Բռնանում են անգամ այն մարդկանց կամքի վրա, որոնք քվեարկել են իրեն իշխանության բերելու համար

Բռնանում են անգամ այն մարդկանց կամքի վրա, որոնք քվեարկել են իրեն իշխանության բերելու համար

«Իշխող վարչախումը այսօր ներկայացված չէ այս դահլիճում, թեև առերևույթ իշխանության է ժողովրդավարական ճանապարհով, սակայն իր գործողություններով շարունակաբար  այդ ժողովրդավարության բուն հիմքերն է ոտնահարում։ Կլինի դա իշխանության տարանջատման, դատական համակարգի անկախության, մարդու իրավունքների պաշտպանության, թե նմանատիպ այլ հարցերում, ամենուր  գործող իշխանությունը փորձում է վեր դասել իրեն սահմանադրությունից և օրենքներից և իր կամքը պարտադրել մեր պետությանն ու քաղաքացիներին, ըստ էության, իրեն փոխարինելով պետության հետ»։ Այս մասին քիչ առաջ «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ իր ելույթում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Այստեղ առավել աղետալին Սահմանադրության բուն հիմքերի և մեր անկախության հռչակագրում ամրագրած հիմնարար ազգային  նպատակների շարունակական ոտնահարումն է, ներառյալ ողջ հայության ազգային պետության կառուցման, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում։

Իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր  ձախողումները,  հրաժարվել է  մեր անկախության և սահմանադրական կարգի այս հիմնաքարերից՝ չունենալով սակայն դրա ոչ հանրային մանդատը, փաստացի բռնանալով  սեփական քաղաքացիների հավաքական քաղաքական կամքի վրա, ներառյալ նաև այն քաղաքացիների, որոնք քվեարկել են իրեն իշխանության բերելու համար։

Արդյունքում այսօր ունենք իրավիճակ, երբ իշխող վարչակարգի վարած քաղաքականությունը բերել է  Արցախի հայաթափմանը, տասնամյակներով ձևավորած պետական կառույցի փաստացի կազմալուծմանը։ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը  պրակտիկորեն մոռացության է մատնված ՀՀ կողմից, բազաթիվ սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան արգելված է, իսկ հայաստանաբնակ   բազմաթիվ գործիչներն էլ հայտնվել են բանտերում այս նույն օրակարգի համար պայքարելու համար, ավելին՝  Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի տարբեր հատվածներ այսօր օկուպացված են, դրանք  ազատագրելու սեփական սահմանադրական պարտքը կատարելու փոխարեն այս իշխանությունը շարունակում է  խոսել նոր տարածքային զիջումներից, որպեսզի  երկիրը վերածի ինչ-որ անհասկանալի «խաղաղության» խաչմերուկի»,- պնդեց Չալաբյանը։