Որ բժշկական ծառայություններն են հաշմանդամների համար անվճար

Որ բժշկական ծառայություններն  են հաշմանդամների համար անվճար

«ՀՀ-ում  հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ պետությունը երաշխավորում է հաշմանդամների սոցիալական օգնությունը, որը կարող է իրականացվել դրամական վճարումների (կենսաթոշակներ, նպաստներ, միանվագ վճարումներ) ձևով, տեխնիկական և այլ միջոցների ապահովմամբ (ներառյալ ավտոմեքենաներ, թիկնասայլակներ, պրոթեզաօրթոպեդիկ սարքեր, հատուկ տառատեսակներով տպագիր արտադրանք, ձայնի ուժեղացուցիչ սարքավորումներ և ազդանշանային համակարգեր), ինչպես նաև հաշմանդամների կենցաղային սպասարկման և բժշկական, մասնագիտական սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրմամբ:

«ՀՀ-ում  հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում: 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները ըստ դեղատոմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները` 50 տոկոս զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից: Հաշմանդամները իրավունք ունեն ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ:

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման մասին» ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք ունեցող՝ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը, որում ներառված են նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։ Վերջիներս կարող են օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված բժշկական օգնության և սպասարկման, ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ու «Ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում» ծրագրի շրջանակներում իրականացվող ծառայությունների տեսակների։

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման մասին» ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված է նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակները`

վերակենդանացման միջոցառումներ,

տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ,

ծննդօգնություն,

հեմոդիալիզի ծառայություններ.

Բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց անվճար տրամադրվում են նաև պետության կողմից երաշխավորված դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ։

Հարգեի քաղաքացի պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակներին մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ ուսումնասիրելով «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման մասին» ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշումը։