Կարելի՞ էր ավելի դիվանագիտորեն դատապարտել Անկարային
Հայաստանի ԱԳ նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական հակաահաբեկչական գործողությունը։ Հայտարարությունում մասնավորապես ասված է․ «Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի եւ, ի վերջո, մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար»։ Հայտարարությունում նաեւ շեշտվում է, որ այս օպերացիան կարող է ստեղծել սպառնալիքներ՝ կապված ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր եւ զանգվածային խախտումների հետ։ Այս հայտարարությամբ, ըստ էության, Երեւանը միացավ Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական օպերացիան դատապարտող երկրների շարքին։ Նաեւ երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանն ուղղված գրեթե նույնաբովանդակ կոչով հանդես եկավ։
Պաշտոնական Երեւանի անհանգստությունն ինքնին հասկանալի է․ անհնարին է, որ այս գործողությունը բացասաբար չազդի սիրիահայ համայնքի վրա։ Ըստ երեկվա լրահոսի տեղեկությունների՝ արդեն իսկ որոշակիորեն այդ գործողությունը վնասել է հայկական համայնքին՝ պատճառելով կորուստներ։ Բավականին հետաքրքիր է, որ սույն գործողության պատճառով այս պահին աշխարհը կարծես թե բաժանվել է երկու ճամբարի։ Մոսկվան ու Վաշինգտոնը բավականին չեզոք բառապաշարով, ուղիղ կամ անուղղակի հասկացնում են, որ չեն խառնվելու այս օպերացիային՝ դրանով իսկ ակնարկելով, որ այն համաձայնեցված է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղիղ հայտարարեց, որ չի պատրաստվում օգնել քրդերին ու արդեն կարծում է, որ ժամանակն է ավարտել Մերձավոր Արեւելքում անիմաստ ու հիմար պատերազմներին ամերիկյան մասնակցությունը, իսկ Մոսկվայից էլ հայտարարեցին, Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Ջաբարովի բերանով, որ ռուսական կողմը չի խառնվի այս ամենին, եւ ռուսական զորքերը Սիրիայում են լրիվ այլ առաքելությամբ։ Ավելին, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում էլ հայտնել են, որ մշտական կապի մեջ են թուրքական կողմի հետ։
Դատապարտում են Եվրոպայում եւ առաջարկում սանկցիաներ կիրառել Անկարայի եւ նույնիսկ անձամբ Էրդողանի ու նրա շրջապատի նկատմամբ։ Դատապարտում են նաեւ ամերիկյան որոշ շրջանակներ, ընդհուպ մինչեւ Լինդսի Գրեմի հայտնի սպառնալիք-հայտարարությունը՝ ուղղված Թուրքիային, որ հնարավոր է հարցը հասցվի մինչեւ ՆԱՏՕ-ից հեռացում։
Ամենայն հավանականությամբ, հարցը դրան չի հասնի, քանի որ կարծես թե թույլատրելիության ինչ-որ սահման կա՝ գծված ԱՄՆ-ի կողմից (ամենայն հավանականությամբ՝ նաեւ ռուսների համաձայնությամբ), եւ եթե Էրդողանն այդ սահմանը հատի, ապա արդեն ամերիկյան կողմը կանցնի թուրքական տնտեսության քայքայմանը, ինչպես գրել էր Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ Սիրիայում ռուսական գործակցությամբ մարդասիրական առաքելություն իրականացնող, դրանով ամերիկյան կողմի նեգատիվ արձագանքը շահած պաշտոնական Երեւանին պե՞տք էր արդյոք հիմա հանդես գալ նման հասցեական հայտարարությամբ, եւ ավելի ճիշտ չէ՞ր լինի արդյոք, որ ՀՀ ԱԳ նախարարության կողմից արդեն հրապարակված վերոնշյալ հայտարարության բովանդակության շրջանակներում ավելի դիվանագիտական տերմիններով եւ բառապաշարով ձեւակերպվեր ասելիքը, հատկապես որ զարգացումների տրամաբանությունից բոլորին է հասկանալի, որ առաջիկայում սպասվում է ռուս-թուրքական հարաբերությունների նոր՝ էլ ավելի ջերմացման փուլ, ինչը, միանշանակ, Երեւանի համար շահեկան չէ, քանի որ Անկարայում, անկախ ամեն ինչից, միշտ էլ հիշում են իրենց «փոքր եղբոր» շահերի լոբբինգի մասին։
Կարծիքներ