Երկիր՝ առանց երազանքի

Երկիր՝ առանց երազանքի

Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարելի է բնորոշել մեկ բառով` անգաղափարություն: Հակասահմանադրական հեղաշրջումից հետո իշխանության եկած անձը առանց ամոթի զգացման հայտարարեց, որ ինքը որեւէ իզմ-ի հետեւորդ չէ, մտածելով, որ անգաղափարությունը մեծագույն ձեռքբերում է, որը հասանելի է միայն ընտրյալներին: Մինչեւ հեղաշրջումն էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փայլել սկզբունքայնությամբ եւ գաղափարական հետեւողականությամբ, բայց ինչ-որ լղոզված ու անհասկանալի կլիշեներ, այնուամենայնիվ, կային, երկրի ղեկավարությունը, այդ թվում՝ արտգործնախարարները, փորձում էին որոշակի բացատրություն տալ իրենց կողմից իրականացվող քաղաքականությանը:

Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունն անվանում էր կոմպլեմենտարիզմ: Սրա էությունն այն էր, որ Հայաստանը մի կողմից իր անվտանգությունն ապահովում է Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի միջոցով, բայց մյուս կողմից սերտորեն համագործակցում է արեւմտյան կառույցների հետ: Օսկանյանը խորամանկում էր, քանի որ ուզում էր առանց Ռուսաստանին հակադրվելու, իսկ որոշ դեպքերում հակադրությունը հաղթահարելով՝ կառուցել Հայաստան, որը բովանդակությամբ կլիներ արեւմտյան աշխարհի մաս, բայց ձեւով կշարունակեր կպած մնալ Ռուսաստանին, մինչեւ այն պահը, երբ հնարավոր լիներ ձեւը համապատասխանեցնել բովանդակությանը, այսինքն՝ ազատվել Ռուսաստանից: Օսկանյանին փոխարինելու եկած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ մի նոր բան չհորինեց, միայն կոմպլեմենտարիզմը թարգմանեց հայերեն փոխլրացմամբ: Հայաստանը մի քանի տարի շարունակ պատրաստվում էր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, բայց մեկ օրում դարձավ Մաքսային միության եւ ԵԱՏՄ անդամ: Չնայած դրան, Նալբանդյանը շարունակում էր պնդել, որ հնարավոր է միաժամանակ գնալ ե՛ւ աջ, ե՛ւ ձախ: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջումը նաեւ փոխլրացման քաղաքականության հետեւանք էր:

2018թ. հետո ո՛չ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Փաշինյանը, ո՛չ էլ նրա կողմից նշանակված արտաքին գործերի երեք նախարարները այդպես էլ չեն հայտարարել, թե որն է Հայաստանի արտաքին քաղաքականության գաղափարաբանությունը: Եվ սա՝ այն պայմաններում, երբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությունն այս ընթացքում այնքան է սրվել, որ վերածվել է բացահայտ հակամարտության՝ զինված ընդհարման վերաճելու ռիսկերով: Կարելի է ասել, որ փոխլրացման քաղաքականությունը շարունակվում է, քանի որ մեկ ամսվա ընթացքում Հայաստանը մասնակցում է ԱՄՆ հովանու ներքո կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» համաժողովին եւ Ռուսաստանի հովանու ներքո Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին, որի նպատակն էր՝ աջակցել Ղազախստանի իշխանությանը՝ զենքի ուժով ճնշելու երկրում ավտորիտար իշխանությունների դեմ ընդվզած քաղաքացիների բողոքի գործողությունները: Բայց դա արտաքին քաղաքական կուրս չէ, այլ ֆուտբոլի գնդակի հետագիծ, որը հինգ րոպեի տարբերությամբ կարող է հայտնվել մրցակցող թիմերի դարպասներում՝ կախված նրանից, թե ում ոտքի տակ է հայտնվել տվյալ պահին:

Հիմա Հայաստանում ոչ մեկը չի խոսում եվրաասոցացման մասին, որեւէ մեկը չի հարցնում, թե երբ է լինելու առանց մուտքի արտոնագրի մուտք ԵՄ տարածք: Հայաստանի միակ արտաքին քաղաքական օրակարգը մնացել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո սահմանագծումն ու սահմանազատումը: Այսինքն՝ ԵՄ-ի հետ ասոցացվելու հեռանկարը փոխարինվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ասոցացվելու հեռանկարով, առանց վիզա ԵՄ այցելելու հեռանկարի տեսլականին փոխարինել է ազատ Թուրքիա եւ գուցե Ադրբեջան այցելելու տեսլականը: 

Երբ Հայաստանը համեմատում են Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հետ եւ ասում են, որ այդ երկրներն էլ տարածքային կորուստներ ունեցան, որովհետեւ ընդվզեցին Ռուսաստանի դեմ, եւ ահա՝ Հայաստանն էլ կորցրեց Ղարաբաղը, քանի որ մեզ մոտ էլ գունավոր հեղափոխություն եղավ, այնքան էլ ճիշտ չէ: Ուկրաինացիները, վրացիները կամ մոլդովացիները գիտեն, որ իրենք տարածքային կորուստ են ունեցել հանուն իրենց երազանքի, հանուն եվրոպացի լինելու ձգտման, եւ դա այն գինն է, որն իրենք վճարել են՝ իրենց երազանքին հասնելու համար: Հայաստանը կորուստ ունեցավ առանց երազանքի, առանց այդ երազանքին հասնելու ձգտման: Որովհետեւ Հայաստանի իշխանությունն այդպես էլ չձեւակերպեց այդ տեսլականը, որովհետեւ ինքն էլ դրա կրողը չէր:

Երբ Բելառուսի ղեկավար Լուկաշենկոն ասում է, որ Հայաստանը որեւէ մեկին պետք չէ, նկատի ունի, որ Արեւմուտքը հրաժարվել է Հայաստանից, Արեւմուտքին պետք չէ մի Հայաստան, որն այդպես էլ չի ձեւակերպել իր եվրոպական ընտանիքին մաս կազմելու ձգտումը, եւ հենց այդ պատճառով այն հանձնվել է Ռուսաստանի տնօրինմանը: Որովհետեւ Հայաստանի իշխանությունը որեւէ իզմի հետեւորդ չէ, որեւէ գաղափարախոսության եւ սկզբունքի կրող չէ: Իրենց միակ հստակ երազանքն իշխանության հասնելն ու այդ իշխանությունը որքան հնարավոր է ամուր պահելն է:

Ավետիս Բաբաջանյան