Ախուրյանում կրքերը թեժացել են․ ՔՊ-ին հաջողվեց ավագանի փախցնել

Ախուրյանում կրքերը թեժացել են․ ՔՊ-ին հաջողվեց ավագանի փախցնել

Ավելի վաղ գրել էինք, որ Ախուրյանի ավագանու վերջին նիստը չկայացավ, իսկ ավագանու անդամները հրաժարվեցին մեկնաբանել, թե ինչու չկայացավ նիստը, որն աննախադեպ էր լինելու, քանի որ դրվելու էր համայնքապետ Արծրուն Իգիթյանի անվստահության հարցը։ Ուշագրավ է, որ նախաձեռնության հեղինակները հենց համայնքապետի թիմակիցներն էին՝ «Ախուրյան» ու «Հաղթանակ» դաշինքների ավագանու անդամները, որոնք  շաբաթներ առաջ ստորագրահավաք էին կազմակերպել եւ մտադիր էին առաջիկա նիստին ՀՅԴ-ական համայնքապետին անվստահություն հայտնել՝ համայնքապետի պաշտոնում առաջադրելով  մեկ այլ ՀՅԴ-ականի՝ փոխհամայնքապետ Կարեն Արշակյանի թեկնածությունը: Իգիթյանի թիմակիցները սցենար էին մշակել նրան անձեռնմխելի դարձնելու համար:

ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ Իգիթյանին անվստահություն հայտնելուց հետո, դեմ են քվեարկում Կարեն Արշակյանին, որից հետո Իգիթյանը կշարունակի պաշտոնավարել ևս մեկ տարի։ Սակայն մինչ գործող համայնքապետի թիմակիցները նրան անձեռնմխելի դարձնելու պլան են մշակում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործուն քայլեր է ձեռնարկում․ օգտվելով ՏԻՄ օրենքի 68 հոդվածի 3-րդ կետից, նրանք նույնպես առաջադրել են իրենց  համայնքապետի թեկնածունին՝ Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ-ական անդամ Զավեն Մանուկյանին: ՔՊ-ականները համայնքում իշխանափոխության են գնում, ինչին ձգտում էին Արծրուն Իգիթյանի ընտրվելու պահից, սակայն չէին հաջողում։

Հիշեցնենք, որ Իգիթյանը համայնքապետ ընտրվեց մեկ ձայնի առավելությամբ։ Ու չնայած Արծրուն Իգիթյանի՝ օրերս արված հայտարարությանը, թե «Ախուրյան» դաշինքի կոալիցիոն 14 ավագանու անդամները միաբան են և անփոփոխ, տեղեկացանք, որ երեկ համայնքապետ Արծրուն Իգիթյանին թիմը լքելու դիմում են ներկայացրել ավագանու 3 անդամ՝ Սամսոն Հովհաննիսյանը, Արիստակես Չալոյանը եւ Մանուկ Առաքելյանը։ Մեր աղբյուրը վստահեցրեց, որ նրանք ոչ թե մանդատն են վայր դնում, այլ ցանկություն են հայտնել գործել  որպես անկախ ավագանի՝ չհարելով որևէ քաղաքական ուժի:

Մեր զրուցակցի կարծիքով՝ ՔՊ-ին, ամենայն հավանականությամբ, հաջողվել է  ավագանու այդ երեք անդամներին անել իրենցով։ Սա նշանակում է, որ ավագանու նիստին, երբ դրվի համայնքապետի անվստահության հարցը, Արծրուն Իգիթյանն այլևս համայնքապետ չի  լինի, քանի որ ՔՊ-ի թեկնածուին բավարար չափով ձայներն արդեն իսկ ապահովված են՝ շնորհիվ այդ երեքի։ ՔՊ-ին հաջողվեց անել այն, ինչ չէր հաջողվում մինչ այս․ ստացվում է՝  կարողացան իշխող ուժից ավագանի փախցնել, որին լծվել էին վերջին շրջանում։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում անցկացված ավագանու ընտրությունների արդյունքում «Ախուրյան» դաշինքը ստացել էր 3854, «Հաղթանակ» դաշինքը՝ 2810, իսկ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ 6195 ձայն: Օրենքի սահմաններում, երկու ընդդիմադիր դաշինքները միավորվել եւ իրենց վստահված 6664 ձայներով ստանձնել են Ախուրյանի կառավարումը: