Երեւանն ու Բաքուն տրամադրված են լարվածության լիցքաթափմանը․ Միխայիլ Նեյժմակով

Երեւանն ու Բաքուն տրամադրված են լարվածության լիցքաթափմանը․ Միխայիլ Նեյժմակով

Ադրբեջանական մամուլում շարունակվում են Փաշինյան-Ալիեւ վերջին հանդիպման եւ այս համատեքստում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հնարավոր տեղաշարժերի առնչությամբ քննարկումներն ու արծարծումները։ Ընդ որում, հիմնական տեսակետ արտահայտողները ռուսական փորձագիտական-վերլուծական շրջանակներից են։ OXU.az-ն այս անգամ էլ թեմայի շուրջ զրուցել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Նեյժմակովի հետ։ Անդրադառնալով տեղի ունեցած վերջին հանդիպումներին, սկսած Միլանում ԱԳ նախարարների մակարդակով, մինչեւ վերջին հանդիպումը՝ պետությունների առաջին դեմքերի հանդիպումը, Նեյժմակովը նշել է, որ սովորաբար մասշտաբային տեղաշարժերի նախապատրաստությունը բանակցություններում, ուղեկցվում է զգուշավոր հայտարարություններով, ինչպիսիք կարելի են համարել նաեւ Փաշինյանի եւ Ալիեւի զուսպ մեկնաբանությունները Դավոսյան հանդիպումից հետո։ «Կողմերի հունվարյան շփումները իրապես բավական արդիական դարձրեցին նման տեղաշարժերի սպասումները։ Ավելին, ԵԱՀԿ ՄԽ հունվարյան բանակցությունների արդյունքում արված հայտարարությունները, բանակցություններ, որոնք տեղի ունեցան Փարիզում, կապված ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտության եւ ռեգիոնի տնտեսական պոտենցիալի իրացման հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման կարեւորության հետ հիմք են տալիս նման կանխատեսումներ անելու։ Հիշենք, որ 2018-ի հունվարին Կրակովում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո արված հայտարարության մեջ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր տակտիկական խնդիրներին, ինչպես օրինակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնումը, շփման գծում իրադրության մոնիթորինգը եւ այլն։ Հիմա կարելի է ասել, որ Երեւանն ու Բաքուն գնում են իրադրության լիցքաթափման»,- նկատել է ռուսաստանցի փորձագետը։