Ռուս սահմանապահները փախստականների հետ «մութ գործարքի» մե՞ջ են․ ի՞նչ է որոշել Ֆինլանդիան 

Ռուս սահմանապահները փախստականների հետ «մութ գործարքի» մե՞ջ են․ ի՞նչ է որոշել Ֆինլանդիան 

Ֆինլանդիայի իշխանությունները պատրաստվում են փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող հսկիչ-անցակետերը՝ փախստականների անվերահսկելի հոսքի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Մարի Ռանտանենը, գրում է Yle պորտալը։

«ՆԳՆ-ն առաջարկություն է պատրաստում, ըստ որի՝ սահմանային անցակետերը կփակվեն կամ կսահմանափակվի դրանց աշխատանքը։ Գործող օրենսդրությունը դա թույլ է տալիս»,- ասել է Ռանտանենը: 

Նրա խոսքով, դա թույլ կտա «պայքարել հասարակական կարգի, ազգային անվտանգության կամ հանրային առողջության լուրջ սպառնալիքի դեմ»։

Նման մտահոգությունները կապված են Ֆինլանդիայի հարավ-արևելյան սահմանի հատումների զգալի աճի հետ և հաճախ ներառում են անօրինական միգրացիա, երբ մարդիկ սահման են հասնում առանց փաստաթղթերի: 
Խոսքը հիմնականում Սոմալիի, Եմենի, Սիրիայի և այլ երկրների փախստականների մասին է, որոնք փորձել են հատել սահմանը Ռուսաստանի տարածքից։

Միաժամանակ, Ֆինլանդիայի իշխանությունները կարծում են, որ դա կարող է լինել Ռուսաստանի կողմից ծրագրված արշավ։ Նշվում է, որ ռուս սահմանապահները թույլ են տալիս փաստաթղթեր չունեցող անձանց մուտք գործել Ֆինլանդիա իրենց անցակետերով, թեև չպետք է դա անեն, և նույնիսկ օգնում են ապաստան հայցողներին հասնել սահման։