Նրանց սրբություն-սրբոցը հողն է, իսկ մերը՝ փողը

Նրանց սրբություն-սրբոցը հողն է, իսկ մերը՝ փողը

Հիմա էլ հայությունը պետիցիա է ստորագրում առ այն, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան չքանդեն։ Մինչ այդ, այսպես ասած, պայքար էին սկսել ԿԳՄՍ նախարարին պաշտոնանկ անելու համար, բայց ո՛չ նախարարին կարողացան հանել տալ, ո՛չ էլ նրա կատարած կրթագիտական ավերածությունների դեմը կարողացան առնել։ Օրերս էլ պայքարի կոչ էին անում տրանսպորտի թանկացման դեմ։ Ու այսկերպ բազմաչարչար հայ ժողովուրդը «պայքարում է» իր ծնած, իր արտադրած անօրինությունների եւ այդ անօրինությունների մանր-մունր պատճառների դեմ։

Ամենեւին չեմ զարմանա, որ վաղն էլ նամակ գրեն Հռոմի պապին կամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, թե եկեք՝ մեր ներքին խնդիրները, մեր ստեղծած գլխացավանքները լուծեք։ Մինչդեռ վաղուց դրված է երկրի, ազգի լինելության, գոյության հարցը։ Բոլորի աչքի առաջ մի բախտախնդիր, դրսից ներդրված, բայց ներսում ընտրված, պատերազմ պայմանավորվեց արտաքին թշնամու հետ եւ հազարավոր երիտասարդների դրեց գերեզման։

Բոլորի աչքի առաջ Արցախը ծախեց։ Հիմա Հայաստանն է վերացնում։ Իսկ դրա համար նա առաջին հերթին պետք է Հայաստանից քշի ռուսներին։ Ու այդպես էլ անում է։ Այս վեց տարում նա դիտմամբ ռուսներին թշնամացնում է մեզ հետ։ Իսկ մեզ հետ թշնամացած ռուսները, բնականաբար, ավելի ու ավելի են ջերմացնում հարաբերությունները մեր թշնամու հետ։ Ցանկացած նորմալ երկիր իր պետական շահերի համար նույնը կաներ։ Զանազան վայ-գիտնականներ, իրենց քաղաքագետ ու պատմաբան համարողներ, տսրբեր տրամաչափի գործակալներ ծառայում են նույն տիրոջը, որոնց դարդն ու ցավը մենք չենք, այլ մեր ջանքերով տարածաշրջանային ու, մեծ հաշվով, նաեւ աշխարհաքաղաքական գլոբալ հարցեր լուծելը։ Սրանք մարդկանց գլուխը յուղում են, որ իբր Նիկոլը Կրեմլի դրածոն է։ Միայն անուղեղը կարող է դրան հավատալ, որովհետեւ ռուսի դրածոն տարիներ շարունակ չէր փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ ու ամեն ինչ անի, որ նրանք հեռանան Հայաստանից։ Եվ հենց նրանք հեռանան, թուրքն է մտնելու Հայաստան։ Ու հիմա էլ թուրքն արդեն մի ոտքով Հայաստանում է` ի դեմս «տրոյական ձիու», որն ինքն է օրակարգ թելադրում։

Տեսեք, թե ինչպիսի աղմուկ բարձրացրին եվրոպական երկրները, երբ ֆրանսիացի Մակրոնն ակնարկեց Ուկրաինա զորք ուղարկելու մասին։ Ու բոլորը շեշտեցին, որ դա երբեք չի լինելու։ Իրենք միայն զենք են տալիս բազմամիլիոն ուկրաինացիներին, որ նրանք կռվեն ու զոհվեն։ Իսկ Հայաստանին այդ զենքն էլ չեն տալու, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ական երկիր է ու մեր տարածաշրջանն արդեն իրենն է դարձնում։ Նաեւ եթե անգամ զենք տան, 2-3 միլիոն բնակչությամբ Հայաստանն իր ապազգային իշխանություններով ու պատվի նշույլից զուրկ գեներալներով ի՞նչ պիտի անի ժամանակակից հզոր բանակ ունեցող բազմամիլիոն թշնամու դեմ, այն էլ` անդաշնակից ու բոլորին իր դեմ տրամադրած։ Այնպես որ` հայոց իշխանությունը թշնամու շահեր սպասարկող դրածոների ու գործակալների ձեռքին է։ Եվ նրանք ամեն ինչ անում են Հայաստանը վերացնելու համար։ Միջինասիական անապատներից մեր տարածաշրջան ու Փոքր Ասիա խուժած քոչվոր թուրք-սելջուկները դարձել են նստակյաց, պետություն, զարգացած երկիր են կառուցել եւ օր-օրի ընդարձակում են այն։ Իսկ մենք մեր սեփական երկիրը ծախծխելով, նվիրաբերելով թուրքին, շագրենի կաշվի պես սեղմելով, փոքրացնելով մեր հայրենիքն ու սարքելով մի բուռ հողակտոր, որն արդեն սիրով նվիրաբերում ենք մեր թշնամուն, ինքներս դարձել ենք գաղթական ու քոչվոր։

Դարեր ի վեր նրանց պաշտամունքը, սրբություն-սրբոցը ՀՈՂՆ է, իսկ մերը եղել ու մնում է ՓՈՂԸ։ Արդյունքում` նրանք մեծ, օրեցօր զարգացող երկիր ունեն, իսկ մեր գլխին շարունակ «շողշողում» է ցեղասպանության յաթաղանը։ Եվ դարեր ի վեր այդպես էլ արժանի չեղանք մեր երկրին, երախտամոռի ու ապերախտի պես ծախծխեցինք այն, ինչն անգին է ու նորմալ ազգերը սովորաբար չեն վաճառում։

Քանի դեռ իրեն ազգ համարող ամբոխն իրեն հոշոտող, վերացնող հրեշի դեմ պայքարելու փոխարեն քննարկում է նրա ճամարտակությունները, ապա ոչ միայն շարունակ եւ նոր անդառնալի կորուստներ է ունենալու, այլեւ ապրելու ոչ մի շանս չունի։ Չհաշված, որ նմանին ոչ ոք չի հարգում, ու նրա կորուստն անգամ արհամարհանքով են ընդունելու։ Տարիներ, տասնամյակներ առաջ երազում էի, որ մենք` հայերս էլ պետություն ունենանք։ Բայց իմ այդ երազանքն այդպես էլ չիրականացավ։ Հիմա արդեն երազում եմ, որ գոնե մենք էլ ժողովուրդ ու ազգ դառնանք։

Վարդգես Օվյան