«Քաղաքացիները Երևանի ավագանու ընտրություններից առաջ պիտի իմանան այդ մասին»

«Քաղաքացիները Երևանի ավագանու ընտրություններից առաջ պիտի իմանան այդ մասին»

«Այսօր հրավիրած իմ մամուլի ասուլիսի շարժառիթը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 17-ին հայտարարված Երևան համայնքի ավագանու հերթական ընտրությունների հանգամանքով։ Ես հանդիսանում եմ ՏԻՄ հարցերով փորձագետ ու որոշել եմ մեր հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն ՏԻՄ-ի վերաբերյալ հնարավորինս ամփոփ տեղեկատվություն 2018 թվականից սկսած։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Մեր քաղաքացիները Երևանի ավագանու ընտրություններից առաջ պիտի իմանան այդ մասին, պիտի ունենան հստակ պատկերացում այս իշխանությունների կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ։ Ինքս հավակնություններ չունեմ մասնակցելու գալիք ընտրություններին։ Ես չեմ մասնակցելու այս ընտրություններին ոչ որպես թեկնածու, ոչ որպես դիտորդ ու վստահված անձ։ Որպես ընտրող էլ չեմ կարող մասնակցել, որովհետև ես Ջերմուկի բնակիչ եմ»,- ասաց Ղազարյանը։

«Տիգրան Մուկուչյանից հետո ԿԸՀ-ի ղեկավարումը 2022 թվականից ստանձնել է Վահագն Հովակիմյանը, որի կենսագրությունը շատ հետաքրքիր է։ Կրթական իմաստով նա մինչև 2018 թվականի հայտնի իրադարձությունները ինչ-որ տեղ սովորել է, բայց ոչ մի տեղ չի ավարտել։ Նա սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում 90-ականներին ու չի ավարտել, իսկ 2000-ականներին սովորել է փիլիսոփայության, հոգեբանության ֆակուլտետում ու կրկին չի ավարտել։ Միակ ուսումնական հաստատությունը, որը նա ավարտել է, Խորենացու համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նա ավարտել է 47 տարեկան հասակում, երբ արդեն ԱԺ պատգամավոր էր ։ ԿԸՀ մյուս կարևոր դերակատարը հանձնաժողովի անդամ պրն Արմեն Սմբատյանն է, որը նախորդ անգամներում հանձնաժողովում ներկայացված է եղել որպես «Հանրապետականի» անդամ, իսկ 2022 թվականին հանձնաժողովի անդամ է ընտրվել ՔՊ-ի կողմից։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է, որ բոլոր նախկին գործիչները, որոնք բարեհաճել են ծառայել Նիկոլ Փաշինյանին, նրանք շատ հանգիստ տեղ են գտել նոր իշխանության համակարգում։ Այս ԿԸՀ-ից այլևս լեգիտիմ ընտրությունների ակնկալիք, կարծում եմ, խելամիտ մարդիկ պիտի չունենան»,- հավելեց նա։