Ով կուզե՝ թող էղնի, տո դաժե նախկինները, մինակ մեր երեխեքին ետ բերեն

Ով կուզե՝ թող էղնի, տո դաժե նախկինները, մինակ մեր երեխեքին ետ բերեն

Շիրակցի 5 տասնյակից ավելի գերեվարված կամավորականների հարազատները վճռական են տրամադրված։ «Էլ համբերել չկա, ըսիգ վերջն է, թող գիդենան բոլորը՝ ամեն միջոցի կդիմենք, մեր երեխեքին ենք ուզում, ուրիշ հեչ մե բան չենք ուզում, ո՛չ փող, ո՛չ գործ, ո՛չ տուն՝ մեր երեխեքին։ Իմ թոռը հորը կարոտ է, իմ աղջիկն առանց ամուսին է մնացել, իմ խնամին իր տղուն գուզե, կհասկնա՞ք»,- ասում է գերեվարված պահեստազորայինի կնոջ հայրը։ Երկու օր է՝ Շիրակի մարզպետարանի աշխատանքը կաթվածահար է: Գերեվարվածների մայրերն ու կանայք անգամ գիշերում են այնտեղ՝ շրջափակելով շենքի ելքերն ու մուտքերը, թույլ չտալով մարզպետին եւ մյուս աշխատակիցներին լքել կառույցը: Հուսահատություն, հոգնածություն, ցավ․․․․ 

Ու թեեւ ուժասպառ են, բայց շարունակվեց եւս մեկ ամբողջ օր: Մարզպետարանի դռները բացվեցին միայն այն ժամանակ, երբ գերեվարվածների հարազատները նախապայման առաջադրեցին․ «Առաջ իրենք մեզի ժամկետ կըսեին, հըմի մենք ենք ժամկետ դրել, բացել ենք մարզպետարանն էլ, թող աշխատեն, իրանք գիտեն՝ ինչ պայմանով է, թե էլի խաբեցին, էս անգամ սաղ միանգամից կենենք, հա՛մ բոլոր պետական կառույցների աշխատանքը կպարալիզացնենք, հա՛մ ճամփեքը կփակենք, հա՛մ էլ՝ էլ չասեմ ինչ կենենք»։ Այս մասին մեզ տեղեկացրած ծնողներից մեկը չբացահայտեց, սակայն, թե ինչ պայմանով են ժամանակավորապես դադարեցրել ակցիան: 

Հիշեցնենք, որ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Գյումրի, հանդիպում նրանց հետ՝ ընդգծելով, որ իրենցից ոչ ոք այլեւս մայրաքաղաք չի հասնելու, իշխանավորներն անձամբ պիտի մեկնեն Գյումրի, դա նրանց պարտքն է: «Հակառակ դեպքում ես 100 տոկոս կըսեմ՝ հեչ մեկի ոտը Շիրակի մարզ չի մտնի, թող փորձեն ընտրություն խաղան, գան քարոզչություն էնելու, ընդդիմությունն էլ թող գիդենա՝ իրանց ոտն էլ չի մտնի»,- «սպառնաց» հուսահատ ծնողը: 

Մինչ ծնողները փոխել են պայքարի մարտավարությունը, Գյումրին երկու օր է՝ անհանգիստ է: Մարզային ու քաղաքային իշխանությունները գերեվարվածների ծնողների «ահից» պաշտպանվում էին ոստիկաններով: Մարզի պետական գրեթե բոլոր կառույցները ոստիկանական ուժերի հսկողության ներքո էին առնվել: Անգամ ավագանու նիստը՝ քաղաքապետարանի շենքում, անցկացվեց ոստիկաններով շրջափակված: Մինչդեռ ակցիայի մասնակից ծնողները վստահեցնում են․ «Ընչի՞ կվախենան մեզնից, մենք քաղաքական հեչ մե նպատակ չունինք, մեզի համար լրիվ մեկ է, թե ով է էս երկրի գլխին, ով կուզե, թող էղնի, տո դաժե նախկինները, մինակ մեր երեխեքին ետ բերեն»։ Եվ գերեվարված պահեստազորայինի մայրը խոսքն ուղղում է ոստիկաններին․ «Անցած օրը մարզպետարան լցվան, մեզի քաշքշեցին, որ դուրս հանեին, է՛լ սրտներս վատացավ, է՛լ չիդեմ ինչ․․․, չաշեցին, որ կնիկ մարդ ենք: Ձեզ էլ մեր պես մեր է բերել, իմ տղեն էլ ձեզի պես իր ընտանիքի գլխին կուզե էղնի, իրա հաճույքի համար չէ, որ գնաց ու գերի ընկավ»: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, որոնցից հայրենիք են վերադարձվել միայն 8-ը։ Գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատներն իրենց որդիներից վերջին անգամ տեղեկություն են ստացել Կարմիր խաչի միջոցով։ Որդիների անունից երկտող է փոխանցվել ծնողներին, որով տեղեկացրել են, թե իրենք ողջ եւ առողջ են։ Այս երկուշաբթի՝ կեսօրից հետո, հարազատները փակել էին Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը։ Նրանք վարչապետի հետ հանդիպելու պահանջով անցած ուրբաթ օրն էլ շուրջ 13 ժամ փակել էին Շիրակի մարզի բոլոր գլխավոր ճանապարհները: