Ինտեգրացիային մարդկանց սովամահ անելո՞վ են ուզում հասնել․ Ռոբերտ Ղուկասյանը՝ դեսպաններին

Ինտեգրացիային մարդկանց սովամահ անելո՞վ են ուզում հասնել․ Ռոբերտ Ղուկասյանը՝ դեսպաններին

Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն երրորդ օրն է՝ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա: Այժմ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորում են։

Հիշեցնենք, առաջին իսկ պահից, ԵՄ դիտորդները նույնպես այստեղ են։ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նույնպես այստեղ են։ Ներկաները այժմ լուսանկարահանումներ են իրականացնում:

«Տեսեք, այնտեղ քաղցած են մարդիկ, քաղցած են երեխաները: Ես տեղեկացել եմ, որ կա արձագանք Ադրբեջանի կողմից, խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց այդ ինտեգրացիան արդյոք սովամահության հասցնելու ճանապարհո՞վ են ուզում հասնել: Դա կարծում եմ՝ անընդունելի է բոլորիս համար, դա ճանապարհ չէ, մարդիկ սոված են: Այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն»,- դիմելով դեսպաններին քիչ առաջ ասաց Ռոբերտ Ղուկասյանը։