Ամբողջ գիշեր հարցազրույցներ ենք տվել ռուսական մամուլին. Արշակ Աբրահամյան

Ամբողջ գիշեր հարցազրույցներ ենք տվել ռուսական մամուլին. Արշակ Աբրահամյան

Երեկ երեկոյից Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ Ենթադրվում է, որ ադրբեջանցիները փական են դրել գազատարի վրա, որ երբ ուզենան բացեն-փակեն գազի հոսքը դեպի Արցախ։

Hraparak.am-ը զրուցել է «Արարատ» հայ-ռուսական տարածաշրջանային ժողովրդավարության զարգացման կենտրոնի Ստեփանակերտի ներկայացուցչության ղեկավար, Արցախի «Արդարություն» կուսակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկելու կարգավորելու համար գազի խնդիրը։

«Այո, երեկ գիշերվանից երբ արդեն Արցախի տարբեր բնակավայրերում սկսվեցին անջատումները, ես դրա մասին անմիջապես տեղեկացրեցի Մոսկվա` կազմակերպության ղեկավար պարոն Առաքելյանին։ Գազամատակարարման դադարեցման հետևանքով, ազգաբնակչությունը մասսայական սկսում է օգտագործել էլեկտրաէներգիա, որը տվյալ պարագայում սկսում է խափանումներով աշխատել, որովհետև գեներատորները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը։ Եվ նման պայմաններում շատ հաճախ բնակիչները հայտնվում են այնպիսի պայմաններում, որ չկա ոչ՛ գազ, և ո՛չ էլ էլեկտրաէներգիա»,- մեզ հետ զրույցում ասաց, Արշակ Աբրահամյանը։ 

Վերջինիս խոսքով, ողջ գիշերվա ընթացքում էլ «Արդարություն» կուսակցության պատգամավորները, կուսակցության ղեկավարը հարցազրույցների տեսքով տեղյակ են պահել ռուսական մամուլին՝ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին։

«Անում ենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացնենք Արցախի վրա,-ասաց Արշակ Աբրահամյանը։