պահին չի համընկնում ոչ ամերիկացիների, ոչ էլ իր դաշնակից Ռուսաստանի և Իրանի ռազմաքաղաքական դոկտրինների հետ։  

«Որովհետև այնտեղ բոլորովին ուրիշ մոտեցում կար, խոսքն այն մասին է, որ ռուսական կողմը նույնիսկ խոսեց այս մասին, նույն՝ Լավրովն ասաց, որ պատերազմը վերջացած է։ Բայց սա նշանակում է, որ պատերազմը բացարձակապես վերջացած չէ, և սա, եթե հիշում եք, Թուրքիայի երրորդ ներխուժումն է։ 2016-ին  «Եփրատի վահանն» էր, 2018-ին՝  «Ձիթենու ճյուղը», և սա, որով Էրդողանը, ըստ իր հայտարարության, պետք է ոչնչացնի ահաբեկչական խմբավորումները և ստեղծելու է բուֆերային գոտի»,-ասում է  Արման Նավասարդյանը։

Սա, նրա խոսքով, ուղղված չէ ԻՊ-ի, իսլամական ուժերի, այլ սրանից հետո պարտիզանական սրբազան պատերազմ հայտարարած  քրդերի դեմ՝ շատ հեռուն գնացող ծրագրի շրջանակում։ 

«Ի դեպ, այնտեղ  70-80 հազարանոց բանակից, որ ունի 15 հազարը, այն միավորներն են, որոնք կռվում են իր շարքերում՝ քրդերի դեմ »,-ասաց Արման Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ ողջ վտանգն այն է, որ այս ներխուժումը միանգամից կարող է փոխել աշխարհաքաղաքական ողջ ուժերի հարաբերակցությունը։ Չմոռանանք, որ այդտեղից ամերիկացիները նախքան այդ դուրս եկան, Իսրայելն այդ առթիվ դժգոհեց՝ դավաճանություն համարելով ԱՄՆ-ի հեռանալը, իսկ ռուսական կողմը լռություն է պահում։ Արման Նավասարդյանը մեկնաբանում է՝ չգիտեմ մինչև երբ։ Նա, այնուամենայնիվ, կարծում է, որ ամերիկացիների գնալը նրանք կօգտագործեն այդ վակուումը լցնելու ու քրդերի հետ հարաբերություններն էլ ավելի լավացնելու համար։ Կա նաև Իրան, Սաուդյան Արաբիա, և, փաստորեն,Նավասարդյանի խոսքով, Թուրքիան խառնել է  բոլոր այս խաղացողների խաղաքարտերը։ Ինչից դիվանագետը եզրակացնում է․ «Թուրքիան նորից ու նորից գալիս է ապացուցելու, որ բացարձաապես  չի պահպանում ոչ մի բան, ոչ դաշնակցային․․․ որովհետև այնտեղ էդպիսի բաներ չեն խոսվել։ Հիշում եք՝ սրանից  մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ ուժերը հասան հաջողության, և սիրիական խնդրում կոալիցիայի ուժերի համագործակցության կոչ արեց։ Եվ Եվրոպայի, և անգամ ԱՄՆ-ի։ Եվ, առհասարակ, հետաքրքիր է, որ նա Թրամփին գովեստի խոսքեր ուղղեց՝ ասելով, որ պատմական էր նրա քայլը Հյուսիսային Կորեայի հարցում։ Այսպես իրարամերժ բաներ են կատարվում»։

Աշխարհաքաղաքական այս մեծ թուրքական «բոլոլայից» նա եկել է եզրակացության, որ, կոպիտ ասած՝ Թուրքիան մնում է Թուրքիա։ Արման Նավասարդյանն այս համատեքստում հայտարարեց, որ բացարձակապես չի ընդունում Թուրքիայի հանդեպ ռուսական քաղաքականությունը, մասնավորապես՝ S-400-ներով ու ինքնաթիռներով մեր հարևանին զինելը։ «Եվ ամբողջ խնդիրն այն է, որ այդ բոլորի հետևում Թուրքիան ունի շատ հեռուն գնացող ծրագրեր։ Եթե նա կառուցի Ակուայի ատոմակայանը, հաջորդ քայլը լինելու են նկրտումները՝ միջուկային զենք ձեռք բերելու։ Իսկ դա միանգամայն հնարավոր է»։ 

Ընդունված է համարել, որ «ոխերիմ բարեկամներ» ռուսների ու թուրքերի տնտեսական շահերը գրեթե միշտ համընկնում են, ի տարբերություն  քաղաքականների։ Ըստ Նավասարդյանի՝ Թուրքիան այս պահին խուլիգանություն է անում։ Նա ներողություն խնդրեց ու ավելացրեց, որ Թուրքիան թքած ունի ամեն ինչի ու ամենի վրա։ Նրա ուղեղում նստած է միայն Օսմանյան կայսրության ռենեսանսը, որը նրա մոտ սևեռուն գաղափար է, և որի ուղղությամբ պետք է շարժվի։ Եվ այս ճանապարհին կհեռանա և՛ Եվրոպայից, և՛ նպատակին հասնելու դեպքում, ԱՄՆ-ից։ Ընդհուպ մինչև ՆԱՏՕ-ից դուրս գալ։ «Ի՞նչ է ՆԱՏՕ-ն նրա համար, ի՞նչ է տալիս նրան»,-հարցնում է Նավասարդյանը։

Նրա ամփոփմամբ՝ թուրքական ագրեսիվ քաղաքականության սայրը այսօր անմիջապես գալիս ու հասնում է մեզ։ Նկատի ունի այն, ինչ այսօր կատարվում է Նախիջևանում, և որի մասին մենք լռում ենք։ Ըստ Նավասարդյանի՝ հիմա Հայաստանի համար վտանգը ոչ միայն Արցախից է, այլև Նախիջևանից։ Հատկապես նրանից հետո, երբ չեղարկվեց թուրք-ադրբեջանական վիզային ռեժիմը և սահմանին այդ 13 կիլոմետրանոց միջանցքով արագորեն միլիտարիզացնում են ողջ Նախիջևանը։ Եվ ադրբեջանցիներն էլ, մնալով թուրքերի դաշնակից, այստեղ մի տեսակ քաշվել են հետին պլան և թողնում են, որ թուրքերն ինչ ուզեն, անեն։ Իսկ նրանք լցնում են, լցնում ու լցնում ժամանակակից ու ծանր տեխնիկա։ «Եվ ես չգիտեմ, սա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, եթե մի գեղեցիկ օր Ռուաստանի նկատմամբ չունենան էդ զսպող հանգամանքը, պատմության էս փորձը չլինի, 14 անգամ կերել են ՌԴ-ից, և ես կարծում եմ, որ Եկատերինան հիմա շուռ է գալիս դագաղում։ Նրանք դեռ ՌԴ-ից վախենում են, բայց Աստված ոչ անի, որ հանկարծ այնպիսի վիճակ լինի, որ մենք միժամանակ դեմ առ դեմ գործ ունենանք թուրքերի ու ադրբեջանցիների հետ»։

Արման Նավասարդյանը նաև հիշեցնում է, որ այս հատվածում տարեկան մի քանի անգամ շատ ակտիվ ռազմախաղեր են տեղի ունենում այնտեղ։ Եվ, փաստորեն, Երևանից Ստեփանակերտ մեր ողջ ճանապարհը նշանառության տակ է։ Սրանք հարցեր են, որոնք Արման Նավասարդյանին ահավոր անհանգստացնում են։