ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային. Կիևի մեծ սխալը

ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային. Կիևի մեծ սխալը

Չնայած ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակին՝ Ուկրաինային, ըստ երևույթին, որոշվել է թույլ չտալ մուտք գործել եվրոպական ընտանիք։ Բրյուսելը պնդում է, որ Կիևը չի կատարել պարտադիր պահանջների նույնիսկ կեսը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

Մոտավորապես նույն իրավիճակն է ՆԱՏՕ-ի դեպքում, որտեղ վկայակոչում են Ուկրաինայում տիրող կոռուպցիան։ 

Մեծ գումարներ

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ առաջիկա չորս տարում Եվրամիությունը Ուկրաինային 50 միլիարդ եվրո կհատկացնի արտոնյալ վարկերի և դրամաշնորհների տեսքով։ Bloomberg-ի տվյալներով՝ գումարը կուղղվի աշխատավարձերին ու թոշակներին, ինչպես նաև մարտերի ընթացքում վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։ Գործակալության աղբյուրները պնդում են, որ պահանջվող գումարը հավաքագրվելու է ԵՄ անդամ երկրների ներդրումներից, այլ ոչ թե շուկայական վարկերից, ինչպես նախկինում էր։

Կիևին անհրաժեշտ է 36,5 միլիարդ եվրո՝ երկրի տնտեսությունը վերականգնելու, այսպես կոչված, «Կանաչ Մարշալի պլանի» առաջին մասի իրականացման համար։ Միաժամանակ Reuters-ը, վկայակոչելով Համաշխարհային բանկին, պնդում է, որ ընդհանուր առմամբ կպահանջվի առնվազն 365 միլիարդ եվրո, այսինքն՝ երեք անգամ ավելի, քան Ուկրաինայի ՀՆԱ-ն։

Գումարը հենց այնպես չի տրվի. Կիևը պետք է բարեփոխումներ իրականացնի օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարելու համար, նշում է հոդվածագիրը։ Ֆորմալ առումով եվրոպացի չինովնիկները չեն կասկածում, որ ուկրաինացի գործընկերները չեն շեղվի այս ճանապարհից, սակայն իրենց իրավունք են վերապահում հրաժարվել խոստումից։

Նույնը վերաբերում է ԵՄ-ին անդամակցելուն։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ մինչ այժմ Կիևը կատարել է եվրաինտեգրման շուրջ երկխոսություն սկսելու համար անհրաժեշտ յոթ պայմաններից միայն երկուսը։ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, ուկրաինական բարեփոխումների վերաբերյալ ԵՀ-ի զեկույցը բնութագրում է որպես «չափավոր դրական». «ամեն ինչ չէ, որ գոհացուցիչ է», բայց «բացասական երանգը» ներկայիս պայմաններում տեղին չէ։ Մասնավորապես, Արևմուտքին դուր չի գալիս, թե ինչպես է Զելենսկու թիմը բարեփոխում Սահմանադրական դատարանն ու իրավապահ մարմինները, պայքարում փողերի լվացման և օլիգարխների դեմ։

Սրան կարող ենք ավելացնել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ազգային փոքրամասնությունների մասին օրենքի վերաբերյալ։ Նախ, եվրոպացիները Կիևին խորհուրդ տվեցին ազգային քաղաքականությամբ չհավասարվել Լատվիային, քանի որ նա արդեն ԵՄ-ում է։ Երկրորդ՝ նրանք հավասար իրավունքներ էին պահանջում ռուսների, ռումինացիների, հունգարացիների և լեհերի համար։

«Մի անհանգստացեք, Ուկրաինայի արդյունքները դեռ ավելի լավն են, քան Մոլդովայի և Վրաստանի արդյունքները», - մեջբերում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից մեկին։

