Հեղեղի դեմ պատնեշ է պետք, այլապես կավերի ամեն ինչ․․․

Հեղեղի դեմ պատնեշ է պետք, այլապես կավերի ամեն ինչ․․․

Ծայրահեղ իրավիճակում հայտնված հասարակությունը իր համար հոգեբանական պատսպարաններ է գտնում, որ կարողանա հոգեկան հավասարակշռությունը պահել։ Շատ են հարցնում՝ ինչու՞ Արցախը հանձնելուն մարդիկ այդպես հեշտ հարմարվեցին։

Մոռացել են, որ Արցախը մաս- մաս է հանձնվել՝ գյուղ առ գյուղ, դիրք առ դիրք։ Մարդիկ մտածել են , որ ասենք մի գյուղ հանձնելով՝ մնացածը կկարողանան պահել։ Հանձնված գյուղը մենակ է մնացել, որովհետև մյուս վայրերում մտածել են, որ դեռ կրակը իրենց չի հասել։ Այդպես գյուղ- գյուղ, դիրք- դիրք հանձնելով, թշնամին Ստեփանակերտին է մոտեցել։ Նույնը Հայաստանում է կատարվում։ Սյունիքում տարածքներ հանձնվեցին, մարդիկ ձայն չհանեցին՝ մտածելով, որ դրանով ամեն ինչ կվերջանա։

Հասան Ջերմուկ, Գեղարքունիք, Տավուշ, բայց մայրաքաղաքը լուռ է, որովհետև ինչպես Ստեփանակերտին, նրան էլ է թվում, թե իրեն չեն մոտենա։ Գոնե մի բան կթողնեն։ Գոնե մի 10 հազար քառակուսի կիլոմետր։ Թշնամու մոտենալուն զուգընթաց ներսում իշխանությունը մարդկանց դիմադրության ոգին կոտրում ու հարմարվողականություն է սովորեցնում։ Ներսում ոչնչացվում են ազգային արժեքները, հոգևոր սյուները։

Էֆթանազիան գիտե՞ք ինչ բան է։ Շատերը դա գթասրտություն են անվանում, որ մարդուն հեշտ մահվան են տանում։ Հիմա մենք էֆթանազիայի փուլում ենք։ Մեզ դանդա՜ղ մարում են։ Ամեն մեկը , ում դեռ կրակը չի մոտեցել, մտածում է՝ մինչև իրեն հասնի՜, դեռ շատ ժամանակ կա։ Սա հարմարվողականություն ներարկելու, ապագայի ձգտումը սպանելու ամենակարճ ճանապարհն է։

Հայաստանում աշխատում են Արցախի մեթոդով, որովհետև այդ ծրագիրն այնտեղ լավ ու հարթ աշխատեց։ Ցանկացած արցախցու հարցրեք, ասում են, Հայաստանում ամեն ինչ կատարվում է այնպես, ինչպես սկզբնական շրջանում կատարվում էր Արցախում։ Ես չեմ ասում, որ հանրությունը մինչև վերջ լուռ է մնալու, բայց երբ ընդդիմանա, շատ թույլ է լինելու․․․ Ընդդիմադիր գործիչների ձերբակալություն է սկսված, նրանց կողքին քչերն են կանգնում։ Մտածում են՝ հերթը իրենց չի հասնելու։ Բայց ասեմ, որ երբ հեղեղ է սկսվում և առաջին գծում կանգնածներին քշում- տանում է, վերջում կանգնածները պիտի մտածեն, որ պատնեշ դնեն, որ իրենց էլ չքշի։