Կքանդի՞ Բեռլինը «անհաշտության պատը» 

Կքանդի՞ Բեռլինը «անհաշտության պատը» 

Փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Վիլլա Բորսիգում, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կրկին հանդիպեցին։ Առաջին օրը բանակցությունները շարունակվեցին եռակողմ ձեւաչափով՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի մասնակցությամբ, ապա առանձին հանդիպումներով։

ՀՀ ԱԳ նախարարն իր գերմանացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաեւ 2023թ. հոկտեմբերին Գրանադայի քառակողմ հանդիպման հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ ապաշրջափակումն ինքնիշխանության եւ իրավազորության հարգման, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով: Առհասարակ, բեռլինյան ռաունդի մասին պաշտոնական հաղորդագրությունները սուղ էին․ քննարկման գլխավոր թեման խաղաղության պայմանագրի տեքստն է ու հարաբերությունների կարգավորումը։ Ի դեպ, Հայաստանի, Գերմանիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները նաեւ համատեղ զբոսանքի ելան, որի կադրերը որոշ լավատեսություն առաջացրին հանրության մոտ։

Լավատեսությունն արտացոլվեց նաեւ պաշտոնական Երեւանի հայտարարության մեջ․ բանակցությունների ավարտին ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ նախարարները եւ նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթները, պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։ 

Սակայն ադրբեջանցի դիվանագետը չկարողացավ չհնչեցնել Բաքվի հայտնի «փորացավը»` նա գերմանացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կրկին առաջ քաշեց Ադրբեջանի ագրեսիվ թեզը․ «Հայաստանի ներկայիս Սահմանադրությունն ու մի շարք օրենքներ վտանգ են պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար»։ Ալիեւի մուննաթն էլ չուշացավ` ծանր տանելով ԵԽԽՎ-ից ստացած ծանր ապտակը, նա բողոքեց երկակի չափանիշներից եւ սպառնաց ընդհանրապես դուրս գալ ԵԽ-ից։ Սակայն նաեւ փորձեց սիրաշահել Գերմանիային․ «Գերմանիայի կանցլերը դրսեւորում է անաչառություն, եւ նրա հայտարարություններն ու գործողություններն արտացոլում են դա։ Իսկ իր ղեկավարած կուսակցության անդամը ցանկանում է հեռացնել Ադրբեջանին, որը ԵԽԽՎ-ի երկու ոչ քրիստոնեական երկրներից մեկն է, եւ դա անում է ցուցադրաբար եւ նպատակային»,- հայտարարեց նա՝ Բաքվում գերմանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Նաեւ կարեւորեց Մյունխենում Փաշինյանի հետ իր ունեցած վերջին հանդիպումը։ 

Ի դեպ, բացառված չէ, որ Ադրբեջանի ղեկավարն օգտվեց նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ առկա տարաձայնություններից՝ կապված Ուկրաինային զենքի մատակարարման հետ, ինչի մասին գրեց Politico-ն` կարծիք հայտնելով, թե Շոլցի եւ Մակրոնի միջեւ հակասությունները վերաճել են բացահայտ թշնամանքի։ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղությանն ուղղված յուրաքանչյուր քայլ մեծ նշանակություն ունի․ սա էլ Գերմանիայի ԱԳ նախարարի գնահատականն էր։ Մեկնաբանելով Բեռլինում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա բանակցությունները՝ Անալենա Բերբոքը նշեց, որ հավատում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խաղաղությանը։ «Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համարձակ, բայց դժվարին ուղու վրա են: Որպես դաշնային կառավարություն՝ մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան, որպեսզի վերքերը բուժվեն, եւ խաղաղություն հաստատվի: Այդ ճանապարհին յուրաքանչյուր քայլ կարեւոր է»,- ընդգծեց գերմանացի դիվանագետը։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանական թիմի արձագանքին, ապա ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցությունից ողջունեցին Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների վերականգնումը՝ դա չափազանց կարեւոր համարելով հետագա գործընթացների համար։ «Գրանադայում կայացած հանդիպման ժամանակ Գերմանիան նույնպես ստորագրել է մեր սկզբունքներն ամրագրող փաստաթղթի տակ։ Ուստի մենք ողջունում ենք բոլոր այն հարթակները, որտեղ գծագրվում են այդ սկզբունքները, եւ մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները։ Ողջունում ենք ցանկացած ձեւաչափով բանակցությունները, որոնք տանում են խաղաղության տարածաշրջանում»,- հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղարը։

Խորհրդարանական ընդդիմության կարծիքը տրամագծորեն հակառակն էր․ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արդյունքներից որեւէ բան ակնկալել չի կարելի՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Գերմանիան կարող է լավ միջնորդ լինել Երեւան-Բաքու բանակցությունների շրջանակներում եւ Իլհամ Ալիեւին կառուցողական դաշտ բերել։ Նա ընդգծեց, որ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները, սակայն․ «Ադրբեջանի իշխանություններն անընդհատ պնդում են, թե իրենց պետք չէ որեւէ միջնորդ, փորձում են ՀՀ-ի դեմ ճնշումներ գործադրել, բայց մյուս կողմից էլ խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արեւմտյան հարթակը, թե՛ հետխորհրդայինը։ Արեւմուտքում մենք ունենք բարեկամ երկրներ, բայց նրանք միայն դիտորդական առաքելություն են կարողանում իրականացնել։ Կարծում եմ, որ այս բանակցություններից գլոբալ առումով որեւէ արդյունք ակնկալելն այնքան էլ հուսադրող չէ»։

Ժամանակին Մոսկվային հաջողվեց քանդել գերմանական երկու հանրապետությունների, ինչպես նաեւ ԽՍՀՄ-ի ու Գերմանիայի միջեւ եղած «անհաշտության պատը»` Բեռլինի պատը քանդելով։ Իսկ կհաջողվի՞ նույն Բեռլինին քանդել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եղած՝ տասնամյակների «անհաշտության պատը»։ Չի կարելի բացառել ոչինչ, միայն թե խաղաղության ճանապարհին Հայաստանի իշխանությունները պատ, պարիսպ չկառուցեն իրենց ու հայ ժողովրդի միջեւ՝ երկիրը տանելով անդառնալի կորստի․․․