ՊԵԿ պարզաբանումը՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման վերաբերյալ

ՊԵԿ պարզաբանումը՝  ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման վերաբերյալ

«ՆԻՉ» ՍՊԸ–ի տնօրեն Դավիթ Խոսրովյանի ֆեյսբուքյան հրապարակման առնչությամբ ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ անկախ տվյալ պարագայում հանրախանութի դրամարկղի մոտ սպասողների քանակից և իրավիճակի «խառնաշփոթից», անկախ առևտրի գումարի չափից, գնում իրականացրած աշխատակցի հեռանալուց հետո, մինչ տեսուչների մուտք գործելը, խանութի աշխատակիցը պարտավոր էր տպել ՀԴՄ կտրոնը: 

Ինչ վերաբերում է «մշտապես ՀԴՄ կտրոն տրամադրող խանութ» լինելու պնդմանը, ապա դրանում համոզվելու ՊԵԿ-ի գործիքներից մեկն էլ հենց հսկիչ գնում իրականացնելն է, և տվյալ դեպքում որևէ նշանակություն չունի գնված ապրանքի դիմաց վճարված գումարի չափը: Տեսագրության առնչությամբ հարկ ենք համարում նկատել, որ ազնիվ կլիներ հրապարակման պարագայում հանրայնացնել նաև տեսագրության շարունակությունը, որտեղ տեսանելի է դառնում, թե  խանութի աշխատակցուհին  ցանկության դեպքում, իհարկե, որքան ժամանակ ուներ կտրոնը տպագրելու համար: Այդ գործընթացը տևել է շուրջ 6-7 րոպե, և, այստեղ խոսքը գնում է  ՀԴՄ կտրոնը չտպագրելու, այլ ոչ թե այն քաղաքացուն չտրամադրելու մասին:

Նշենք նաև, որ կազմակերպության տնօրեն Դավիթ Խոսրովյանը 27.05.2019թ.-ին հաշվապահական ընկերության աշխատակցի հետ ներկայացել է ՀՀ ՊԵԿ ՓՀՎ ՀՏ վարչության  թիվ 6 /Շենգավիթի/ բաժին, ծանոթացել ստուգման հանձնարարագրին, ստորագրել և ստացել մեկ օրինակը, սակայն այդ պահին որևէ արձանագրության ծանոթանալուց և ստորագրելուց հրաժարվել է պատճառաբանելով, որ կներկայացնի համապատասխան  առարկություններ: