Սյունիքի համայնքապետերից անցան Արարատի համայնքապետերին․ հաջորդ զոհը Ուրցաձորի համայնքապետն է

Սյունիքի համայնքապետերից անցան Արարատի համայնքապետերին․ հաջորդ զոհը Ուրցաձորի համայնքապետն է

Իշխանության դեմ երբեւէ հանդես եկած բոլոր անձինք վաղ թե ուշ ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Այժմ հերթը հասել է Արարատի համայնքապետերին, որոնք պայքարում էին Արարատում եւ Վեդիում համայնքային իշխանություն ձեւավորելու համար։ Վեդիի ընտրություններից մի քանի օր է անցել եւ իշխանությունն արդեն գործի է անցել։ 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ձեռքով փորձում են գործ սարքել Ուրցաձորի ըմբոստ համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի դեմ։ Այսօր ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն-մատնագիր է տարածել, որտեղ 10 կետից կազմված մեղադրանքներ է ներկայացրել համայնքապետին, որից դատելով Տեսչական մարմինն ուղղակի վիճարկում է Անդրեասյանի համայնքապետ լինելը՝ հայտարարելով, որ նա ոչ մի գործառույթ չպետք է իրականացներ՝ աճուրդ չաներ, հողահատկացում չաներ, հողը վարձակալության չտար, պայմանագրեր չկնքեր, մի դեպքում՝ հողի նպատակային նշանակությունը չփոխեր, մյուս դեպքում՝ փոխեր, մի դեպքում թույլ չտար, որ ինքնակամ կառույցներ կառուցեն կամ հողազավթում անեն, մյուս դեպքում՝ օրինականցներ ինքնակամ կառույցը։   

Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան քաղաքական են այդ մեղադրանքները մեջբերենք ընդամենը 2 պարբերություն․ 

«Համայնքապետը միջոցներ չի ձեռնարկել 2021թ. հոկտեմբերի 27-ին նախատեսված 13 լոտերի հրապարակային սակարկությունների վերաբերյալ հայտարարությունը ՀՀ Արարատի մարզպետարանի կայքէջում տեղադրելու ուղղությամբ»։

«Համայնքի ղեկավարի կողմից․․․ շինությունների կառուցման ճարտարապետահատակագծային առաջադրանքում «հողամասի առկա վիճակը» մասում ներառվել է «չկառուցապատված» բառը, մինչդեռ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տալուն նախորդող ամսում շինությունն արդեն կառուցված է եղել»։

Սակայն որպեսզի մեղադրանքը խամ ականջների՝ շարքային ընթերցողի վրա տպավորություն գործի, սույն Մարմինը տեղ- տեղ մտցրել է «Անդրեասյանն իր կնոջը, որդուն, քրոջը» ․․․ աճուրդի արդյունքում հաղթող է ճանաչել, հող է օտարել եւ այլ արտահայտությունները։ Բայց եթե Անդրեասյանների ազգուտակն ապրում է Ուրցաձորում, Նրանք նույնքան իրավունքներ ունեն մասնակցելու աճուրդներին, հող օտարելու եւ պայմանագրեր կնքելու, որքան համայնքի մյուս բնակիչները։ 

Այս պարզ մանիպուլյացիաներն իրենցից ոչ մի արժեք չեն ներկայացնում, քանզի մարդը եթե տարիներ շարունակ համայնքապետ է աշխատել եւ կրկին ու կրկին ընտրվել՝ ընտրվել է անգամ այն ժամանակ, երբ Փաշինյանական իշխանությունը նրան հեռացրել է պաշտոնից, ուրեմն համայնքում վստահ են, որ նա լավ համայնքապետ է՝ չի չարաշահել իր պաշտոնը եւ չի թալանել համայնքային սեփականությունը։

Ի դեպ, մի անհեթեթ մեղադրանքով էլ Անդրեասյանի որդուն են կալանավորել։ Հիմա ըստ ամենայնի՝ որոշել են Անդրեասյանին էլ պատժել կոկորդիլոսագետի եւ այս իշխանության դեմ դուրս գալու համար։