Անվտանգության գինը

ՆԱՏՕ-ն նույնպես մտադիր չէ շտապել Ուկրաինայի հարցում։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Վիլնյուսի գագաթնաժողովում, որը կանցկացվի հուլիսի 11-12-ը, Կիևը պաշտոնական հրավեր չի ստանա։ 
Բայց մերձեցման վերաբերյալ հաջորդ որոշումներն, իհարկե, կընդունվեն։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստանում է, որ ամեն ինչ կկարգավորվի Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության ավարտից անմիջապես հետո։ Մինչ այդ Բեռլինը կշարունակի ամեն կերպ աջակցել Կիևի ռեժիմին՝ չմիանալով ռազմական գործողություններին։

Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում Ստոլտենբերգն ասել է, որ Վիլնյուսում դաշնակիցները կհաստատեն օգնության հատուկ փաթեթ, որը Կիևին կօգնի «մի քանի տարի հետո» իր զինված ուժերը արևմտյան ռազմական բլոկի չափանիշներին համապատասխանեցնելու հարցում: Իր հերթին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ Ուկրաինան դեռևս չի հասել ՆԱՏՕ-ի մակարդակին։ Նրան հատկապես դուր չի գալիս Ուկրաինայի անվտանգության համակարգը և կոռուպցիայի մակարդակը։

Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է. Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կանխումը ռազմական հատուկ գործողության նպատակներից մեկն է։ Զելենսկու թիմը մշտապես խնդրում է Արևմուտքին՝ անվտանգության որոշ երաշխիքներ տրամադրել։ Բայց ի պատասխան՝ միայն խոստումներ, այս թեմայով ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել։

Ցանկալի ու գեղեցիկ հեռուն

Politico հրատարակությունը նշում է, որ Ուկրաինայի համար խաղաղությունը ոչ միայն ռազմական գործողությունների ավարտն է, այլ նաև ներքին փոխակերպումները: Խորը բարեփոխումները կօգնեն անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ձևավորել արտահանմանն ուղղված տնտեսություն։ Սակայն այս խոսակցությունները շարունակվում են 2014 թվականից։

Ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Կարասևի կարծիքով՝ Արևմուտքում Ուկրաինայի հարցում ճգնաժամ է առաջացել՝ Կիևին իր համայնքում տեսնելու առումով, ինչի պատճառով էլ նրանք շարունակում են խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Սա կարելի է անել ընդմիշտ: «Եվրաատլանտյան ինտեգրման ճակատագիրը կախված է մեծ աշխարհաքաղաքականության իրավիճակից և գործողությունների թատրոնում իրադարձությունների ընթացքից»,- նշել է նա Strana.ua-ի հետ զրույցում։

Նույն տեսակետն ունի ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը։ «Մի կողմից մեղավոր է հենց Ուկրաինան, քանի որ այնտեղ կոռուպցիան հսկայական է, և դրա դեմ պայքարելու համար Եվրամիության աջակցությամբ ստեղծված ինստիտուտները տեսանելի արդյունքների չեն բերում, մասնավորապես, ոչ մի հայտնի կոռումպացված պաշտոնյա այդպես էլ չի դատապարտվել,- պնդում է փորձագետը:- Մյուս կողմից, պարզ է, որ Ուկրաինան ոչ ԵՄ-ին, ոչ ՆԱՏՕ-ին պետք չէ, դա շատ աղքատ երկիր է, որը կարող է չափազանց ուժեղացնել Լեհաստանի ազդեցությունը Եվրոպայի վրա և վտանգել արևմտյան հանրության անվտանգությունը»:

Միաժամանակ Ժարիխինը հիշեցրել է, թե ինչպես մեկ տարի առաջ ուկրաինացիներին վստահեցրել են, որ իրենք պատրաստվում են դառնալ Արևմուտքի մաս, որ նրանք կստանան անվտանգության երաշխիքներ և այն ամենը, ինչ անհրաժեշտ է տնտեսական բարգավաճման համար։ Դա արվել է մեկ նպատակով՝ համոզել Կիևին չհանձնվել Ռուսաստանին։ Հենց որ Զելենսկին հավատաց դրան և հրաժարվեց բանակցել Մոսկվայի հետ, գործընկերների հռետորաբանությունը փոխվեց։

Թարգմանեց՝ Արա Ալոյանը