Ինչպես 4 տարի առաջ․ ընտրությունը կրկին Թրամփի և Բայդենի միջև է

Ինչպես 4 տարի առաջ․ ընտրությունը կրկին Թրամփի և Բայդենի միջև է

Փաստորեն, այս նոյեմբերին՝ ինչպես չորս տարի առաջ, ամերիկացիները պետք է ընտրեն Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի միջև։

Մի շարք նահանգներում կայացած դեմոկրատների ու հանրապետականների ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերիզներում, ջախջախիչ հաղթանակներից հետո, նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը այլևս ունեն հարազատ կուսակցությունների պատվիրակների բավականաչափ թվով ձայներ, ինչը թույլ կտա նրանց, համապատասխանաբար, Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների կողմից առաջադրվել այս նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուներ։

Ըստ «Associated Press»-ի, նախագահ Բայդենն ունի դեմոկրատ 2 107 պատվիրակների ձայներ: Կուսակցության կողմից առաջադրվելու համար անհրաժեշտ է առնվազն 1 968 քվե:

Թրամփը նույնպես ապահովել է իր առաջադրումը։ Դարձյալ, «Associated Press»-ի համաձայն, Սպիտակ տան նախկին ղեկավարը, այս երեքշաբթի հաղթանակ տանելով Ջորջիա, Միսիսիպի և Վաշինգտոն նահանգներում կայացած փրայմերիզներում, ժողովել է 1 228 հանրապետական պատվիրակների ձայներ, իսկ առաջադրման համար անհրաժեշտ է նվազագույնը 1 215:

Հավայան կղզիներում ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն ընդհանուր պատկերն այլևս չի կարող փոխել։

Բայդենը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով իր կողմնակիցներին և Թրամփին անվանելով սպառնալիք ԱՄՆ ժողովրդավարությանը, ով «վրեժով լի արշավ է տանում՝ սպառնալով Ամերիկային»։

«Ինձ համար պատիվ է, որ ողջ երկրում Դեմոկրատական կուսակցության ընտրողները կրկին ինձ են վստահել ղեկավարելու մեր կուսակցությունն ու երկիրը՝ այն դեպքում, երբ Թրամփի ներկայացրած սպառնալիքը լուրջ է, քան երբևէ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Երեքշաբթի կայանալիք փրայմերիզներց առաջ Թրամփը կանխատեսել էր, որ Բայդենն է լինելու Դեմոկրատական կուսակցության թեկնածուն և կրկին անդրադարձել էր ԱՄՆ ներկայիս նախագահի տարիքին։

«Սպասում եմ՝ Բայդենն է լինելու թեկնածուն։ Նրա միակ ընդդիմախոսն եմ՝ չհաշված կյանքը [կյանքը նույնպես նրա ընդդիմախոսն է]»,- «CNBC»-ին փոխանցել էր Թրամփը։

Թրամփը սուր քննադատության էր ենթարկել Բայդենին՝ նրան անվանելով «ամերիկյան պատմության ընթացքում վատագույն նախագահը»։

«Հիմա տոնակատարությունների ժամանակը չէ։ Տոնելու ենք ութ ամսից, երբ ընտրություններն ավարտվեն»,- ասել էր Դոնալդ Թրամփը:

Փաստորեն, պատմությունն, ինչ-որ իամստով կիկնվում է, և այս նոյեմբերին Բայդենը կրկին դիմակայելու է Թրամփին։

ԱՄՆ պատմության ընթացքում նմանատիպ իրավիճակ էր ավելի քան հարյուր տարի առաջ, երբ 1912 թվականի ընտրություններին մասնակցում էին գործող ու նախկին նախագահները՝ Ուիլյամ Թաֆթն ու Թեոդոր Ռուզվելտը։ Երկուսն էլ հանրապետական էին, սակայն Թաֆթին որպես թեկնածու առաջադրել էր Հանրապետական կուսակցությունը, իսկ Ռուզվելտը, ով մինչ այդ արդեն երկու ժամկետ պաշտոնավարել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում, պարտություն կրելով հանրապետականների փրայմերիզներում, նախագահական ընտրություններին մասնակցում էր Առաջադիմական կուսակցության կողմից։ Այն ժամանակ ընտրություններում հաղթանակ տարավ դեմոկրատների թեկնածու Վուդրո Վիլսոնը։